2020.10.14,

Նյուսրում

Արցախի լրագրողները աշխատում են, երբ ամեն ինչ իրենց շուրջը ռմբակոծվում է

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արցախի հանրային հեռուստատեսության լրագրողներն արդեն երրորդ անգամ ստիպված են աշխատել պատերազմական պայմաններում։ Ի տարբերություն արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների՝ նրանք շատ անգամ ամենաթեժ կետերում են հայտնվում առանց զրահաբաճկոնի, սաղավարտի ու բազային անվտանգություն ապահովող այլ պարագաների։ 

2020-ի հայ-ադրբեջանական պատերազմը ստիպեց առերեսվել դաժան իրականությանը՝ մարդկային կորուստներով ու զոհերի մասին տվյալներով: Հիմա ցանկացած վայր Արցախում կարող է լինել վտանգավոր, իսկ աշխատող լրագրողների անվտանգությունն էլ՝ ավելի փխրուն։ 

Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն աշխատում են արտակարգ ռեժիմով, նաև ռազմական դրության պահանջներով: 

Հանրային հեռուստատեսության «Օր» լրատվականը եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Հեռարձակումը ուղիղ եթերում է նաև  յութուբյան ալիքով: 

«Ցավոք հաճախ նաև ստիպված ենք լինում եթերը ընդհատել օդային տագնապի ազդանշանով», – ասում է հեռուստատեսության գործադիր տնօրեն Հրայր Ավետիսյանը: 

Նա պատմում է, որ տեղեկատվական շտաբից ուղիղ միացումներից ու լուրերից բացի այս օրերին եթեր են հեռարձակում նաև Արցախում նախորդ երկու պատերազմների վավերագրական նյութերը, հերոսական էջերը: 

Հրայր Ավետիսյանը նկարահանումների ժամանակ

Հեռուստատեսության նկարահանող խմբերը պարբերաբար լինում են տարբեր շրջաններում, լուսաբանում  են պատերազմական առօրյան, ներկայացնում ռմբակոծությունների հետևանքներն ու այլ մանրամասներ․ 

«Ցավոք, թշնամին խախտում է բոլոր գրված ու չգրված օրենքները, ինչի արդյունքում նկարահանող խմբերը շատ հաճախ աշխատում են վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը, ինչի վառ օրինակն է մի քանի արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների վիրավորվելու փաստը»։ 

Հրայր Ավետիսյանը տեսել է Արցախի երեք պատերազմները, բայց այս մեկն, իր խոսքով, բոլորովին այլ է.

«Ապրիլյանի հետ հաստատ համեմատելի չէ՝ թե գործողությունների ինտենսիվությամբ, թե ծավալների․․․ ընդհանրապես ամեն ինչով: Ապրիլյանի ժամանակ սկիզբն ու վերջը շատ մոտ էին: Այն ժամանակ խաղաղ բնակավայրերը, մշակութային օջախները, դպրոցներն ու վանքերը գրեթե չէին թիրախավորվում, կամ ոչ այսքան ինտենսիվ: Իսկ հիմա ռմբակոծում են ամեն ինչ: Մայրաքաղաք Ստեփանակերտը ամեն օր ռմբահարվում է տարբեր տեսակի ռումբերով, այդ թվում՝ ծանր ռումբերով»։ 

Անդադար ռմբակոծության պայմաններում են աշխատում ռադիոընկերության աշխատակիցները՝ վտանգելով իրենց կյանքը, փորձելով չվնասել խաղաղ բնակիչներին: Եվ հակառակը՝ հնարավորինս օգնելով նրանց։ 

Չվնասելու սկզբունքը այս օրերին առավել քան կարևոր է, ցանկացած մի բառ կարող է խուճապ ստեղծել լսարանի մոտ կամ ունենալ անդառնալի հետևանքներ։ 

Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը, Հրայր Ավետիսյանի խոսքով, պաշտոնականն է, իսկ մնացած ճշգրիտ ստուգված տեղեկությունները հաճախ ստեղծում են հենց իրենք՝ կազմակերպելով օպերատիվ նկարահանումներ դեպքի վայրից, դառնալով անմիջական մասնակից ու լուսաբանող։ 

«Ինչպես ասում են առաջին ձեռքից: Ի վերջո այս ամենը կատարվում է մեզ հետ, մեր շուրջը», – ասում նա:  

«Օր» լրատվականի թիմը պատերազմական օրերին

«Օր» լրատվականի լրագրող Գոհար Ռուստամյանն այս օրերին նույնպես ստիպված է իր նյութերը պատրաստել պատերազմական պայմաններում։ Այդ պայմաններն ու ռազմական դրությունը ստիպում են ավելի ուշադիր լինել տեղեկատվության նկատմամբ։ 

«Հիմնականում պաշտոնական աղբյուրներից ենք օգտվում։ Մենք շատ լավ գիտակցում ենք՝ ինչը պիտի հնչի, ինչը կարող է ավելորդ խուճապ առաջացնել, դրանք օգտագործելուց էլ ձեռնպահ ենք մնում», – ասում է Գոհար Ռուստամյանը։ 

Նա ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր աշխատում հեռուստատեսությունում։ Ասում է, որ հիմա ավելի ճիշտ քաղաքականություն է տարվում, ավելի կազմակերպված, «մարդկանց գիտակցությունն ավելի բարձր է քարոզչական մեքենայությունների հանդեպ»։ 

Գոհար Ռուստամյանի կարծիքով՝ այսօր իրենք ավելի բաց են աշխարհի համար՝ հեռուստատեսային կայքի շնորհիվ, չկա ավելորդ կաշկանդվածություն, զերծ են ցենզուրայից։ 

Նրան միայն ջղայնացնում է հատկապես այն, որ այս պահերին սոցցանցերում դեռ կան մարդիկ, որոնք տարածում են հակաիշխանական, կեղծ նյութեր։ 

Հիմա Արցախում արտասահմանցի լրագրողները շատ են, բայց նրանք գալիս են աշխատելու ու հեռանում են, իսկ արցախցի լրագրողները այստեղ են միշտ ու իրենց գործն են անում գրեթե անմարդկային պայմաններում: Եվ առանց անվտանգության նվազագույն երաշխիքների:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *