2020.12.14,

Նյուսրում

Ինչպես պատմել մարդկանց մասին առանց խտրական վերաբերմունքի․ ձեռնարկ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Լրագրողների, խմբագիրների և բլոգերների համար ստեղծվել է խտրականության և ատելության խոսքի թեմայով նոր ձեռնարկ, որը պատրաստել է Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան:

«Ինչպես լուսաբանել խտրականության հարցերը և խուսափել ատելության խոսքից» կոչվող ձեռնարկը կարող է օգնել լրագրողին պատմել ու ստեղծել իրական պատմություններ մարդկանց տարբեր խմբերի մասին առանց պիտակավորելու և առանձնացնելու նրանց մնացածներից։

Մեդիայում հանդիպող խտրականության շատ օրինակներ թույլ են տալիս ենթադրել, որ լրագրողները երբեմն ոչ միտումնավոր են այդպես ներկայացնում մարդուն կամ մարդկանց։

Առանձնացրել ենք մի քանի կետեր, որոնց զգայուն են դարձնում լրագրողական աշխատանքը և իրական մարդկանց պատմություններում շեշտադրվում նրանց սեռը, տարիքը, ազգությունը, կրոնական պատկանելությունը, աշխատանքը, հիվանդությունը և այլ հանգամանքներ։ 

Հատկապես արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո կարևոր է հիշել մարդկանց չվնասելու սկզբունքի մասին։

  • Եթե լրագրողի նյութի հերոսը անչափահաս է, որը կարող է լավ տեղյակ չլինել սեփական իրավունքներից և չպատկերացնել հետևանքները, ապա մինչև նյութի կամ լուսանկարի հրապարակումը լրագրողը պարտավոր է ստանալ հերոսի ծնողների կամ նրա խնամքի համար պատասխանատու անձանց թույլտվությունը։
  • Հարցազրույցի ընթացքում լրագրողը չպետք է անձնական բնույթի այնպիսի հարցեր տա նյութի հերոսին, որոնք կարող են վիրավորել նրա զգացմունքները, հատկապես եթե այդ հարցերի շուրջ նախապես չեն պայմանավորվել խոսել։
  • Եթե լրագրողը հասկանում է, որ իր հետաքրքրասիրությամբ վիրավորում կամ անհանգստացնում է մարդուն, որի մասին փորձում է գրել, պետք է հրաժարվի իր մտադրությունից։
  • Որոշակի դեպքերում նյութի հեղինակը պետք է առաջնորդվի նաև հերոսների անանունության և անհատական տվյալների պաշտպանության սկզբունքներով։ Սա հատկապես վերաբերում է  ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կամ սեռական կամ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներին։
  • Եթե դեպքի հերոսը չի ցանկանում լուսաբանված լինել կամ պատասխանել հարցերի, լրագրողը իրավունք չունի ստիպել նրան այդպես վարվել։  
  • Հարցազրույց կամ լուսանկար անելիս լրագրողը պարտավոր է անկեղծորեն բացատրել, թե ինչ տեսակի նյութ է նախատեսում պատրաստել և ստանալ նյութի հերոսի համաձայնությունը։
  • Լրագրողը պետք է զերծ մնա վիրավորական բառերից և արտահայտություններից, որոշիչներից, որոնք կարող են վիրավորել զոհին, նրա հարազատին, նյութի հերոսին, այս կամ այն խմբի ներկայացուցիչներին։
  • Լրագրողը պետք է սթափ գնահատի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս կամ այն տեղեկության տարածումը և չհրապարակի այնպիսի լուսանկարներ, որտեղ երևում են զոհի դեմքը, արյունոտ և դաժան տեսարաններ կամ որևէ դետալ, որը թույլ կտա նույնականացնել զոհին կամ մարդկանց, որոնք չէին ցանկանա նույնականացվել տվյալ դեպքի հետ։

Կարևոր է, որ լրագրողներն իրենց տեքստերում խուսափեն օգտագործել տառապել բառը, օրինակ չգրեն անձը տառապում է ՁԻԱՀ-ով կամ անձը տառապում է լսողական խնդիրներով և այլն։ 

Բառերի ընտրության մեջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մոլ-ով վերջացող բառերին և խուսափել դրանց կիրառությունից, օրինակ ոչ թե գրել խաղամոլ կամ թմրամոլ, այլ շահումով խաղերից կախում ունեցող կամ թմրամիջոցներից կախում ունեցող։

Մարդկանց մասին պատմելիս կարևոր չէ շեշտել, թե նա ինչ կրոնական հայացքներ կամ հաշմանդամություն ինչ տեսակ ունի։ Հնարավոր է այդպես նյութն ավելի մեծ տարածում և հնչեղություն ունենա, սակայն կարող է վնասել մարդուն, օտարել նրան, հեռացնել հասարակությունից։

Նույնիսկ ամենադժվար թվացող դեպքերում լրագրողը կարող է մեղմել վիճակը՝ ընտրելով ճիշտ բառեր, նկարագրություններ, լուսանկարների համար հարմար դիրքեր։

Այստեղ ամենակարևորը լրագրողի տրամադրվածությունն է ու ցանկությունը։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *