Հոկտեմբերի 8-ին խստացվել է սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը:
Նախագծերի փաթեթը քննարկվեց խորհրդարանի արտահերթ նիստում, այն ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա ասաց, որ նպատակը ռազմական դրության ժամանակ կեղծ տեղեկությունների տարածումն ու հակապետական գործունեությունը կանխարգելելն է:
Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով, ընդունվել են նոր ժամանակավոր սահմանափակումներ: Օրինակ, ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնելու է տուգանք` 200 հազարից 300 հազար դրամ:
Որոշման մեջ ասվում է.
«Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը
կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը»։
Նախկին որոշման մեջ բացակայում էին «ելույթներ, հրապարակումներ» ձևակերպումները, խոսքը միայն «գործողությունների» մասին էր:
Այս նոր սահմանափակումները ուղիղ կերպով առնչվում են լրագրողական գործունեության հետ:
Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման, տարածման կանոնների խախտումը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգի չպահպանումը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների խախտումը ևս տուգանվելու է` 700 հազարից մինչև 1մլն դրամ:
Հսկողությունը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որը «իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»:
Նաև պատրաստվում են փոփոխություններ քրեական օրենսգրում, որոնք ռազմական դրության ընթացքում կաննոնների խախտման դեպքում բացի տուգանքից կսահմանեն այլ պատժամիջոցներ:
Եթե կատարվել է արարք, որը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին, կարող է նախատեսվել ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: