Սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանում համավարակի հետ կապված արտակարգ դրությունը դադարել է գործել, և սա նշանակում է, որ հեռախոսների միջոցով մարդկանց անձնական տվյալներն այլևս չեն հավաքվի և օգտագործվի:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կուտակված հեռախոսային տվյալները ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո երկու շաբաթվա ընթացքում։
Օրենքը նախատեսում է, որ ոչնչացման գործընթացին մասնակցելու են «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի», Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և այն բոլոր մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք արտակարգ դրության ժամանակահատվածում հասանելիություն են ունեցել տվյալներին կամ մշակել են դրանք:
Ինչպես նաև գործընթացին կարող է մասնակցել մեկական ներկայացուցիչ Ազգային ժողովի խմբակցություններից` առանց տվյալները մշակելու իրավունքի:
Տվյալների ոչնչացումն իրականացվում է տվյալների նյութական կրիչների (տվյալների կենտրոնային համակարգերի կոշտ սկավառակների) ապամագնիսացման և ֆիզիկական ոչնչացման եղանակով՝ այն ձևով, որն անհնար է դարձնում վերականգնել տվյալների բովանդակությունը:
Արտակարգ դրության ժամանակ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասում է, որ տվյալների ոչնչացման օրենքում նկարագրված ճանապարհը երկար է քննարկվել մասնագիտական շրջանակների հետ։ Այսպես, նրա խոսքով, հնարավոր է դառնում ամբողջապես ոչնչացնել դրանք:
Իրավաբան Մովսես Հակոբյանն ասում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ գործնականում անհնար է հետ վերադարձնել ոչնչացված տվյալները․ «Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, այսօր բոլոր այն երկրները, որոնք վարակի կանխարգելման համար օգտագործել են այս գործիքը, չեն կարող վստահեցնել, որ հետագայում արտահոսք չի լինելու, հավաքված տվյալներն այլ նպատակներով չեն օգտագործվելու»:
Նրա խոսքով, օրենքի տեսանկյունից հարցը կարգավորված է, խնդիրը տվյալների հավաքագրման գործընթացում ներգրավված անձանց, ինֆորմացիայի տնօրինողների և կառավարիչների ազնվության մեջ է:
Հակոբյանն ասում է՝ Հայաստանում արդեն վատ պրակտիկա կա, երբ պետական գերատեսչություններից մեկը տարիներ առաջ դիմեց բջջային օպերատորներին անձնական տվյալներ ստանալու համար, որից հետո շուկայում սկավառակների վրա հայտնվեցին և տարածվեցին դրանք:
Այս դեպքի հետ կապված միակ իրատեսական լուծումը, ըստ իրավաբանի, հանրային վերահսկողությունն է, ինչքան հանրությունն ուշադրության կենտրոնում պահի արտահոսքի թեման, տվյալներ տնօրինողներն այնքան սթափ և զուսպ կլինեն։
Հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժին հետևելու օրենքը բուռն բանավեճերից հետո ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ մարտի վերջին: Պարետատունը վստահեցնում էր, որ եթե անգամ օրենքով մեկ մարդու կյանք պետք է փրկել, ուրեմն արժե այն ընդունել:
Հանրության վերաբերմունքն օրենքին միանշանակ չէր, մասնագետները կարծում էին, որ իրավաչափ չէ նման մեծ ծավալի տեղեկատվություն հավաքագրելն ու օգտագործելը: Նրանք վտանգ էին տեսնում գործիքը հետագայում հավաքների և այլ նպատակներով մարդկանց տեղաշարժին հետևելու տեսանկյունից:
Դեռևս պաշտոնական վիճակագրություն չկա, թե համավարակի դեմ պայքարի գործընթացում ինչ ռիսկեր է չեզոքացրել անձնական տվյալների օգտագործումը:
Ըստ օրենքի, տվյալների ոչնչացման փաստը հավաստվում է գրավոր արձանագրությամբ, որը ստորագրվում է ոչնչացման գործընթացին մասնակցած բոլոր անձանց կողմից և ենթակա է հրապարակման Կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև համապատասխան քանակի օրինակներով տրամադրվում է ոչնչացման գործընթացին մասնակցած բոլոր անձանց:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: