Մարտի 18-ին irakanum.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանը տեսաուղերձով հայտարարեց, որ Երևանի սրճարաններից մեկում հարձակման է ենթարկվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից:
Ավելի ուշ համացանցում հայտնվեցին սրճարանի տեսախցիկների երկու մասից բաղկացած նկարահանումները, որոնցում երևում են նախարարի և լրագրողի մասնակցությամբ միջադեպի դրվագները․ ինչպես է նախ լրագրողը մոտենում նախարարին, երբ նա ճաշում է կնոջ հետ և տեսանկարահանում իրենց զրույցը, ապա ինչպես է նախարարը հարվածում լրագրողին, կոտրում համակարգիչը։
Փայլակ Ֆահրադյանը media.am-ի հետ զրույցում պատմեց, որ շատ զարմացած է նախարարի նման վարքագծից, քանի որ միշտ շատ դրական կարծիքի է եղել նրա մասին և չէր սպասում այդպիսի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։
«Նախկինում երբևէ Արշակյանի հետ որևէ միջադեպ չի եղել, պատահական հանդիպեցի նրան սրճարանում, մոտեցա, ներկայացա, որ լրագրող եմ, հարցրի՝ ինչու է աշխատանքային ժամին սրճարանում, նա ասաց, որ անջատեմ հեռախոսը, ես անջատեցի, որից հետո նա ինձ սպառնաց, այնուհետև բարձրացել եմ երկրորդ հարկ և աշխատում էի համակարգչով, երբ Արշակյանը բարձրացավ և հարձակվեց ինձ վրա»։
Նույն օրը կեսգիշերին մոտ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ դեմ է ցանկացած բռնության և առաջնորդվում է հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով և նշեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքի համար։
Համացանցում տեղկություններ հայտնվեցին այն մասին, որ լրագրողը սադրել է նախարարին և հնչեցրել է հայհոյաքներ, թեև այդ մասին նախարարը չի անդրադառնում իր գրառման մեջ։
«Ես իրեն չեմ հայհոյել, վիրավորական ոչ մի խոսք չեմ ասել, ինձ հետ էր իմ գործընկեր Տաթև Այվազյանը, և ես ինձ թույլ չէի տա նման վարքագիծ կանանց ներկայությամբ և եթե ես նրան վիրավորած լինեի, նա պետք է որ այդ պահին արձագանքած լիներ, ոչ թե որոշ ժամանակ անց հունից դուրս գար։ Նույնիսկ նախարարը իր գրառման մեջ չի նշում, որ ես իրեն հայհոյել եմ, չգիտեմ, որտեղից է այդ տեղեկությունը տարածվել»,- նշում է լրագրողը։
Մինչ Հակոբ Արշակյանը կհրապարկերր իր գրառումը, միջադեպն իր հայտարարությամբ դատապարտեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։
Երևանի Մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը կարծում է, որ անկախ նրանից լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է, թե ոչ, բարձրաստիճան պաշտոնյան չի կարող իրեն պահել այդպես հանրային վայրում։ Նա ասում է, որ ակնհայտ էր, որ նախարարը գիտի, թե ում հետ գործ ունի և որ այդ միջադեպը լայն տարածում է ունենալու։
«Ցավոք, գրեթե ամեն օր մենք նման միջադեպեր ենք տեսնում պաշտոնյաների ու լրագրողների միջև, և այդ դեպքերին ոչ մի պետական ատյան չի արձագանքում։ Այս շրջանում հասարակությունն առանց այդ էլ չափազանց լարված է, իսկ նման միջադեպերն ավելի են թեժացնում իրավիճակը, իհարկե, իրավական գնահատականից բացի, այս միջադեպը բարոյական և էթիկական տեսանկյունից անընդունելի է, և այն անպայման պետք է հետևանք ունենա»։
Մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը media.am-ին ասում է, որ նախարարի և լրագրողի մասնակցությամբ այդ միջադեպը չափազանց տհաճ երևույթ է և ակնհայտ է, որ Հակոբ Արշակյանը կատարել է հանցավոր արարք։
«Այս դեպքի առնչությամբ չի կարող քրեական գործ չհարուցվել, – համոզված է փաստաբանը, – քանի որ կա տեսանյութ, որից պարզ է դառնում, որ նախարարը հանրային վայրում հասարակական կարգի խախտմամբ, այլ մարդկանց ներկայությամբ բռնություն է գործադրում և վնաս է հասցնում լրագրողի գույքին։ Քննությունը կպարզի, թե որ հոդվածով քրեական գործ կհարուցվի, եթե ապացուցվի, որ պաշտոնյան խոչընդոտել է լրագրողի աշխատանքին, ապա դա 164 հոդվածի առաջին մասն է, իսկ եթե՝ ոչ, ապա 258 հոդվածի երկորդ մասը` խուլիգանության հանցկազմով»։
Արա Ղազարյանը զարմանալի է համարում այն, որ այսօրվա իշխանությունների կառավարման ժամանակաշրջանում լրագրողների դեմ բռնության բազմաթիվ քրեական գործեր են կասեցվել, թեև պետք է որ հակառակը լիներ, և հույս ունի որ գոնե այս միջադեպը այդպես չի մնա և զսպող ազդեցություն կունենա պաշտոնյաների համար։
Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Լրագրողն էլ դեպքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում։
«Գործը հիմա իրավական հարթությունում է, և ես փաստաբններիս հետ միասին անելու եմ ամեն ինչ, որ Արշակյանը պատասխանատվության ենթարկվի»- եզրափակեց Ֆահրադյանը։
Միջադեպը դատապարտող համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ։ Հայտարարությունում նշված է, որ իրենց դիտարկումների ընթացքում աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում։
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կառավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակավ դատապարտել նախարարի պահվածքը, քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը և երաշխիքներ տալ, որ ապագայում նման դեպքերը կբացառվեն։
«Բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել և զսպվածությամբ վերաբերվել իրենց ուղղված հարցերին։ Առանձնահատուկ նշում ենք, որ լրագրողներն իրենց հերթին պարտավոր են գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում։ Հիմքեր ունենք այս միջադեպն ընկալել որպես նախորդ նմանատիպ դեպքերի առնչությամբ իշխանական շրջանակների ոչ պատշաճ արձագանքի հետևանք։ Այժմ էլ տարակուսանք են առաջացնում Հակոբ Արշակյանի քաղաքական թիմակիցներից ոմանց փորձերը՝ հրապարակային հայտարարություններով և մեկնաբանություններով ուղղակի կամ անուղղակի արդարացնել տեղի ունեցած բռնությունը», – ասվում է հայտարարության տեքստում։
Լրագրողական կազմակերպությունները դիմել են նաև լրագրողներին․ «Կոչ ենք անում լրագրողներին՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ առնչվելիս խուսափել սադրիչ վարքագծից, հատկապես այն դեպքերում, երբ դա որևէ կերպ չի նպաստում հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ մատուցելու մասնագիտական առաքելության իրականացմանը»։
Սա առաջին դեպքը չէր, երբ Փայլակ Ֆահրադյանը պաշտոնյայի հետ կոնֆլիկտային իրավիճակում է հայտնվում։ 2016թ․-ին նրա մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ում՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ։ Պատգամավորը հայհոյել էր լրագրողին։ ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննել էր դեպքը և որոշել, որ պատգամավորը Փայլակ Ֆահրադյանին չի հայհոյել:
Մանե Գրիգորյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: