2021.05.03,

Նյուսրում

2021-ին տեղեկատվությունը հռչակվում է հանրային բարիք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մայիսի 3-ին նշվում է մամուլի ազատության միջազգային օրը, սկսած 1993 թվականից։ 

Այդ օրն ընդգծում է իրազեկված հասարակություն ունենալու կարևորությունը, իսկ կառավարություններին հիշեցնում մամուլի ազատությունն և ազատ արտահայտվելու իրավունքները հարգելու և աջակցելու իրենց պարտավորության մասին (որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածով)։

Միացյալ ազգերի կազմակերպությունն այդ օրը ընտրում է մեկ առանցքային թեմա, որի շուրջ էլ տեղի են ունենում հիմնական համաժողովն ու տարբեր միջոցառումներ։ Թեմանեերի ընտրության հիմք են մեդիայի և իշխանությունների հարաբերությունների ուսումնասիրություններն ու մշտադիտարկումները։ 

2021-ի թեման է «Տեղեկատվությունը որպես հանրային բարիք»: Այն հորդոր է հաստատելու և փայփայելու տեղեկատվությունը որպես հանրային կյանքի կարևոր բաղադրիչ, հետևաբար նաև՝ որպես բարիք։ 

Եվ ինչպես ցանկացած հանրային բարիք այն կարիք ունի հանրային աջակցության և հոգածության։ «Այդ համատեքստում տեղեկատվությունը օգնում է առաջ տանել հավաքական սպասելիքները և հանդիսանում է հիմնաքար՝ գիտելիքի կառուցման համար»,- ասված է ՄԱԿ-ի տարեկան զեկույցում։

Ընգծելու համար տեղեկատվության կարևորությունը օնլայն տիրույթում, ՄԱԿ-ը առանձնացրել է երեք կարևոր ենթաթեմաներ․

1. Քայլեր, որոնք կապահովեն լրատվական մեդիայի տնտեսական կենսունակությունը։

Ինտերնետ ընկերությունների մրցակցությունը, մեդիայում գովազդի նվազումն ու ֆինանսական խնդիրները այն մարտահրավերն են, որոնք մեդիային դարձրել են խոցելի։ 

Զեկույցում ասվում է, որ երբ վտանգված է մեդիայի տնտեսական անկախությունը, դա ազդում է նաև խմբագրական անկախության վրա, քանի որ մեծանում է կառավարության, գովազդատուների կամ մեդիա սեփականատերի միջամտության և վերահսկողության տակ հայտնվելու ռիսկը։ 

Եվ եթե կա հանրային ներգրավվածություն մեդիայի տնտեսության մեջ, առաջանում է հստակ երաշխիքների կարիք, որ ներդրվող գումարը չդառնա գործիք՝ մի դեպքում պարգևատրելու, իսկ մյուս դեպքում՝ պատժելու։

2.Մեխանիզմներ, որոնք կապահովեն ինտերնետային ընկերությունների թափանցիկությունը։

Ինտերնետային ընկերությունները՝ սոցիալական մեդիա հարթակները, հաղորդակցման և որոնողական ծառայություն մատուցողները շարունակաբար քննադատվում են՝ շահույթ ստանալու համար այն բովանդակության հոսքերից, որտեղ մեծ ծավալ է կազմում ապատեղակատվությունը։ Կամ բովանդակությունը, որը վնասում է մարդու իրավունքներին։

Եվ քանի որ լրագրության գոյությունը միջնորդավորվում է այդ ընկերություններով, առաջանում է բիզնեսի թափանցիկության պահանջ։ Հիմա շատ ինտերնետային հսկա ընկերություններ ոչ թափանցիկ են, ինչը թույլ չի տալիս մշակել ու զարգացնել պատասխան տեղեկատվական քաղաքականություն։

Թվային տրանսֆորմացիաները փոխում են մեր ամենօրյա սովորությունները, և շատերս անտեսում ենք, թե ինչպիսի ներքին կանոններով ու ալգոռիթմերով են աշխատում ինտերնետային ընկերությունները, ինչ են անում անանուն տվյալների հետ։ 

Բացի այդ՝ շատ օնլայն հարթակներ իրենք են դառնում ապատեղակատվության ու ատելության խոսքի տարածողներ՝ աննախադեպ արագությամբ ու ծավալի։ Այդպիսին է նրանց բիզնես մոդելը, որը միտված է գրավելու ու պահպանելու օգտատերերի ուշադրությունը՝ թիրախավորված գովազդի միջոցով։

Քննադատության այլ առիթ են ինտերնետ ընկերությունների ազդեցությունը ընտրությունների վրա, երբ փորձ է արվում քարոզել այս կամ այն թեկնածուի օգտին։ Նաև տարածել թշնամանք, դավադրության տեսություններ, բռնության կոչեր։

Այս իրավիճակում՝ լրատվամիջոցների բովանդակությունը չի համարվում եզակի արտադրանք կամ ունիկալ աղբյուր՝ խառնվելով ինտերնետ ընկերությունների ստեղծած տեղեկատվական հոսքերին։

Ապատեղեկատվությունը և ատելության խոսքը չափազանց բարդ և դժվար  ֆենոմեն են, որը չեն կարող լուծել միայն պետական կառույցները։ Հարկավոր է համագործակցություն տարբեր կողմերի՝ ակադեմիական, քաղաքացիական հասարակության, փաստերի ստուգողների և մեդիա արտադրողների։ 

Թափանցիկության գաղափարը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ինտերնետային ունիվերսալության հայեցակարգի անբաժանելի մաս է։ Առանց թափանցիկության, առանց օնլայն տարածքում մարդու իրավունքների հարգանքի (համադրմամբ ու մոդեռացիայով) կարող են տեղի ունենալ չարաշահումներ և խախտումներ, որոնք նույնիսկ չեն էլ գիտակցվի կամ փոխհատուցվի: 

ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ թվային էկոլոգիան, որը բաց չէ բոլորի համար, կարող է հանգեցնել քողարկված գերակայության և տվյալների չնախատեսված օգտագործման, նաև թաքցնել ալգորիթմների արդյունքը, ինչը բացասական հետևանք կթողնի մարդու իրավունքների վրա։

3.Մեդիա և տեղեկատվական գրագիտության կարողությունների ընդլայնում, ինչը կօգնի մարդկանց՝ ճանաչել և գնահատել,  նաև պաշտպանել և պարտադրել, որ լրագրությունը ընկալվի որպես կյանքի համար կարևոր տեղեկատվության մաս, որպես հանրային բարիք:

Տեղեկատվության և ապատեղեկատվության աննախադեպ հոսքերի, զվարճանքի, տվյալների և այլ տեսակի բովանդակություն սպառելով, մարդիկ ենթարկվում են ռիսկի՝ մոլորեցվելու և մանիպուլացվելու։ Մասնավորապես, ալգորիթմների անհատականացված թիրախավորման միջոցով։

Մեդիա և տեղեկատվական գրագիտության (MIL) հմտություններն օգնում են զարգացնել քննադատական մտածողությունը, անել հիմնավորված դատողություններ և կայացնել որոշումներ։ 

Դրանք գործիք են, որի միջոցով քաղաքացիները տեղեկանում են ազատ արտահայտման իրենց իրավունքների մասին և կարևորում լրագրողների դերը՝ որպես վստահելու ինֆորմացիա արտադրողների։

Այն բովանդակության, որը սպառում ենք ենք, ազդում է ոչ միայն մեր ամենօրյա որոշումների, այլև համոզմունքների, հարաբերությունների վրա։ Այդ պատճառով էլ MIL-ը նմանվում է զարգացող ու աճող մարմնի՝ ներառելով գիտելիք, արժեքեներ ու հմտություններ։ 

Մեդիագրագիտությունը օգնում է ոչ միայն որոնել ու գտնել արժանահավատ տեղեկատվություն, այլև ձևավորում է մեր ինքնությունը (օրինակ, սոցիալական մեդիայի կամ գովազդի միջոցով)։

MIL-ը նաև առանցքային նշանակություն ունի մամուլի ազատության ու լրագրողների անվտնագության հարցում։ Եթե լսարանը չի կարող ճանաչել լրագրությունը կամ թերագնահատում է լրագրության դերը, սասանվում է այն միտքը, որ տեղեկատվությունը հանրային բարիք է։

Իսկ եթե հասարակությունը պահանջում է պրոֆեսիոնալ լրագրողների աշխատանք ու պատրաստ է պաշտպանել լրագրողներին հարձակումներից, արդյունքում աճում է տեղեկատվական կայունությունը։

MIL-ը կարևոր գործիքակազմ է, որը գործ ունի է կրթական, մշակութային և սոցիալական համատեքստի հետ։

Գիտաժողով

Այս տարի Մամուլի ազատության օրվան նվիրված ամենամյա համաշխարհային գիտաժողովը անցնում է Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուքում (որտեղ երեսուն տարի առաջ ընդունվել է ազատ, անկախ ու բազմակարծիք լրատվամիջոցներ ունենալու հռչակագիրը

Համաժողովի մասնակիցները կոչ արեցին ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ հակազդելու համար անկախ տեղական մեդիային ուղղված սպառնալիքներին, որոնք թուլացնում են լրատվամիջոցներին ողջ աշխարհում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մայիսի 3-ին ընդառաջ ձայնագրեց տեսաուղերձ, որտեղ խոսեց լրագրողների և մեդիայի աշխատակիցների կարևոր դերի մասին հատկապես համավարակի ու բնական աղետների ժամանակ։ 

«Լրագրողներն են օգնում կողմոնորշվել արագ փոփոխվող և հաճախ ճնշող ինֆորմացիոն միջավայրում՝ բացառելով վտանգավոր անճշտությունները և կեղծ տեղեկությունները»,- ասաց նա։

Շատ երկներում են լրագրողները ենթարկվում ռիսկի՝ հաշվի առնեով նոր սահմանափակումները, գրաքննությունը, ճնշումները, հետապնդումները՝ միայն այն պատճառով, որ անում են իրենց գործը։

Գուտրերեշը խոսեց նաև տնտեսական բաղադրիչի մասին։ Քանի որ կորոնավիրուսի համավարակը ունեցավ ծանր ֆինանսական հետևանքներ, մեդիան ստիպված է դիմակայել հանուն իր գոյության։ 

Որքան կրճատվում են մեդիայի բյուջեները, այնքան բարդանում է վստահելի տեղեկատվության հասաենելիությունը. «Եվ այդ բացը լրացնում են բամբասանքները, սուտը կամ ծայրահեղ ու իրար հակասող կարծիքները»։

Սա արդիական է բոլոր երկրներում, քանի որ բոլորս ապրում ենք հաղորդակցության փոփոխվող միջավայրում, որն ազդում է մեր առողջության, մեր իրավունքների, ժողովրդավարության և կայուն զարգացման վրա:

#WorldPressFreedomDay և #PressFreedom հեշթեգներով համաշխարհային մեդիա դաշտը մայիսի 3-ին խոսելու է լրատվամիջոցների տնտեսական խնդիրների, հսկա ինտերնետ ընկերությունների հաշվետու պահապանի դերի և մեդիա գրագետ լինելու օրհասական պահանջի մասին։

Նաև մտածելու, թե ինչպես է փողը ազդում լրագրության վրա, և որքանով են սպառողները պատրաստ վճարել որակյալ մեդիա բովանդակության համար։ ՄԱԿ-ի զեկույցում ասվում է նաև այն թյուր պատկերացման մասին, որ որակյալ լրագրությունը պիտի լինի անվճար։ Դա դառնում է ավելի ու ավելի բարդ, հաշվի առնելով, որ անվճար առաջարկները ոչ միշտ են վկայում անկախ լրագրության մասին, հատկապես տեղական լեզվով հաղորդվող տեղական նորությունների դեպքում։ 

Ընդգծելով տեղեկատվության կարևորությունը այս նոր էկոհամակարգում, կարևոր է լուծել մեդիայի կենսունակության, ինտերնետ հարթակների թափանցիկության և օգտատերերի գրագիտության կարողությունները։ Եվ այդ բոլոր գործոնները դիտարկել փոխկապակցված շղթայում։

Տեղեկատվությունը յուրաքանչյուր անհատի իրավունքն է, բայց դրա հասանելիությունը, նշանավորությունը և ճանաչումը ընդհանուր մտահոգություն է: 

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *