Հայ-ադրբեջանական պատերազմը հանրային բոլոր հարթակներում աննկարագրելի արագ տեղի ունեցած մոբիլիզացիայի օրինակ է՝ սկսած պետական համակարգումից, վերջացրած ամենափոքր անհատական նախաձեռնությամբ:
Սոցիալական մեդիան նույնպես զենք է, որը համախմբում է մարդկանց առճակատումների ու պատերազմների ժամանակ: Հայ օգտատերերի զանգվածային հոսքը դեպի Թվիթեր արդեն փաստ է, շատերը գրեթե բանակային պարտաճանաչությամբ աշխատում են որպես Հայաստանի տեսակետը տարածողներ: Այնտեղ նույնպես պատերազմ է՝ հակառակորդի ապատեղեկացնող լրահոսի ու տարբեր կեղծ հաշիվների ու ատելության քարոզի դեմ:
Բայց այն, որ Հայաստանում արագ տեպմերով քաղաքականացվում է ՏիկՏոկը, մի ցանց, որից ոչ ոք չէր սպասում լուրջ բովանդակություն ու պայքար, թվում է զարմանալի:
Չինական այս հարթակը սիրում է զվարճալի կարճ տեսանյութեր, տարօրինակ հումոր, մեմեր ու ենթամշակութային բոլոր դրսևորումները:
Ու որքան էլ կարծենք, որ ՏիկՏոկը միայն դեռահասների, լուսանցքային մարգինալների ու թեթևամիտ վիդեո բովանդակության հարթակ է, միևնույն է այստեղ մեծ ներուժ կա: Թեկուզ միայն այն պատճառով, որ սա հայելի է, որը ցույց է տալիս տաքարյուն, ինքնահաստատվել ցանկացող ու մեծ հաշվով կրթական բարձր աստիճան դեռևս չունեցող երիտասարդ, անգամ մանուկ լսարանի նախասիրությունները:
Եղիր պարզ ու զվարճալի, որ լսարան ունենաս: Այս սկզբունքով էլ մարդիկ պարում են, ծամածռվում, սարսափեցնում ու պատմում իրենց համար կարևորի մասին՝ յուրահատուկ լեզվով ու ոճով (ճիշտ ասած, երբեմն իրոք սարսափեցնող):
Այստեղ ամեն ինչ ուռճացվում է:
Պատերազմի առաջին իսկ օրը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածեց հայտարարություն՝ խնդրելով, որ պատերազմի օրերին ծնողները երեխաներին հեռու պահեն սոցցանցերից՝ հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության կանոնները:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրեց ցուցաբերել զգուշավորություն և լարված օրերին բացառել հատկապես ՏիկՏոկից օգտվելը:
Վարչապետին կից գործող «Տեղեկատվության կենտրոն»-ի ղեկավարն էլ հորդորեց երիտասարդներին ինֆորմացիոն պատերազմի մեջ ներառել ՏիկՏոկն ու ակտիվանալ այդ ցանցում:
Այստեղ թեև քաղաքական բովանդակություն գրեթե չկա, բայց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ չի տալիս թերագնահատել ՏիկՏոկը, որը թեև լիքն է անհեթեթ տեսանյութերով, բայց բոլոր դեպքերում այն դանդաղորեն քաղաքականացվում է:
«ՏիկՏոկը հենց սկզբից էլ պրոբլեմատիկ սոցցանց էր: Եվ եթե ինքդ մեջը ինչ-որ բովանդակություն չլցնես, դա կանեն մյուսները: Իսկ դա լավ չէ: Իհարկե, դժվար է հաշվարկել ՏիկՏոկի արդյունավետությունը տեղեկատվական պատերազմներում, քանի որ այնտեղ առաջին կամ երկրորդ դասարանցի երեխաներ կան ու ամեն ինչը անկանխատեսելի է»:
Անկանխատեսելիության մասին ասում է նաև վիդեոբլոգեր Ագնես Խերանյանը: Եվ ցանկության՝ ավելի խելամիտ օգտագործել ՏիկՏոկը, որը պատերազմի օրերին լցվել էր մի կողմից ադրբեջանական քարոզով, մյուս կողմից՝ հայ տիկտոկցիների հուզական ու վտանգավոր բովանդակությամբ:
ՏիկՏոկի վտանգն ու հեռանկարը՝ այսօր
«Պատերազմն առիթ էր, որից սկսեցին օգտվել շատերը ու տեղադրել այնպիսի վիդեոներ, որոնք վտանգավոր էր տարածել պատերազմի ժամանակ: Եղավ կարիք ավելի ստուգված ու ճիշտ ինֆորմացիա գեներացնելու: Հիմա երբ հայ տիկտոկցիները վիդեո են տեղադրում, ադրբեջանցիները լցվում են՝ մեկնաբանելու: Եվ որքան շատ են գրում և որքան ակտիվ են նրանք մեր վիդեոների տակ, այնքան ավելի շատ են այդ վիդեոները տարածվում: Եվ նույնն էլ աշխատում է հակառակ դեպքում»,- ասում է Ագնեսը:
Սամվել Մարտիրոսյանը ՏիկՏոկն ակտիվացնելու (ու նաև զտելու) փորձը կարևոր է համարում, քանի որ «ադրբեջանցիները ինչ ասես լցնում են ու ալգորիթմն այնպես է աշխատում, որ դա հիմնականում մենք ենք տեսնում: Ասենք, դիակներ, արյուն…»:
«Մեր տիկտոկցիներից շատերն արդեն տեղադրել էին տեսանյութեր, որտեղ երևում էր մեր պահեստային զորքերի, զինտեխնիկայի շարժը: Եվ Ադրբեջանը բավականին շատ տեղեկություն էր այդպես ստանում: Դա կասեցնելու համար նաև կառավարությունը փորձեց հայ տիկտոկցիների էներգիան ուղղել ինչպես ասում են՝ խաղաղ հունով: Չգիտեմ, թե որքանով արդյունավետ կլինի հետագա համագործակցությունը, բայց այս պահին պետք էր կանգնեցնել անկառավարելի ու վտանգավոր բովանդակության տարածումը»,- ասում է նա:
ՏիկՏոկի հայկական հատվածում հիմա ակտիվ է Armenian House խումբը, որտեղ հավաքված են հիմնականում դեռահասներ: 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին նաև ստեղծվեց հատուկ խումբ, որը փորձում է թարգմանել ու տարածել Հայաստանի պաշտոնական տեսակետը և չոր տեղեկատվությունը գրավիչ ու մատչելի լեզվով: Պահանջ կար նաև անգլերեն լեզվով բովանդակության:
Արդյունքը եղավ այն, որ օրինակ, երիտասարդ տիկտոկցի Լիլիթ Բրոյանի վիդեոն Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմի մասին տարածեց ցանցային աստղ Քիմ Քարդաշյանը՝ կարևորելով ասելիքն ու նման ֆորմատը: Բնականաբար նաև՝ հարյուրապատկելով դիտումները:
Շատ դիտումներ
ՏիկՏոկում վիդեոները մեծ դիտումների են հասնում ցանցի ալգորիթմի շնորհիվ:
«ՏիկՏոկն աշխատում է արհեստական բանականությամբ՝ շատ չտարբերելով պատերա՞զմ է, թե՞ ոչ: Այն հասկանում է միայն, որ ինչ-որ կապ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև ու սկսում է մեր վիդեոները ցույց տալ ադրբեջանցիներին, իսկ իրանցը՝ մեզ: Եվ էդպես ստեղծվում է շիլա»,- ասում է Ագնեսը:
Իհարկե, թեթև ու անմտության հասնող զվարճալի կարճ վիդեոները, որոնք ուղեղը անջատելով միայն կարող ես նայել, ավելի շատ են, քան, ասենք, ստորգետնյա ենթամշակույթի տարրեր ունեցող բովանդակությունը կամ սուր հարցերի մասին ակնարկումները: Բայց Ագնեսը վստահ է.
«Որքան էլ զվարճալի լինեն ՏիկՏոկի վիդեոները, միևնույն է թրենդերում հայտնվում են պատմություններ, որոնցով մարդիկ կիսվում նն իրենց հետ պատահած ցավալի, դաժան դրվագներով, խոսում են իրենց քաղաքի, երկրի սոցիալական ու քաղաքական հարցերի մասին: Այնպես որ այստեղ միայն զվարճանք չէ»:
Վիդեոբլոգեր Հայկ Մկրտչյանը, որը երիտասարդ բլոգերներից ամենաշատն է սուր սոցիալական ու քաղաքական բովանդակություն ստեղծում, ասում է.
«Իրականում ես շատ եմ սիրում ՏիկՏոկը, պարզապես հասկանալի չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է հակադարձել ագրեսիվ քարոզչությանը: ՏիկՏոկը այն հարթակը չէ, որը ազդելու է միջազգային ընկալման վրա: Այնտեղ եթե դեռահասները տեսնում են ագրեսիվ վիդեո ու սկսում են իրենց հայրենասիրությունը ցույց տալ նույնքան ագրեսիվ մեկնաբանություններում, ուրեմն ավելի շատ են տեսնելու նույն կոնտենտն ու ավելի են նպաստելու դրա տարածմանը: Տեսար արյուն կամ դիակ, ուրեմն հենց դա ավելի շատ կտեսնես»:
Հայկի համար կարևոր է, որ տեղեկատվական պայքարում հույս չդնես հոգեցունց կադրերի վրա.
«Չեմ հավատում, որ կարելի է ստանալ ադեկվատ բովանդակություն՝ ագրեսիայի դեմ պայքարելով ագրեսիայով: Ու մյուս կողմից էլ՝ այն սերունդը, որն ուզում է իրավիճակը ճիշտ ընկալել ու իր դերը գիտակցել, թշնամանքի մեծ չափաբաժնի կարիք չունի: Թշնամանքի ներարկումը ամեն դեպքում հակադրվում է խելացի բովանդակությանը»:
Ընդհանրապես միշտ ծագում է հարց՝ ի՞նչ անել, որ ներկայությունը սոցցանցերում լինի ոչ միայն լայքերի ու դիտումների տեսքով, այլև իրականում օգտակար:
Կարելի է հիշել, թե ինչպես ՏիկՏոկը ազդեց Դոնալդ Թրամփի ելույթի վրա, երբ դեռահասները զանգվածաբար պատվիրեցին տոմս նախագահին լսելու համար, բայց չեկան, արդյունքում մարզադաշտը դատարկ էր, իսկ պատանիները՝ գոհ:
Հայկը կարևոր է համարում որքան կարելի է շատ մարդկանց ընդգրկելը տարբեր սոցցանցային արշավներում, որ պակասեն չեզոք դիրքորոշում ունեցողները: Տեղեկատվական պայքարը դա է.
«Ես վիդեոյի կողմնակից եմ, բայց տեսնում եմ, որ հիմա հիմնական տեղեկատվական պայքարը Թվիթերում է՝ բառերով: Ուզում եմ, որ մեր հռետորաբանությունը տարբերվի ադրբեջանցիներից: Անձամբ ես կփորձեի ավելի շատ օգտագործել ոչ թե մեր տեղական ազդեցիկ մարդկանց, այլ դրսի ու ավելի մեծ լսարան ունեցող տիկտոկցիներին կամ յություբերներին, որոնք կպատմեին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ի վերջո, մարդիկ ուզում են լսել ինֆլյուենսերների»:
Վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանն, օրինակ, նամակներ է գրել մի քանի հայ հայտնիների, ովքեր արձագանքել են Արցախի թեմայով իրենց սթորիներով: Իսկ Ֆեյսբուքում ստեղծած նրա Ինստագրադ խմբում մարդիկ նամակներ են ուղարկում հայազգի կամ հայամետ հայտնիներին, ինֆլուենսերներին, որոնք զբաղվում են հումանիտար գործերով։
«Մեր նպատակն է սոցիալական մեդիա ինֆլուենսերների միջոցով տարբեր ազգերի երիտասարդներին հասցնել խնդիրը, քանի որ երիտասարդները հաճախ լրատվամիջոցներին չեն հետևում, բայց իրենց սիրած ինֆլուենսերների խոսքը կարևորում են»,- ասում է նա:
Ռուբենը պատմում է, որ այդ ընթացքում բացահայտել են, օրինակ, ամերիկացի հայազգի ԴՋ-ի, ֆրանսիացի հայազգի ռեփեր, յութուբերների, որոնք ունեն մի քանի միլիոն հետևորդներ ու մեր նամակ-գրոհների արդյունքում ակտիվացել են, սթորիներ ու նյութեր են տարածում։
«Հիմա մեր նշանակետում է Լեոնարդ ԴիԿապրիոն, քանի որ գիտենք, որ նա Հայաստանի մանուկների հիմնադրամին նվիրատվություն է արել մի քանի տարի առաջ ու ակտիվորեն զբաղվում է մարդասիրական գործունեությամբ»։
Որքանո՞վ են պետք դեռահասների գրառումները ցանցերում՝ ինֆորմացիոն պատերազմների ժամանակ: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է.
«Խնդիրն այն է, որ դեռահասներն արդեն վաղուց կան ցանցերում ու հենց ՏիկՏոկում: Նրանց ճանաչելն ու հասկանալը կարևոր է միշտ»:
Եթե Յություբի, Ֆեյսբուքի կամ այլ սոցցանցերի տրամաբանությունը հասկանալի է, ապա ՏիկՏոկը, լրիվ ուրիշ աշխարհ է:
ՏիկՏոկում լիքն են տեսանյութեր, որոնք ոչ միայն պարզապես մակերեսային են, այլև այն աստիճանի մակերասային են, որ նույնիսկ հիասքանչ են: Դա իրականում ֆենոմենալ պարզություն է՝ հասնող աբստրակտ չգոյության:
Եվ դա իրականություն է:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: