Հոկտեմբերի 8-ին, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:
Ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողը Յուրի Պետրովիչ Կատյոնկը երեկ վիրահատվել է Ստեփանակերտում: Այժմ PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ, լրագրողին Արցախից տեղափոխում են Երևան:
«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Այսօր՝ արցախ-ադրբեջանական մարտերի 6-րդ օրը, հոկտեմբերի 2-ին, հակառակորդի կողմից արձակած կրակահերթերի տակ է հայտվել Մարտակերտ քաղաքից Ստեփանակերտ վերադարձող միկրոավտոբուսը, որտեղ եղել են հայ և ռուս լրագրողներ։ Հայտնի է, որ մեքենայի մեջ եղել են ռուսական Առաջին ալիքի, ՏԱՍՍ-ի, Ռիա Նովոստիի, Շանթի և Ֆակտոր թիվիի նկարահանող խմբերը:
Բարեբախտաբար լրագրողները չեն տուժել, հասցրել են մտնել ապասարան: Լրագրողների այցը ռազմական գործողությունների թեժ կետեր՝ Մարտակերտ ու Մարտունի քաղաքներ համակարգել է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:
Հայ-ադրբեջանական պատերազմը, որը ուղեկցվում է լայնածավալ ռազմական գործողություններով, ցույց տվեց նաև, թե որքան անպաշտպան են քաղաքացիական բնակչությունն ու լրագրողները, որոնք իրենց մասնագիտական պարտք են կատարում Հայաստանում և Արցախում:
«Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949 թվականի ժնևի կոնվենցիայի լրացում արձանագրությունը ընդունված 1977 թվականին Հայաստանում ուժի մեջ է մտել 1993-ին ունի հատուկ արձանագրություն, որտեղ ամրագրված են լրագրողների պաշտպանության միջոցները:
Կոնվենցիայի 79-րդ հոդվածում ասվում է.
- Զինված ընդհարման շրջաններում վտանգավոր մասնագիտական գործուղումների մեջ գտնվող լրագրողները դիտվում են որպես քաղաքացիական անձինք (50 հոդվածի 1 կետ):
- Որպես այդպիսիք՝ նրանք օգտվում են պաշտպանությունից կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան, պայմանով, որ ոչ մի այնպիսի գործողություն չեն կատարի, որն անհամատեղելի է քաղաքացիական անձանց նրանց կարգավիճակի հետ, և կգործեն առանց վնաս հասցնելու զինված ուժերում հավատարմագրված զինվորական թղթակիցների` երրորդ կոնվենցիայի 4 A.4 հոդվածով նախատեսված կարգավիճակի իրավունքին:
- Նրանք կարող են ստանալ այն նմուշի անձնական վկայական, որը կցված է սույն արձանագրությանն առընթեր 2-րդ հավելվածում: Այդ վկայականը, որը տրվում է այն պետության կառավարության կողմից, որի քաղաքացին է հանդիսանում լրագրողը, կամ որի տարածքում նա բնակվում է մշտապես, կամ որտեղ գտնվում է տեղեկատվական գործակալությունը, որտեղ նա աշխատում է, հավաստում է այն ներկայացնողի կարգավիճակը, որպես լրագրող:
Հոկտեմբերի 1-ին, Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում տեղի ունեցած լրագրողական խմբերի հրետակոծումը, որի արդյունքում լրագրողները վիրավորվել են, տեղափոխվել հիվանդանոց ու ապաստարան, այն ցավալի իրողությունն է, որը ստիպում է խոսել ադրբեջանական զինված ուժերի միջազգային նորմերի խախտումների մասին նաև լրագրողների իրավունքների ոտնահարման տեսակետից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տարածել է հայտարարություն, որտեղ դատապարտում է լրագրողների հրետակոծումը:
«Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուստով, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան: Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում»,- հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ լրագրողները չեն եղել առաջնագծում, այլ տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հրետակոծության ժամանակ:
Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը ևս հայտարարություն է տարածել երեկ Ադրբեջանի կողմից իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին ռմբակոծելու փաստի առիթով:
«Այս ռմբակոծությունը չունի արդարացում: Խաղաղ բնակիչներն ու առաջին հերթին լրագրողները զինվորական թիրախներ չեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: