2020.11.24,

Նյուսրում

«Աշխատում եմ մարդկանց էմոցիաների հաշվին նյութ չանել»

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արցախի Հանրային հեռուստատեսության լրագրող Նորայր Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ողջ ընթացքում տարբեր վայրերից ռեպորտաժներ էր պատրաստում՝ հաճախ առաջնագծից ու հրետակոծված բնակավայրերից։ 

Նա ասում է, որ Ապրիլյան պատերազմի համեմատ, վտանգ ավելի մեծ էր, քանի որ գրեթե բոլոր բնակավայրերը հրետակոծվում էին․ 

«Այն ժամանակ կային գոնե մոտավոր սահմաններ՝ ճանապարհ, վայր, որտեղ պատկերացնում էինք, որ անվտանգ է, իսկ այս դեպքում սահմաններն ավելի անորոշ են։ Նույն վտանգը կարող էր զգալ Ստեփանակերտի խանութի աշխատողը, Մարտունիում իր բակում աշխատող մարդը ու սահմանում որևէ իրադարձություն լուսաբանելու համար հայտնված լրագրողը»։ 

Նորայրը հաճախ, իր լրագրողական պարտականությունները մի կողմ դնելով, օգնության էր հասնում քաղաքացիներին։ Այդպիսի մի դրվագի լուսանկարն ակտիվորեն տարածվում էր մեդիայում․ տարեց կնոջը գրկած տղամարդու նկարը մի քանի օր բոլորի աչքի առաջ էր։ 

Նորայրը պատմում է, որ այդ օրը Ստեփանակերտի ամենաակտիվ հրետակոծության օրերից էր: Լրագրողական խումբը դուրս էր եկել քաղաքում շրջելու։ Եվ երբ հրետակոծված շենքի մոտ կանգնեցին ընդհանուր իրավիճակը պատկերացնելու համար, լսեցին օգնության կանչեր: Բնականաբար, անմիջապես բարձրացան ձայների հետքերով ու հանդիպեցին տարեց կնոջը․ 

Ավելի ուշ նկատեց, որ օպերատոր Արտավազդ Գրիգորյանն էլ է բարձրացել ու նկարահանում է։ Օգնության հասան, քանի որ դրա կարիքը կար: Եվ դա «սովորական մարդկային մոտեցում է», քանի որ ուր էլ լինես, առաջին հերթին կարևոր է մարդ մնալ։ 

«Լուսաբանել տեղի ունեցածը կհասցնենք նաև ավելի ուշ՝ գուցե ոչ այդ որակի ու ոչ այդ նույն հուզականությամբ, բայց այդ պահին կարևորը մարդու կյանքն էր, մնացածի մասին կարելի էր ավելի ուշ մտածել»,- ասում է նա։ 

Եվ ավելացնում է, որ Արցախում յուրաքանչյուր լրագրող պատրաստ է, որ ինչ-որ պահի կարող է ստիպված իր մասնագիտական գործը մի կողմ թողնել և անել մի բան, որը կապ չունի իր մասնագիտության հետ. 

«Եթե գնացել ես լուսաբանելու, ու քո օգնության կարիքը կա, բնականաբար, ժամանակավոր մի կողմ ես դնում քո լրագրողական պարտականությունները և զբաղվում այդ պահին ամենակարևոր գործով՝ մարդկանց օգնելով։ Սա որևէ մեկի մենաշնորհը չէ, և բոլորն էլ դրան առնվազն հոգեպես պատրաստ են»։ 

Բացի այդ, Նորայրի ասելով, պատերազմ լուսաբանող լրագրողը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման, եթե կարիք լինի, իր գործընկերոջը կամ ինքն իրեն վիրակապել, անհրաժեշտության դեպքում պատսպարվել․

«Այն, ինչը մենք պատկերացնում էինք ինչ-որ տեղ հեռվում, այստեղ էր, մեր տանը»։ 

Ինչպես աշխատել փոփոխվող ինֆորմացիայի պայմաններում

Պատերազմական պայմաններում ամեն ժամ ու րոպե փոփոխվող ինֆորմացիայի հետ աշխատելն այնքան էլ հեշտ չէր ու հաճախ ժամանակատար.

«Եթերից անմիջապես առաջ նորից ճշտում էինք, թե ինչ է փոխվել այս կամ այն իրավիճակի հետ կապված։ Բայց լինում էին դեպքեր, երբ պատրաստված նյութը ինչ-ինչ պատճառներով պարզապես եթեր չէր հեռարձակվում՝ ասենք, շարունակվող պատերազմական իրավիճակում նպատակահարմար չէր ինֆորմացիան հաղորդել։ Իմ գործընկերների մեծ մասը ըմբռնումով էր մոտենում այդ իրողությանը, և աշխատում էինք չվնասել։ Դա էր մեր կարևոր սկզբունքը»։

Պատերազմում, երբ ինքդ կողմերից մեկն ես, դժվար է անմասն մնալ քարոզչությունից՝ միշտ կա լրագրող-քաղաքացի ներքին վեճը, ներքին բախումը։ 

Երբ պատերազմն ու մահը եկել է քո տուն ու պարտադրված ես ոչ միայն աշխատել, այլև ապրել պատերազմի մեջ, ինչպե՞ս գտնել այն նուրբ սահմանը, որը կօգնի լինել սթափ: 

Նորայրը սա համարում է ամենադժվար հարցերից, հատկապես Արցախում աշխատող լրագրողների համար, որոնք պարզապես տեղեկատվություն հաղորդելով չեն կարող սահմանափակվել, քանի որ ինֆորմացիայի հետ աշխատանքը նրանց համար ուներ բազմաթիվ ու բարդ ենթատեքստեր։ Նա ասում է, որ արցախցի լրագրողները ակամայից խրամատի հակառակ կողմում են։ Եվ ուզեն, թե չուզեն դա որևէ կերպ արտահայտվում էր․

«Խնդիրը դա նվազագույնի հասցնելն է և մասնագիտական էթիկայի նորմերը չխախտելը։ Բայց մեղքս չեմ թաքցնի՝ ամբողջությամբ չեզոք չես կարող լինել։ Ի վերջո, եթե դիմացինը կրակում է՝ անկախ նրանից ինչ զենքով, դու պետք է պաշտպանվես»։

Եվ պաշտպանվես նաև տեղեկատվական դաշտում: 

«Օրինակ, եթե մի կողմն ասում է՝ «մենք չենք խփել քաղաքացիական օբյեկտներին», դու պարզապես չես կարող չգնալ ու չասել, որ խփել են քաղաքացիական օբյեկտին։ Բայց Արցախի պարագայում միայն այդքանով չես կարող բավարարվել։ Ինֆորմացիոն պատերազմը ակամա իր կանոնները թելադրում է, լավ է, թե վատ՝ այլ հարց է, իրողությունը դա է»։ 

Պատերազմի տեսաշարերում շատ էին էմոցիոնալ կադրերը, որոնք ցույց էին տալիս մարդկանց ապրումները, գերլարված հոգեվիճակը, կորստի ցավն ու վիշտը: Կային նաև այնպիսի կադրեր, որոնք ցնցումներ էին առաջացնում կամ պարունակում էին ռազմական գաղտնիք։ 

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը փորձել է հեռու մնալ հեռուստատեսային էթիկայով չթույլատրվող և միջազգային տարբեր կոնվենցիաներով արգելված կադրեր ցուցադրելուց։ 

Նորայրն ասում է, որ  հուզական կադրեր փնտրելու կարիք էլ չկար․ «Երբ նկարում ես որևէ մեկին՝ մի ժամ առաջ կանգուն, բայց հիմա ավերակի վերածված տան մոտ, չեմ կարծում, թե առանձին հուզականություն փնտրելու կարիք կա։ Տունը կար՝ տունը չկա, այդ մարդը կանգնած իր տան կողքը գլուխը կախ․․․ Պատերազմն այնքան դաժան է, որ լրացուցիչ մանրուքներ փնտրել՝ հուզելու համար, առանձնապես պետք չէ, բավական է արձանագրել այն, ինչ կա»։ 

Պատերազմից տուժած մարդու կյանքը փլվում է իր աչքի առջև, կորուստն ու վիշտը հաճախ կուրացնում են կամ ստիպում ներփակվել մտքերի մեջ: Եվ նա կարող է բնավ էլ չցանկանալ հարցազրույց տալ, քանի որ այդ պահին ունի շատ ավելի լուրջ խնդիրներ, ավելի բարդ հոգեբանական և ֆիզիկական վիճակում է և պատրաստ չէ խոսել տեսախցիկի առջև։ 

Նորայրի խոսքով՝ պիտի ըմբռնումով մոտենալ, եթե մարդիկ չեն ուզում խոսել և պատմել իրենց մասին։ Բայց միաժամանակ լրագրողը պետք է արձանագրի ու վավերացնի իրականությունը։ 

«Այդ ոսկե միջինը պետք է գտնել: Այնպես անել, որ և այդ մարդուն շատ չնեղենք, և ինֆորմացիան շատ չտուժի։ Ես աշխատում եմ մարդկանց էմոցիաների հաշվին նյութ չանել», – ասում է նա։ 

Եվ խոստովանում, որ լավ հասկանում ու կիսում է  իր նյութերի հերոսների էմոցիաները, ինչը անխուսափելի է, բայց փորձում է իր վերաբերմունքը նվազագույնի հասցնել ռեպորտաժներում․ 

«Ամենատպավորիչը դիրքերում էր, կամավորների ու ժամկետայինների հետ շփման ընթացքում… Գիտե՞ք որն էր ամենաուրախալին: Այն, որ մեկ շաբաթվա տարբերությամբ նույն դիրքում տեսա նույն կազմին․ կորուստ չէին ունեցել»։ 

«Պատերազմ լուսաբանելը դաժան է: Որպես լրագրող մտածում ես, որ անպայման պետք է արագորեն հանրայնացնես իմացածդ, բայց հետո հրաժավում ես այդ մտքից։ Միշտ պետք է հաշվի առնենք՝ ինֆորմացիան հանրայնացնելով, ավելի շատ օգուտ ենք բերում, թե վնաս, արդյոք դրա արդյունքում ինչ-որ մեկը չի տուժի, ինչ-որ մեկին հարվածի տակ չես դնի (նաև ֆիզիկապես): Կարևոր է պահպանել չվնասելու սկզբունքը»։ 

Արցախի Հանրայինը, ըստ նրա, փորձել է օգնել մարդկանց պատկերացնել իրավիճակն ու իրենց անելիքները։ Եվ եթե եղել են ոգևորիչ նյութեր, ապա դրանք «մի փոքր ավելի են ընդգծվել»։ 

«Ինֆորմացիայի հիմնական աբյուրը պաշտոնականն էր։ Մնացած ինֆորմացիայի չափաբաժինը փորձել ենք այնպես ապահովել, որ չլինի բացասական արձագանք, բայց միաժամանակ՝ լսարանին չխաբենք: Այնպես էլ չի, որ խնդիր էր դրված ցույց տալ, որ ամեն ինչ լավ է», – ասում է Նորայրը։ 

Եվ ավելացնում՝ պատերազմի ժամանակ չի կարող ամեն ինչ լավ լինել։

Անահիտ Դանիելյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *