2021.03.30,

Նյուսրում

Վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը սահմանափակող օրինագծերը քննադատության թիրախում են

2021-ի մարտ ամսվա ընթացքում գովազդի մասին ՀՀ օրենքում միանգամից երկու փոփոխություն առաջարկվեց, երկուսն էլ վերաբերում են վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդի սահամափակումներին։

Գովազդի մասին օրենքում երկու փոփոխությունների զուգահեռ շրջանառումը  գովազդի ոլորտում  և մեդիա դաշտում քննարկումների առիթ դարձավ։

Ընդդեմ «խաղամոլության ու ղումարբազության քարոզի»

Դեռ 2019 թ․-ին ԱԺ-ի  նիստում ընդունվել էր  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախաձեռնած  «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագիծը, ըստ որի սահմանափակվեց լրատվամիջոցներով բուքմեյքերական ընկերությունների գովազդը։

Նախագիծը մեկնաբանելով, պատգամավորը նշել էր, որ  դրա անհրաժեշտությունը ծագել էր «խաղամոլության ու ղումարբազության քարոզի» դեմն առնելու համար:

Հիմնական փոփոխություն այն էր, որ կայքերում վիճակախաղերի ու շահումով խաղերի  գովազդը չպետք է գերազանցի կայքի 20%-ի սահմանը։

Մոտ երկու տարի անց օրենքի հենց այս փոփոխությունը ևս մեկ անգամ վերաձևակերպվեց։ 

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը 2021-ի մարտի 24-ին ԱԺ-ում անցավ առաջին ընթերցումը, առաջարկեց լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանափակումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։

Ըստ ֆինանսների նախարարության մեկնաբանման՝ նման փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ լրատվական կայքերում գովազդի տոկոսային հարաբերակցությունը վերահսկելու հնարավորություն մինչ այժմ չի եղել։ Իսկ հիմա վերահսկողությունը մշտադիտարկման միջոցով կիրականացնի Պետական եկամուտների կոմիտեն:

1in.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Սափեյանը նշում  է, որ այս նախագիծը լրատվամիջոցների համար ցավոտ կլինի, որովհետև կայքերի գովազդատուները հիմնականում բեթինգային ընկերություններն են: 

«Կարծում եմ, որ խաղամոլության դեմ նման պայքարը  անօգուտ է, որովհետև գովազդը լինելու է նաև այլ հարթակներում: Այսինք, ինչպես նշում են ոլորտի մասնագետները` գովազդն այսպես, թե այնպես աշխատելու է, պարզապես դա լինելու է ոչ հայկական գովազդ»,- ասում է Սափեյանը:

«Ա1+»-ի պրոդյուսեր Սուսսաննա Օհանջանյանն էլ  չի կիսում այն կարծիքը, թե լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի նման սահմանափակումները կօգնեն պայքարել խաղամոլության դեմ։

«Ես չեմ կարծում որեւէ մեկը մտնում է կայք լուր կարդալու, հետո մտնում է խաղեր խաղալու, գրեթե բոլոր լրատվական կայքեր մարդիկ մտնում են մոտ 90 տոկոսով սոցիալական ցանցերից,  խաղացողը չի մտնելու վիճակախի կայք լրատվականի մջոցով, դա ուղղակի ծիծաղելի է։ Կայքերում գովազդները տվյալ ընկերությունների համար կարծում եմ ընդամենը իմիջային են  եւ տրաֆիկի աղբյուր չեն հանդիսանում։ Եթե իրոք կարծում են, որ մեզ մոտ աղետալի է վիճակը, ապա այլ մետոցումներ են պետք»։

«Մեդիա Սիսթեմս» գովազդային ընկերության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանը տարակուսած է, որ արդեն երկու անգամ է այս օրենքը փոփոխվում է, բայց երբևէ որևէ քննարկում չի եղել գովազդի շուկայի ներկայացուցիչների հետ։

«Ժամային սահմանափակումը ոչ մի օգուտ չի տալու, սա ոլորտից անտեղյակ որոշում է։ Այս օրենքը ունի մի շարք խնդիրներ և թերացումներ՝ թե տնտեսական և թե իրավական։ Նախագծի ընդունմամբ սոսկալի իրավիճակում կհայտնվի մեդադաշտը։ Գաղտնիք չէ, որ մեդիայի հիմնական ֆինանսավորման աղբյուրը գովազդն է, որի մեծ մասն էլ գոյանում է բեթինգի գովազդից։ Զրկվելով ֆինանսական մուտքերից՝ մեդիաները բյուջեի անկում կունենան, հետևաբար՝ կամ պիտի փակվեն, կամ անեն աշխատատեղերի կրճատում» ,- ասում է նա։

Ըստ Յանա Յանիկյանի՝ Հայաստանյան  տնտեսական ոչ բարենպաստ վիճակում այս որոշումը բազմաթիվ ռիսկեր է պարունակում և բաց դաշտ է ստեղծվում արտասահմանյան բեթինգային կազմակերպությունների համար,և գովազդի բյուջեն կարող է ուղղակի արտահոսել դրսի շուկաներ։ 

Փոփոխություն N2

Մարտի 4-ին գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ևս մեկ նախագիծ էլ ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկման դրվեց еdraft.am կայքում։

Այս նախագծով առաջարկվում է ընդհանրապես արգելել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով։

Օրենքի նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությունը և հանրային վնասի առկայությունը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:

Առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում  ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք  կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով»:

«Մեդիա Սիսթեմս» գովազդային ընկերության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանը նշում է, որ երբ  օրենքում փոփոխություն եղավ նախորդ անգամ, և շահումով խաղերի գովազդի սահամանափակումներ եղան բոլոր լրատվամիջոցների համար, մեդիան բավական մեծ վնասներ կրեց։ 

«Անցյալ տարին շատ դժվար էր մեդիայի համար՝  համաճարակ, պատերազմ, տնտեսական անկում, այս ամենի ֆոնին մեդիաները հազիվ են գոյատևում, ամբողջությամբ արգելքը աղետալի հետևանքներ կունենա» – համոզված է նա։

«Հուսով եմ բանը չի հասնի նրան, որ ընդհանրապես արգելվի, որովհետև այդ դեպքում  լրատվամիջոցները բնական է սկսելու են կախում ունենալ այլ աղբյուրներից, իսկ շատերն էլ կփակվեն:  Ընդհանրապես արգելքը կազդի ոչ միայն լրատվամիջոցների ազատության վրա, այլև շատերին կկանգնեցնի սնանկացման եզրին» , –  ասում է 1in.am կայքի գլխավոր խմբագիր  Աստղիկ Սափեյանը։

Еdraft.am-ում նախագիծը քննարկելու  համար երկու շաբաթ ժամանակ էր տրված։ Նախագծի առաջարկություններրի բաժնում ներկայացված կարծիքները նույնպես կրկնում են մեդիա դաշտի  ներկայացուցիչների արդեն նշված մտահոգությունները։

Շանս Մեդիա ՍՊԸ-ի (Շանսոն ռադիո) և Արձագանքը ՍՏ ՍՊԸ-ի  («Ռադիո մարշալ»  ռադիոծրագիր ) մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրանք էլ են դեմ այս նախագծի ընդունմանը, և գտնում, որ ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք կա։

Մեդիայի և գովազդի ոլորտի  ներկայացուցիչները հույս ունեն, որ այս նախագծի ընդունման դեպքում այս անգամ գոնե իրենց կարծիքը հաշվի կառնվի, շահառու բոլոր կողմերի հետ կքննարկվեն հնարավոր ռիսկերն ու խնդիրները։

Մանե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *