2021.05.14,

Նյուսրում

Հեռուստատեսային թոփ տասնյակները․ լուրեր, թոք շոուներ, սերիալներ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2021թ․-ի երեք ամիսների հեռուստավարկանիշային տասնյակները, որոնք ամփոփել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը(ՀՌՀ), մի քանի հետաքրքիր դիտարկումների առիթ են։

Լրատվական թողարկումները որպես առանձին տեղեկատվական միավոր ունեն իրենց տրամաբանությունը։ Դրանք նայելով՝ դիտողը պետք է քիչ թե շատ ամբողջական պատկեր կազմի օրվա իրադարձությունների մասին։ 

Դա թերևս միակ նպատակն է, քանի որ առանձին ռեպորտաժներն ու սյուժեները կարող են լինել թույլ, անհետաքրքիր, անգամ կողմնակալ, դիտվել հաճույքով կամ չդիտվել բարկությամբ, բայց պատկերը պետք է առավել մոտ լինի իրականությանը։ Որ հավելյալ կարիք չծագի այցելելու ուրիշ լրատվամիջոցներ ու տեսնել, թե ինչ է բաց թողնում այն կամ այն ալիքը։

Եվ ուշագրավ է, որ բարդագույն (հետպատերազմյան ու նախընտրական) ժամանակ, լսարանը գերադասում է դիտել «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական թողարկումը։ Երկրորդ տեղում «Շանթի» լուրերն են, երրորդում՝ Հանրայինի։

Ընդ որում՝ «Արմենիայի» «Ժամը» զգալի առաջատար է։ Եվ այդպես է բավականին երկար ժամանակ։ Միգուցե այդ ալիքի զուսպ (դեռևս զուսպ) ոճն ու մեծ հաշվով՝ չեզոք (դեռևս չեզոք) դիրքավորումը հիմա ավելի մեծ պահանջարկ ունեն, քան կրքոտ ու հայհոյախառն ոճով կառուցվող լրատվական թողարկումները այն ալիքների, որոնք քաղաքական խնդիր են լուծում։

Թոք շոուների, քաղաքական ու սոցիալական ուղղվածություն ունեցող հաղորդումների ցանկում ամենից բարձր վարկանիշներն ունեն Պետրոս Ղազարյանի վարած երկու հաղորդումները՝ Հանրայինում։ Նաև մեծ լսարան է ունեցել Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզի» եթերում։ 

Այս տասնյակում իրար հետ մրցում են հենց «Արմնյուզն» ու Հանրայինը՝ երկու ծայրահեղ տարբեր մոտեցմամբ ու հյուրերի ընտրությամբ։ Դրանք երկու բևեռ են, որոնք թերևս բավարարում են հասարակությանը՝ տեսնելու համար, թե ովքեր են այդ բևեռներում։

Մյուս ալիքների թոք շոուները, որոնք հավակնում են բարձր դիտելության, այս պահին տեղ չունեն այս ժանրի հաղորդումների տասնյակում։

«Արմենիան» իր խմբագրական քաղաքականությունը կառուցում է առանց քաղաքական քննարկումների, փոխարենը ամբողջովին ծածկում է հումորային, ժամանցային հաղորդումների պահանջն ու նաև առաջատար է սերիալների վարկանիշային տասնյակում։

Սերիալների արտադրությամբ ավանդապես մրցակցում են երկու ալիք՝ «Արմենիան» և «Շանթը»։ Նույնն էլ երաժշտական ու երաժշտա-ժամանացային հաղորդումների դեպքում է։ 

Իսկ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրությամբ առաջատար են «Արմենիան» (հայկական ֆիլմերով) և Հանրայինը (միջազգային բլոքբաստերներով)։ 

Հետաքրքիր է նաև, որ ցուցադրվող ֆիլմերի ու սերիալների որակյալ ցանկ ունի «Հինգերորդ ալիքը», բայց այն տեղ չունի տասնյակում։ Թերևս պատճառն այն է, որ Հայաստանում հեռուստաընկերությունը ընկալվում է որպես առաջին հերթին քաղաքական միավորում, որը շեշտադրում է իր հստակ քաղաքական դիրքորոշումը՝ բողոքական լրատվական օրակարգ ստեղծելով։ 

Եվ լսարանը դա նկատելով կա՛մ շրջանցում է այդ ալիքի որակյալ ընտրությունը, կա՛մ դա չի որոնում եթերում, եթե հյուր է գալիս այդ ալիք որպես կոնկրետ ուղղվածություն ունեցող քաղաքական լուրերի սպառող։

ՀՌՀ-ն իր տասնյակները ներկայացնում  է թեմատիկ բաժանումով։ 

Եվ ստացվում է, որ մանկական ծրագրերի, հաղորդումների ու մուլտֆիլերի ցանկում դիտվել են բացառապես համաշխարհային արտադրության անիմացիոն ֆիլմեր։ Այսինքն, այստեղ տեղ չունեն հաղորդումներն ու ծրագրերը, միայն ոչ սեփական արտադրության մուլտֆիլմեր են։ Իսկ առաջին տեղում կեսդարյա պատմություն ունեցող «Ну, погоди»-ն է, որի ցուցադրությամբ էլ «Շանթը» դարձել է առաջատար։ 

Հայաստանում հեռուստավարկանիշները չափում է «Ադմոսֆեր» (Admosphere – Armenia) ընկերությունը, որի տվյալների հիման վրա ՀՌՀ ներկայացրել է այս գրաֆիկները։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *