2021.02.01,

Նյուսրում

Կորոնավիրուսն ու մեդիան․ գովազդի համաշխարհային շրջանառությունը կրճատվել է 11․8%-ով

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Աշխարհում քննարկում են, թե  Covid 19-ի համավարակի ավարտից հետո ինչպես են փոփոխվելու ու նոր հունի մեջ մտնելու տնտեսության տարբեր ճյուղերը։ Մեդիան բացառություն չէ։ 

Thomson Reuters Foundation-ը զրուցել է 26 երկրների 55 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ պարզելու, ինչպես է կորոնավիրուսի համավարակն ազդել իրենց գործունեության որակի և աշխատավարձերի վրա։

Արձանագրվել են հետևյալ արդյունքները․

  • Համարյա բոլոր լրագրողները փաստել են, որ համավարակի տարածման տարբեր փուլերում խոչընդոտվել է իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նրանց արգելել են լուսաբանել կառավարության և այլ պետական կառույցների աշխատանքը տեղում։
  • Միայն օգոստոս ամսին Ֆեյսբուքը հեռացրել է 7 միլիոն գրառում վիրուսի մասին կեղծ և մանիպուլյատիվ բովանդակության համար։
  • Press Emblem Campaign (PEC) կազմակերպության նոյեմբերի տվյալներով` աշխարհի 56 երկրներում վիրուսը խլել է 462 լրագրողի կյանք։ Ամենաբարձր մահացության ցուցանիշը գրանցվել է Պերուում՝ 93 լրագրող։ Պատճառը լրագրողների՝ վարակի ժամանակ առաջնագծում աշխատելու անպատրաստվածությունն էր։
  • Համաշխարհային գովազգի չափաբաժինը 2020-ին նվազել է 11․8%-ով։
  • Տնից աշխատելու արդյունքում մեծ մարտահրավերներ են առաջացել՝ թվային բազաների ծախսեր, բազաների հետ աշխատանքի սահմանափակում և այլն։
  • Մտավոր առողջության խնդիրներ են առաջացել։ Լրագրողների համար դժվար է աշխատել մեկուսացած և կենտրոնանալ սահմանափակ թեմաների վրա։
  • Շատ երկրներում լրագրողները մուտք չեն ունեցել հիվանդանոցներ պարզելու, թե ինչ է կատարվում այդ հաստատություններում․ վիրուսից մահերի տվյալները հիմնականում պահվել են գաղտնի։
  • Նրանք հիմնանական եղել են ռիսկային խմբում։ Չնայած սահմանափակումներին նրանք թափացնել են հիվանդանոցներ, զրուցել բժշկական անձնակազմի, գիտնականների, խնդրով պատասխանատու քաղաքական ղեկավարների հետ։

Ֆինանսական կորուստներ չունեցած լրատվամիջոցներ չկան

Եկամուտների տեսանկյունից ամենաշատն աշխարհում տուժել է տպագիր մամուլը։ Գովազդի կրճատման արդյունքում որոշ լրատվամիջոցներ դադարեցրել են իրենց աշխատանքը կամ գնացել խիստ կրճատումների՝ թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ աշխատավարձերի։

Չնայած համավարակի տարածման առաջին փուլում օնլայն լրատվամիջոցները այցելությունների ռեկորդ էին գրանցում, սակայն զուգահեռաբար լրատվամիջոցների եկամուտները կրճատվում էին։

Ոլորտի շատ մասնագետներ կանխատեսում էին, որ համավարակի արդյունքում մեդիա արդյունաբերությունն ամբողջ աշխարհում ամենամեծ վնասներն է կրելու։ Որոշ ժամանակ անց այս մտահոգությունները համարվեցին չափազանցված։ Նոր իրավիճակում սկսեցին կիրառել նոր գործիքներ, որից մեդիա արդյունաբերությունը վերափոխված է դուրս գալիս։

Ֆրիլանս լրագրողներն ամենացավոտը զգացին մեդիայի ֆինանսական խնդիրները, սկսեցին ավելի քիչ հոդվածներ գրել և ավելի քիչ վաստակել։

Խնդիրն ըստ փորձագետների այն է, որ մինչև այժմ եղած մեդիա բիզնես մոդելները չեն կարողանում նման ճգնաժամերի ընթացքում կայունություն ապահովել լրատվամիջոցի համար։ Մյուս կողմից էլ որակյալ ինֆորմացիա ստանալու պահանջարկը համավարակին զուգահեռ կտրուկ ավելանում է։

Հիմնականում հարվածն իրենց վրա են վերցնում անկախ և ինքնաֆինանսավորվող մեդիա հարթակները:

Միջազգային գովազդի շուկայի կորուստը այս տարի կազմել է 70 մլրդ դոլար կամ շուրջ 11․8% անկում ընդհանուր 517,5 մլրդից (այս հաշվարկի մեջ չի մտնում ԱՄՆ քաղաքական գովազդի ծավալը)։

GroupM կազմակերպության վերջին կանխատեսման համաձայն, գովազդի անկումն աշխարհում կկազմի 9.9% (ներառյալ քաղաքական գովազդը): Համեմատության համար նշենք, որ կազմակերպությունը մեկ տարի առաջ 2020-ի համար կանխատեսել էր 4․8% գովազդային հոսքերի աճ։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատը տուժել են ավանդական լրատվամիջոցները՝ հեռուստատեսություն, ռադիո, թերթեր և ամսագրեր: Կինոթատրոններն ամբողջ աշխարհում ամենամեծ կորուստն են արձանագրել։

Այժմ աշխարհում լրատվամիջոցներից շատերն անկախությունը կորցնելու ռիսկի առջև են հայտնվել, այլ աղբյուրներից ֆինանսների ներգրավման գայթակղությունն օրեցօր ավելանում է։

Օրինակ, մայիսին Հարավային Աֆիկայում երկու հրատարակչությունների փակման պատճառով 17 ամսագրեր այլևս չհրապարկվեցին։ Նույն տարածաշրջանում երկու ամիս անց Media24-ը հայտարարեց 5 ամսագրերի և 2 թերթերի փակման մասին։

Ամեն երկրում պատմությունը տարբեր է՝ կախված, թե զարգացման ինչ փուլում է լրատվամիջոցը։ Փաստն այն է, որ չկան վնաս չկրած լրատվամիջոցներ, հազարավոր լրագրողներ կորցրել են իրենց աշխատանքը, նվազել են այլ մեդիա հարթակներում աշխատելու հնարավորությունները։

Ակնհայտ է, որ տնից աշխատելու դեպքում լրագրողների ծանրաբեռնվածությունը մեծացել է, թեև նրանք վարձատրվում են նախկին չափով կամ ավելի քիչ։ 

Օրինակ, գիտության թեմաներով գրող լրագրողը Քենիայից ասում է, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են կիսով չափ, այս մասին նրանց տեղյակ են պահել էլեկտրոնային հաղորդագրությամբ։

Մի Ֆիլիպինցի ֆրիլանս լրագրող էլ պատում է, որ համավարակի ժամանակ խմբագրություններին հետաքրքիր էր միայն Covid 19-ի թեման, իսկ սահմանափակումներով պայմանավորված դժվար էր այս թեմայով որևէ ծավալուն հոդված առաջարկելը։

Ֆրիալսերները նաև պատմում են, որ իրենց հետ շատ հոդվածների պայմանավորվածություններ խմբագրությունները չեղյալ էին համարում, քանի որ անվտանգության մեծ ռիսկ կար, նրանք ի վիճակի չէին ապահովելու համապատասխան միջոցներ, օրինակ ուղևորություններ, թեստավորում և այլն։ Իսկ որոշ դեպքերում նրանց հետ չէին համագործակցում, քանի որ համավարակի ժամանակ աշխատելու փորձառության պակաս կար։

Որպեսզի խմբագրությունները կարողանան շարունակել աշխատել, մեդիայի ավանդական բիզնես մոդելները վերանայվեցին, լրագրողների առջև խնդիր դրվեց ավելի մեծ ուշադրություն դարձնել վիդեո բովանդակության և թվային արտադրանքի ստեղծմանը։

Ավելին, օրինակ, Պակիստանում որոշ հեռուստաընկերություններ և թերթեր մոտ տասը ամիս չեն վճարել իրենց աշխատակիցներին։ Այս երկրում առանց այն էլ մեդիան ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, սակայն պանդեմիան ավելի խորացրեց դրանք։

Ամբողջ աշխարհում տարբեր ֆոնդեր և հասարակական կազմակերպությունների էլ ավելի մեծ ֆինանսական աջակցության հնարավորություն ստեղծեցին լրատվամիջոցների և անկախ լրագրողների համար։

Որոշ համարձակ լրատվամիջոցներ էլ սկսեցին օգտվել այս աննախադեպ իրավիճակից և իրենց գոյությունը պահելու համար դիմեցին ուղիղ լսարանին՝ բաժանորդագրությունների, անդամավճարների, նվիրատվությունների համար։

Մեդիա խորհրդատուները կոչ են անում կառավարություններին առաջիկա տարիներին աջակցել անկախ մեդիային և մամուլի անաչառ նախագծերին, քանի որ կարծում են՝ ինֆորմացիան փրկում է կյանքեր, լրագրողները փրկում են կյանքեր։

Հայաստանում Covid 19-ի պատճառով փակված լրատվամիջոցներ չկան, սակայն կան կրճատումներ արած խմբագրություններ։ Միջազգային գովազդային շուկայի հետ համեմատ մեզ մոտ կորուստներն ավելի մեծ են՝ փորձագիտական տվյալներով 20-30%։

Հայաստանում լրատվամիջոցների ֆինանսական հոսքերի վրա առավելապես ազդեց նաև վերջին արցախյան պատերազմը: Տեղացի մասնագետները չեն հուսահատվում և կարծում են, որ 2021-ի երկրորդ կեսից գովազդային հոսքերը դանդաղորեն կվերականգնվեն:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *