2020.11.17,

Նյուսրում

Մեկնարկել է հեռուստաալիքների լիցենցավորման մրցույթը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ ՀՌՀ, սկսել է հրապարակել ու ուղիղ եթերով հեռարձակել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերը: 

Չնայած Հայաստանում հայտարարված ռազմական դրությանը՝ մրցույթն անցնելու է առանց ժամկետային փոփոխությունների, հաշվի առնելով, որ հեռուսատաալիքների հեռարձակումը չի կարող դադարեցվել և հարկավոր է այն տեղավորել օրենքի պահանջների մեջ: 

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտել 2020-ի օգոստոսի 7-ին, սահմանել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման նոր կարգ:

Ընկերությունները նոյեմբերի 17-19-ը կներկայացնեն հանձնաժողովին իրենց ծրագրերը, յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է կես ժամ: Հետագայում հայտերը, ապագա զարգացման տեսլականներն ու փաստաթղթերը հրապարակվելու են ՀՌՀ կայքում, և հանձնաժողովը կկայացնի իր որոշումը՝ յուրաքանչյուր մասնակցի ծրագիրը գնահատելով վարկանիշային միավորներով:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցները 12-ն են. 

«Արմնյուզ» ՓԲԸ,
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ,
«Շարկ» ՍՊԸ,
«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ,
«Արմենիա Թի-Վի» ՓԲԸ,
«Ա-ԹիՎի» ՍՊԸ,
«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ,
«Ֆրի նյուզ» ՍՊԸ,
«Մելտեքս» ՍՊԸ,
«Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ,
«Հուսաբեր» ՓԲԸ,
«Շանթ» ՍՊԸ:

Մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցները նույնպես 12-ն են,  այդ շարքում են հիմնականում այն ընկերությունները, որոնք միաժամանակ մասնակցում են և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթին, քանի որ պահանջները նույնն են: Դրանք են «Շանթ» ՍՊԸ, «Արմնյուզ» ՓԲԸ, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ, «Շարկ» ՍՊԸ, «Ա-ԹիՎի» ՍՊԸ, «Հուսաբեր» ՓԲԸ, «Ֆրի նյուզ» ՍՊԸ, «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ:

Բացի նշվածներից բացառապես մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցում են՝ «Դար-21» հեռուստաընկերություն ՓԲԸ, «Մո ԹիՎԻ մեդիա հոլդինգ» ՓԲԸ, «Առփի մեդիա» ՍՊԸ, «Շանթ» ՍՊԸ («Շանթ սպորտ» ծրագիր):

Պետք է նշել, որ Հանրային հեռուստաընկերությունը համապետական սփռման սլոթ է ստանում ինքնաբերաբար, առանց մրցույթի: Եվ այս դեպքում խոսքը ոչ թե «Առաջին ալիքի» մասին է, այլ Հանրային հեռուստաընկերության նոր ալիք բացելու առաջարկի, որն արդեն պետք է անցնի մրցույթի ողջ ընթացակարգերով:

Մարզային սփռման մրցույթի արդյունքում սլոթ կստանան մեկական հեռուստաընկերություններ՝ յուրաքանչյուր մարզից:

Երկուական թեկնածուներ կան Արագածոտնի մարզում՝ «Պրոգրես մեդիա» ՍՊԸ և «Դելտա Թիվի» ՍՊԸ, Շիրակի մարզում՝ «Շանթ թիմ» ՍՊԸ և «Ցայգ» ՍՊԸ, Արմավիրի մարզում՝«Ալտ» հեռուստախմբագրություն» ՍՊԸ և «Արանեա» ՍՊԸ:

Մեկական մասնակից ունեն Կոտայքի մարզը՝ «Կոտայք Թի Վի» ՍՊԸ,  Տավուշի մարզը՝ «Տավուշ մեդիա» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզը՝ «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ, Սյունիքի մարզը «Զանգեզուր» հեռուստաընկերություն ՍՊԸ:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային մրցույթի մասնակիցներ չկան Արարատի և Վայոց Ձորի մարզերում Իսկ ամենից շատ թեկնածուները Լոռու մարզում են: Դրանք երեքն են՝ «Ֆորտունա» ՍՊԸ, «Անկյուն գումարախ 3» ՍՊԸ, «Լոռի Թի-Վի» ՍՊԸ:

Մրցույթները կամփոփովեն մինչև 2021-ի հունվարը, նոր սլոթերը կտրամադրվեն յոթ տարի ժամկետով:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *