Պատերազմի ժամանակ լուսանկարելը բարդ է ոչ միայն այն պատճառով, որ գործում են լրատվությունը սահմանափակող պահանջներ, այլև հարկավոր է անընդհատ ինքդ քեզ զգոն պահել՝ խմբագրելով և մտածելով չվնասելու սկզբունքի մասին:
Բուն ռազմական գործողությունների ֆոտո փաստագրումը անում են պետական մարմինները՝ գործի դնելով սեփական ֆիլտրերը: Իսկ անհատ լուսանկարիչները կամ խմբագրությունները, հիմնականում փորձում են որսալ այն պահը, որը հնարավոր չէ բացատրել ու նկարագրել միայն տեքստով:
2020-ի հայ-ադրբեջանական պատերազմը վավերագրող լուսանկարիչները առաջին իսկ օրից ուշադրություն դարձրեցին խաղաղ բնակչության ապրելակերպի կտրուկ փոփոխությանը՝ մտնելով ռմբապաստարաններ, հիվանդանոցներ, զինկոմիսարիտների բակեր: Ընդհանրապես՝ բակեր ու անհատական տարածքներ, որոնք ընդլայնվեցին մինչև ողջ պետության սահմանները:
Զենքից ու առաջնագծից բացի կարևորվեց թիկունքը, պատերազմի հետևանքը, որը հենց հիմա ու միանգամից փոխեց շատերի կյանքը: Մարդկանց կյանքը կիսեց փուլերի՝ մինչ պատերազմը և պատերազմի ընթացքում…
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը, որը հիմա Արցախում է, փորձում է գտնել մարդկային պատմություններ:
Ռազմական գործողություններն ու առաջնագիծը նա ոչ թե տեսնում է, այլ անընդհատ լսում. «Մենք գիշեր-ցերեկ լսում ենք պատերազմը՝ պայթյունների ձայնը, տագնապի ազդանշանները: Չգիտես, թե ինչ կլինի հաջորդ րոպեին: Ու գիտես, որ հիմա չկա անվտանգ հատված»:
«Լրագրողները ոչնչով չեն պաշտպանված: Թեև մենք պաշտպանված ենք տարբեր միջազգային կոնվենցիաներով, բայց դրանք միայն բառեր են, թղթի վրա գրած տեքստ: Իսկ իրականում, հակառակորդը չի նայի, որ «Press» նշան ունես»,- ասում է նա:
Նարեկի շարքը ապաստարաններից, որտեղ մարդիկ ընտանիքներով, երեխաներով փորձում են համակերպվել պատսպարված վիճակին, շատ ազդեցիկ է:
Մարդիկ, իրենց պատմություններն ու այդ պատմությունները վավերագրող լրագրողները նույն տարածքում են, մի քանի քառակուսի մետրի վրա, միասին:
Արցախում աշխատող բոլոր լրագրողները լավ հասկանում են, որ անվտանգության խնդիրները երբեք այսքան կարևոր չեն եղել, քանի որ ռազմական գործողությունները լայնածավալ են ու խիտ կրակահերթով:
Արեգ Բալայանի այս ֆոտոն ինքնին մի վեպ է՝ նախապատմությամբ ու երկար-երկար ճանապարհի մասին՝ դեպի ապագա: Եվ հասկանում ես, թե որքան բարդ է գտնել հավասարակշռող կետը, որտեղ հերոսների հույզերը զսպված են վերջին ճիգերով, իսկ դիտողի մոտ հույզերը դեռ շատ տարբեր փուլերով են անցնելու:
Վահան Ստեփանյանի համար լուսանկարը միջոց է: «Կարևորը ասելիքն է: Դա պիտի հասկանաս, հետո արդեն հեշտ է»,- ասում է նա:
Նա լուսանկարել է մարդկանց, որոնք կամավորներ են գրանցվում՝ Արցախ մեկնելու համար, ճանապարհում են ընկերներին, սիրած մարդկանց: Նրանք ցուցակագրվում են՝ պատերազմ մեկնող ավտոբուսներում տեղ զբաղեցնում:
Մարդիկ դառնում են սիմվոլ: Եթե այդպես է ուզում լուսանկարիչը:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: