2021.01.14,

Նյուսրում

Գովազդի շուկայում 2021թ-ը կլինի չսպառված ռեսուրսների սպառման տարի

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Գովազդի համար 2020թ-ը բարդ և փորձություններով լի տարի էր։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխարհում տնտեսությունն անկանխատեսելի է դարձել։ Հայաստանում համավարակի առաջացրած խնդիրներին գումարվել են Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները։

Անցած տարի գովազդային շուկա բավականին քիչ գումար է մտել, շատ ընկերություններ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կրճատել են գումարները, խնայել, ինչը հույս է տալիս մասնագետներին, որ այդ գումարները կտեղափոխվեն և կծախսվեն 2021թ-ին։

«Մեդիա Սիսթեմս» գովազդային ընկերության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանի հետ ամփոփել ենք 2020թ-ի գովազդային շուկան և խոսել ապագայում սպասվող մարտահրավերների մասին։

2020թ-ին գովազդի շուկայի տենդենցները կետերով

  • Covid-19-ի ազդեցությունը փուլային էր գովազդի շուկայի վրա։ Թվում էր ամռան ամիսներին հաղթահարվում էր ճգնաժամը, սկսեց երկրորդ փուլը, որը շարունակվում է նաև այսօր։
  • Ծայրահեղ անկանխատեսելիությունն ավելի շատը ազդեց շուկայի վրա, քան հենց կորոնավիրուսի համավարակի փաստը։ Բիզնեսը չգիտեր ոնց արձագանքել իրավիճակին, սպասողական տրամադրություններ էին տնտեսական գործունեության շատ ճյուղերում։
  • Հայաստանում գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունները կարճ ժամանակում ադապտացվեցին իրավիճակին՝ հաճախորդներին առաջարկելով  մոբիլ լուծումներ:
  • Գովազդային գումարների մի զգալի մասը  տեղափոխվեցին սոցիալական ցանցեր, քանի որ պահանջ կար շուկայում քիչ գումարով էֆեկտիվ գովազդ ունենալ: Համացանցում ծախսված գումարներն անգամ մոտավոր դեռևս գնահատված չեն։
  • Արտաքին գովազդում պահպանվել են բազմաթիվ բաներներ, քանի որ ստեղծված իրավիճակում դրանց ապամոնտաժումը թանկ է արժենում և նպատակահարմար չէ դրանք շահագործող գործակալության համար։
  • Հեռուստատեսությամբ և ռադիոյով որոշ գովազդներ պահպանվել են՝ հիմնականում ճկուն զեղչերի հաշվին։
  • Արցախյան պատերազմն ազդեց տնտեսության բոլոր ուղղությունների վրա։ Եվ եթե Covid-19-ի դեպքում հատուկ լուծումներով հնարավոր էր աշխատել, ապա պատերազմի օրերին գովազդատուների մեծ մասը ամբողջապես դադարեցրեց ապրանքների և ծառայությունների առաջխաղացումը։
  • Հետպատերազմյան նոր իրողությունը փոխել է մարդկանց և ընկերությունների վարքագիծը, նրանք կարծում են գովազդ պետք չէ ունենալ, թեև արդեն կան ընկերություններ, որոնք իրենց վաճառքի վրա զգում են գովազդ չունենալու արդյունքը։
  • Միջազգային ընկերությունների գովազդային ներդրումներն այս պահին մտահոգիչ են։ Հայաստանում իրավիճակը կրկնակի բարդ է և վախ կա, որ այդ ներդրումներն արդարացված չեն լինի։
  • Օրենսդրական մի քանի փոփոխություններ եղան 2020թ-ին, որոնք լրջորեն ազդեցին գովազդի ծավալների վրա։ Շահումով խաղերի և հակածխախոտային օրենքների արդյունքում մեծ վնասներ կրեցին հատկապես  ավանդական հարթակները՝ հեռուստաընկերություններն ու ռադիոն, ինչպես նաև արտաքին գովազդը։
  • Արտարժութային տատանումները տարեվերջին սկսեցին ազդել առանց այն էլ թուլացած շուկայի վրա։ Սոցիալական ցանցերում տեղական կազմակերպությունները գովազդ տեղադրում են արտարժույթով։ Թանկացումներից խուսափելու, հաճախորդներին պահելու համար ընկերությունները թանկացումներ չեն անում, սակայն երկար չեն կարող կորուստներով աշխատել նման տատանումների պայմաններում։
  • Չնայած խնդիրներին, այս բոլոր տեղաշարժերը շուկան ավելի ճկուն դարձրեցին: Կորոնավիրուսի ժամանակ հաճախորդների հետ անհատական աշխատանք արվեց և շատ դեպքերում փոխշահավետ լուծումներ եղան։
  • Պահանջարկի անկման պայմաններում գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունները սկսեցին աշխատել որակյալ առաջարկի վրա՝ առաջարկելով միաժամանակ մի քանի պրոդուկտներ։
  • Ռեսուրսների խնայողության պայմաններում խնդիր դարձավ ամեն դրամը կոնկրետ թիրախի վրա ծախսելը։ Տեխնիկական նոր գործիքներ կիրառվեցին, հաջողությամբ աշխատեց կրկնակի կոնտակտի հնարավորություն տալը։
  • Հեռուստատեսությունն ամենամեծ կորուստներն ունեցավ։ Պատերազմի ժամանակ նրանք իրենց եթերացանկից հանեցին ժամանցային և հումորային հաղորդումները, իսկ գովազդը հիմնականում հաջողությամբ է աշխատում այդ ծրագրերում։ Մի քանի ամիս շարունակ նրանք կորուստներ ունեցան և իրավիճակը դեռ մտահոգիչ է։
  • Խնդիրներ եղան նաև նոր եթերաշրջանի հետ կապված, որը պետք է մեկնարկեր սեպտեմբերին։ Պատերազմը փոխեց հաղորդումների բնույթը։
  • Օնլայն դաշտը հիմնականում անցնցում մնաց և մեծ  ֆինանսական վնասներ չունեցավ: Շատ արագ փոխվում էին տեխնիկական լուծումները, որը նպաստեց լուծումների հաջող մեկնարկին։ Այս հարթակում մշտական նորարարությունը օգնում է միշտ հետաքրքրել, շահագրգռել, զարմացնել բիզնեսին։

Ինչ է կանխատեսվում 2021թ-ի համար

Տարեվերջին ունեցած իրավիճակով պայմանավորված 2021թ-ի առաջին եռամսյակի համար դժվար ժամանակահատված է սպասվում։ 2-րդ կիսամյակից հետո կամաց-կամաց կայունացում կնկատվի, իսկ երրորդ եռամսյակից սկսած 2020թ-ի բաց թողած բոլոր հնարավորությունները կսկսեն իրացվել: Սա այն պայմաններում, եթե նոր ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն։

Ընկերություններն իրենց խնայած գումարները կբերեն դաշտ, ինչը կաշխուժացնի շուկան։

Ընդհանուր առմամբ, 2021թ-ը կլինի չսպառված ռեսուրսների սպառման տարի։ Միայն թե պետք է բարձրացվի առաջարկի որակը։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *