Սեռն ու մասնագիտական կարիերան երբեմն ուղիղ կերպով, երբեմն էլ միջնորդավորված են փոխազդում միմյանց վրա:
Շվեդական Ֆոյո մեդիաինստիտուտը (Fojo Media Institute) Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերների հետ համատեղ անցկացրեց «Միջազգային մեդիադաշտի համեմատական պատկերը. զբաղվածության և կարիերայի գենդերային խնդիրները» գիտական հետազոտություն։
Անանուն հարցաթերթիկների միջոցով հավաքվել են տվյալներ մեդիա ոլորտում աշխատողների սեռի, կրթության, մեդիաինդուստրիա մուտք գործելու դրդապատճառների, սեփական աշխատանքից բավարարվածության, աշխատավարձերի մասին: Հաշվի են առնվել նաև խտրականության, ոտնձգության դեպքերի առկայությունը, ատելության, սպառնալիքների ու հետապնդումների դրսևորումները:
Ուսումնասիրվել է, թե ինչպես են միմյանց հետ կապված մեդիաոլորտի աշխատողի սեռն ու լուսաբանման թեմաները, վճարի չափն ու մասնագիտական հեռանկարները:
Դիտարկվել է այսպես կոչված «ապակե առաստաղի» դերը, երբ որոշ խմբերի համար գոյանում են անտեսանելի ու չձևակերպված պատնեշներ, հիերարխիկ առաստաղներ, որոնք թույլ չեն տալիս կարիերա կառուցել:
Զանգվածային հարցաթերթիկային հարցումներին մասնակցել են մեդիաոլորտի աշխատակիցներ և փորձագետներ: Հարցվածները 973-ն են, այդ թվում Հայաստանում 103 (71 կին և 30 տղամարդ, երկու հարցված սեռը չեն նշել): Բոլորը պատասխանել են 36 հարցերի, անանուն: Իսկ խորքային փորձագիտական հարցմանը մասնակցել են 3 փորձագետ, 2 կին և 1 տղամարդ:
Ու թեև այս հետազոտությունը նպատակ ուներ ներկայացնելու ընդամենը գենդերային խնդիրները, սակայն հետագայում այն ավելի լայն պատկեր ցույց տվեց:
Հայաստանի ընհանուր միտումները
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո պատկերը հետևյալն է. քիչ են իրապես անկախ լրատվամիջոցները, իսկ որոշ լրատվամիջոցներ՝ դառնալով անկախ կամ ստանում են գրանտային ֆինանսավորում կամ ստիպված են ստեղծել կոմերցիոն նախագծեր: Օրինակ, գրանտերով է աշխատում Հետաքննող լրագրողների ասոցիացիան՝ Հետքը, իսկ այլ լրատվամիջոցներ հետաքննություններ են անում դրվագային եղանակով:
Եվ ստացվում է, որ իրական հետաքննությունը հնարավոր է միայն հիմնադրամների շնորհիվ:
Բոլորի կարծիքով, տպագիր մամուլը Հայաստանում հեռանկարներ չունի, ծիծաղելի փոքր են տպաքանականերն ու գովազդը:
Ըստ հետազոտության՝ Հայաստանի լրատվամիջոցները բաժանված են երկու մասի՝ մի քանի իշխանամետ մեդիա, որոնք պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանին հեղափոխության ժամանակ (նաև որոշ չափով պետական լրատվամիջոցները) և մեծ քանակի փոքր ու մեծ լրատվամիջոցներ, այդ թվում հեռուստաալիքներ, որոնք աջակցում են նախկին իշխանություններին:
Մեջբերվում է փորձագետների կարծիքը, որ «նախկինները խոշոր ֆինանսական ռեսուրսներ ունեն և ներարկումներ են անում մեդիայում»: Բացի դրանից՝ «նաև մի քանի լրատվամիջոցներ են գնել, երբ հասկացան, որ պետք է պաշտպանվել, քանի որ նոր իշխանությունները սկսեցին հետաքննել կոռուպցիոն գործարքները»:
Լրատվամիջոցներում առկա իրավիճակը փորձագետները բնութագրել են որպես «շատ տոքսիկ», քանի որ լրատվական դաշտի «երկու կողմերը ինչ ասես շպրտում են իրար վրա», արդյունքում՝ «քարոզչության ու գզվռտոցի թափոնների տակ լսելի չեն իրականում անկախ լրատվամիջոցները»:
Եվ առողջացման հույս չկա, քանի որ «ոչ երեկ, որ այսօր, ոչ էլ մոտ ապագայում չենք կարող ասել, որ Հայաստանում լրատվամիջոցները օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր են»:
Որպես գլխավոր պատճառ նշվում է այն, որ լրատվամիջոցները «ներքաշված են լուրջ քաղաքական խաղերի մեջ, այդ թվում նաև փողի ներարկումներով՝ տարբեր կուսակցություններից ու քաղաքական ճյուղերից»:
Լուրջ առճակատումը մեդիա դաշտում լրատվամիջոցներին բաժանել է երկու ճամբարի, որտեղ գովազդային շուկայի փողերը լուրջ դեր չեն խաղում:
Այստեղից ծագում են այն խնդիրները, որոնք կան ողջ աշխարհում՝ ակտիվանում են սոցցանցերը, գեներացվում են կեղծ լուրերը, շարունակում է ակտուալ լինել սեփականատերերի ոչ թափանցիկ լինելու փաստը:
Եթե անգամ լրատվամիջոցները փորձում են լինել անկախ՝ արտաքին փողից, ու մոնետիցազնել սեփական բովանդակությունը, դրանք արդյունավետ փորձեր չեն:
Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ: Փորձագետներն, օրինակ, կասկածում են, որ լսարանը լրատվամիջոցներից իսկապես պահանջում է օբյեկտիվ տեղեկատվություն: Լսարանը լուրջ չի ընդունում այն մեդիան, որը փորձում է հարթակ տրամադրել բոլոր քաղաքական դերակատարներին: Եվ ավելի մեծ է ընդդիմադիր լրատվամիջոցների լսարանը, ընդ որում՝ այդպես եղել է վերջին 20 տարիներին:
Քաղաքական բաղադրիչից բացի կարևոր դեր են խաղում տեխնոլոգիաները: Բոլորը արտահայտվելու հնարավորություն ունեն և շտապում են անել դա: Արդյունքում՝ սոցիալական մեդիան ստվերում է լրատվամիջոցներին՝ դառնալով լրահոսի սկզբնաղբյուր:
Թվային միջավայրը նաև երիտասարդացրեց լրագրողական համայնքը, որը ավելի հաճախ է աշխատանքը փոխում, փորձարկում նոր մուլտիմեդիա ֆորմատներ:
Ընդհանուր առմամբ՝ լրագրությունը Հայաստանում գրավիչ մասնագիտություն է: Փաշինյանն ինքն է լրագրող, շատ են լրագրողները նաև իր թիմում, և դա համարվում է հաջողության օրինակ:
Նախորդ տարիների փորձը, երբ իրեն հարգող ցանցած քաղաքական հեղինակություն սեփական լրատվամիջոցն ուներ և նաև այսօրվա վիճակը հանգեցրեցին այն բանի, որ դաշտում շատ են պատահական մարդիկ, որոնք սովորում են արագ քոփի-փեյսթ անել, և կոպիտ ասած՝ տարբեր կարծիքներ շարադրող բարձրախոսի դերում են:
Հայաստանում լրատվամիջոցների քանակը մեծ է, և աշխատանքային շուկան դրան արձագանքում է այսպես. «լրատվամիջոցները գործի են ընդունում, ում պատահի, ասենք, ուսանողների, որոնք չունեն հստակ պրոֆեսիոնալ հմտություններ և պատկերացում էթիկական նորմերի մասին, և դրանով իսկ՝ փչացնում են երիտասարդ լրագրողներին»:
Տեղի է ունենում սահմանների լղոզում, երբ օրինակ, մարդիկ կարծում են, որ լրագրողի հոդվածի ու Ֆեյսբուքի գրառման միջև տարբերություն չկա:
Դրան գումարվում է նաև լսարանի ոչ պահանջկոտությունը: Սկանդալային վերնագրերով լուրերն ավելի են պահանջված, քան լուրջ հոդվածները:
Թեև պատճառները շատ են, բայց փորձագետները առաջնային են համարում ֆինանսական բաղադրիչը, երբ մեդիա սեփականատերին ձեռտու չէ պահել լավ վճարվող նյուսրում, և ավելի հեշտ է վճարել մի քանի մարդու, որոնք copy–paste կանեն սոցցանցային գրառումները՝ առանց ստուգելու ու լրագրողական աշխատանք կատարելու.
«Այս ֆոնին լավ լրագրողների աշխատանքը արժեզրկվում է»:
Հետաքրքիր է, որ գենդերային հարցերը այս հետազոտության մեջ դառնում են ավելի քիչ կարևոր, քան շուկայի ընդհանուր վերլուծությունը:
Մեդիաոլորտի ֆեմինիզացիա
Մի կողմից՝ բոլորը ընդունում են, որ Հայաստանի մեդիա դաշտում կանայք զգալի ներկայություն ունեն, սակայն փոխվել է այն իրավիճակը, «երբ բոլոր լրագրողները կանայք էին, իսկ գլխավոր խմբագիրը՝ տղամարդ»:
Կանայք ավելի ճկուն են, որպես կանոն տիրապետում են օտար լեզուների (լրագրող են դառնում հիմնականում բանասիրական կրթություն ունեցողները, որոնց մեծ մասը կանայք են):
Հետաքրքիր է, որ մեդիային դրամաշնորհ տրամադրողները հաճախ պարտադրում են, որ պահպանվի գենդերային հավասարակշռությունը, ինչը բարդ է անել, երբ դաշտում մեծամասամբ կանայք են, իսկ տղամարդկանց ներգրավումն ավելի բարդ է:
Եվ, իհարկե, հիմնական խնդիրները ոչ բարձր աշխատավարձերն են, որոնք վանում են տղամարդկանց, քանի որ համարվում է, որ իրենք են «ընտանիք կերակրողն» ու պետք է ավելի լավ վարձատրվող գործ ունենան:
Փորձագետները նշում են, որ կանաց և տղամարդկանց հայացքները իրադարձություններին տարբեր են (ոչ լավը, ոչ վատ, պարզապես տարբեր), ասենք, նույն պատմությունը նրանք տարբեր կերպ են պատմում: Եվ քանի որ տղամարդիկ քիչ են մեդիայում, նաև այդ պատճառով են նրանց աշխատավարձրներն ավելի բարձր:
Եվ ստացվում է, որ հայաստանյան լրագրության մեջ գերակշռում է որոշակի կանացի հայացքը:
Այն, իրավիճակում, երբ գրեթե բոլոր բուհերը ունեն լրագրության ֆակուլտետներ, ավելի շատ հենց կանայք են սկսում աշխատել իրենց մասնագիտությամբ ու ավելին՝ հակված են դա համարել իրենց կոչումը:
Դա ապացուցում են հարցման արդյունքները:
Ցածր աշխատավարձները դրդում են լրագրողներին միաժամանակ մի քանի տեղ աշխատել կամ ստիպված դառնալ ֆրիլանս, մի կողմից՝ այդպես ռեժիմն է ավելի ճկուն, մյուս կողմից՝ կայուն աշխատատեղերն են սակավաթիվ:
Ընդհանրապես, լրագրողների վճարները սեռական հատկանիշով պայմանավորված շատ չեն տարբերվում: Շատ դեպքերում, տղամարդիկ մի քիչ ավելի են ստանում, քան կանայք, բայց փորձագետների կարծիքով՝ ավելի կարևոր է, թե որ լրատվամիջոցում են նրանք աշխատում: Ավելի լավ են վճարում պետական լրատվամիջոցները և հեռուստաալիքները:
Փորձագետները կարծում եմ, որ տղամարդկանց ավելի շատ են վճարում նաև այն պատճառով, որ ցույցերի, ռազմական գործողությունների, բողոքների լուսաբանմանը լրատվամիջոցները գերադասում են ուղարկել տղամարդկանց:
«Տղամարդիկ ավելի ցանկալի են խմբագրությունների համար» այս մտքին գումարվում է նաև մյուսը՝ «աշխատավարձների տարբերությունները բոլոր դեպքերում դրամատիկ չեն»: Եվ եթե լրատվամիջոցի «աստղը» կին է, նա է ավելի լավ վարձատրվում:
Մեդիա մուտք գործելու դրդապատճառները
Հարցվածների գրեթե երկու երրորդը՝ 62,4% -ը ունեն լրագրողական կրթություն: Եվ կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ, նշում են, որ մեդիաոլրոտում իրենց աշխատանքը կոչում է:
Կարիերա աճի մասին փաստում է տղամարդկանց 33,3%-ը, իսկ կանանց 25,1%-ը:
Կարիերային աճի պարագայում փորձագետները չեն տեսնում գենդերային խտրականություն, թեև հասարակության մեջ քիչ չեն կարծրատիպերը և սեքսիստական դրսևորումները: Պարզապես դրանք այդքան էլ չեն արտացոլվում լրագրության մեջ:
Հետաքրքիր է նաև, որ մեդիա ոլորտում աշխատողների մեծ մասը (85%-ից ավելին) բավարարված է իրենց աշխատանքով: Այդ մասին են փաստում տվյալները, որ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտավորապես երկու երրորդը համարում է, որ իրենց որակավորումը համապատասխանում է կատարած աշխատանքին:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ «ապակե առաստաղի» գոյությունը չի նկատվում կարիերա անել ցանկացող կանանց մոտ:
Գենեդերային խտրականությունը չափող մեկ այլ ցուցանիշ որոշվում է լուսաբանվող թեմաների շրջանակով, երբ որևէ խումբ սահմանափակված է թեմաների ընտրությամբ (դա էլ այսպես կոչված «ապակե պատերի» ցուցիչ է):
«Ո՞ր թեմաներն են հիմա լուսաբանում և որը՞ կուզեին լուսաբանել» հարցը ստացել է հետևյալ պատկերը.
Եվ ստացվել է, որ ցանկությունները հաճախ համընկնում են հնարավորությունների հետ:
Հարցված տղամարդ լրագրողների մոտավորապես կեսը (46,8%) քաղաքական թեմաներ է լուսաբանում, և հենց դա էլ ուզում է անել: Կին լրագրողները ավելի շատ ընտրում են քաղաքական, մշակութային ու սոցիալական թեմաները, թեև կցանկանային ավելի քիչ լուսաբանել սոցիալական հարցերը:
Փորձագետները կարծում են, որ լրագորղական հետաքննություններում սեռը կարևոր չէ, իսկ վերլուծական լրագրության մեջ կանանց դերն ավելի մեծ է, պարզապես այն պատճառով, որ կին լրագրողներն են շատ:
Ուշագրավ է, որ հետազոտությունը ցույց է տալիս, թե ավելի շատ սպառնալիքներ են ստանում, արժանանում ատելության խոսքերի ու ենթարկվում հետապնդումների տղամարդիկ:
Հարցվածների երեք քառորդը չեն կապում թշնամանքը սեռի հետ:
Փորձագետները նշում են, որ նախկինում իշխանությունները ոչ այնքան ճնշում էին լրագրողներին, որքան մերձենում նրանց հետ, ինչը ոչ ուղիղ քաղաքական ճնշման, այլ ավելի շուտ վերահսկման ու գրաքննման ձև էր:
Հիմա իրավիճակն ավելի «մեղմ» է, իշխանությունները զուսպ են մեդիայի նկատմամբ, և «լրատվամիջոցները ապրում են ավելի ազատ տեղեկատվական միջավայրում, իշխանությունների հետ հարաբերությունների տեսակետից»:
Հիմա ավելի շատ փորձում են ոչ թե սպառնալ, այլ վարկաբեկել լրագրողներին կամ ստվերել նրա աշխատանքը: Եվ թիրախավորվում է հենց լրագրողի անձը, նրա բարոյական կերպարը:
«Կին լրագրողներին էլ փորձում են վիրավորել ոչ թե որպես լրագրողի, այլ որպես կնոջ»:
Աշխատանքային պայմանները
Ողջ աշխարհում գոյություն ունի գենդերային խտրականություն աշխատանքի ոլորտում: Հետազոտության հեղինակներին զարմացրել է, որ Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչները դժվարացել են պատասխանել՝ կա՞, թե՞ չկա խտրականություն մեդիա դաշտում: Նրանք եզրակացրել են, որ միգուցե հարցվածները խուսափել են պատասխանել:
Հարցվածների միայն 30%-ն է նշել, որ կա գենդերային խտրականություն՝ առանձնացնելով աշխատավարձն ու ղեկավար պաշտոններ զբաղեցնելու հնարավորության պակասը:
Միևնույն ժամանակ, ղեկավար օղակներում ու որոշում ընդունողների շարքում տղամարդկանց քանակը երկուսուկես անգամ շատ է, քան կանանց:
Հակառակ պատկերն է ավելի ցածր օղակներում, որտեղ կանայք երկու անգամ շատ են: Այսինքն, բուրգի վերևում տղամարդիկ են, ստորոտում՝ կանայք:
Եվ անկախ սեռից, քիչ լրագրողներ ունեն աշխատանքային պայմանագրեր, հետևաբար՝ պաշտպանվածություն: Կա սովորություն վճարել ծրարով և գումարները ստվերային են:
Հետազոտության մեջ մեկ այլ հետաքրքիր եզրակացություն է արվում. որպես կարևոր թեմաներից գիտակ փորձագետներ մեդիան հազվադեպ է կանանց հրավիրում: Այդպես են կարծում հարցվածների մեծ մասը:
Պատասխանները հետևյալն են. տղամարդ-փորձագետներն ավելի համոզիչ են և լսարանը նրանց ավելի է վստահում:
Փորձագետները դա բացատրում են այն փաստով, որ պահանջաված են քաղաքական ոլորտի փորձագետները, որոնք հիմնականում տղամարդիկ են: Իսկ քաղաքական օրակարգը Հայաստանի մեդիայի համար առաջնային է, ի տարբերություն սոցիալական սուր հարցերի, որոնք թույլ են տալիս «կանացի հայացք»:
Այս գրաֆիկով երևում է, թե ինչպես են այս հարցին պատասխանել տարբեր երկների հարցվածները.
Վրաստանում, օրինակ, համոզված են, որ բալանսը պահպանվում է: Հայաստանի հայացքն ամենահոռետեսականն է:
Գենդերային կարծրատիպեր
Տարբեր գենդերային կարծրատիպերը որոշելու համար կա հարց, թե ինչ դեր ունեն աշխատանքն ու ընտանիքը:
Պատասխանները շատ ուշագրավ մտքերի առիթ են տալիս: Ընտանիքն ու աշխատանքը հավասարապես են գնահատվում:
Իսկ Ուկրաինայում, օրինակ, կանանց ճնշող մեծամասնությունը (77%) համաձայն չէ, որ կնոջ համար ընտանիքն ավելի կարևոր է, քան աշխատանքը: Իսկ 97%-ը համաձայն չէ, որ ընտանիքի կերակրողը պիտի լինի տղամարդը:
Թեև հայաստնյան փորձագետները նշում են, որ կան գենդերային կարծրատիպեր, որ տղամարդը համարվում է ընտանիքի գլուխ և կերակրող և հասարակությյան մեջ պահպանվում է կարծիք, որ կնոջ համար կարևորը ընտանիքն է, սակայն շատ բան փոխվում է ակամայից:
Ու չնայած, որ Հայաստանում տղամարդիկ ավելի կոնսերվատիվ հայացքերի կրողներ են, շատ կանայք իրենք չեն ուզում կոտրել այդ կարծրատիպերը:
Կան ակտիվ կանայք ու ղեկավարներ, բայց քանի որ շատ ընտանիքներում տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, կանայք ստիպված են նաև դառնում ընտանիքի գլուխ՝ զբաղեցնելով ավելի բարձր մասնագիտական ու սոցիալական դիրքեր:
Իսկ մեդիան հիմնականում տարածում այն կանանց կերպարը, որոնք «օջախի պահապաններն» են:
Օրինակ, հարցված տղամարդկանց 72,4%-ն ասել է, որ իրենց համար կարևոր չէ իրենց լրատվամիջոցի ղեկավարը կին է, թե տղամարդ: Ինչը ըստ հետազոտության հեղինակների՝ կարծրատիպերի քայքայման ցուցանիշ է:
Հետազոտողները եզրակացնում են, որ գենդերային տարբերությունները Հայաստանի մեդիա ոլորտում զգալի չեն:
Հարցվածների 90%-ն ասել է, որ աշխատավայրում չի հանդիպել սեռական ոտնձգությունների դեպքերի:
Փորձագետների կարծիքով, դա շատ տաբուացված հարց է, որը հանրայնորեն չի քննարկվում և կարող է գոյություն ունենալ որպես «բացասական հանդուրժողոկանություն»:
Կան դեպքեր, երբ սեռական ոտնձգության մեղադրանքները զենք են՝ ուղղված ընդդիմադիրներին: Կամ մեղադրվում է հենց մեղադրողը՝ առավել աղմուկ ստեղծելու ցանկության համար:
Համեմատություններ
Հարցումն անցկացվել է տարբեր հետխորհրդային երկներում և ի հայտ են եկել շատ նմանություններ: Ինչպես մեդիայի քաղաքականցված լինելը, այնպես էլ ոլորտի ֆեմինիզացիան (ընդ որում՝ ամենից շատ կանայք կան Վրաստանի մեդիայում):
Դրան գումարվում է օնլայն հարթակների հասանելիությունը և աշխատաքային պայմանների նմանությունը:
Այս գրաֆիկից երևում է, որ հայաստանցի լրագրողներն իրենց աշխատանքում առաջնային են համարում ստեղծարար մոտեցումը:
Բոլոր երկների հարցվածների մեծամասնությունը վստահ է, որ մեդիաոլորտում չկա ակնհայտ սեռական խտրականություն: Դրա վկայությունը իրական կյանքն է, որը տեսնում են լրագրողները՝ աշխատելով ֆեմինիզացված միջավայրում:
Հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ դրան նպաստում են թերևս ոչ թե գենդերային հարցերով թրեյնինգները, այլ հենց իրականությունը, որը դուրս է գալիս կարծրատիպերից՝ սկզբից փոխելով լրագրողների, հետո ողջ հասարակության պատկերացումները:
Պարզապես կարևոր հարց է կնոջ կերպարը լրատվամիջոցներում: Որ կինը չներկայացվի որպես զոհ (նման օրինակները շատ են Մոլդովայում և Հայաստանում), խարդախություն հարահրող կամ անգիտակից էակ: Կամ էլ ներկայացվի որպես տղամարդու նեցուկ ու օգնական, այսինքն, լինի երկրորդական դերում:
Տարբեր երկների փորձագետներ ցանկանում են, որ մեդիայում ավելի շատ լինեն օրինակներ, թե ինչպես են հայրերը զբաղվում երեխաների հետ, կամ ինչպես են կանայք մուտք գործում մեծ քաղաքականություն:
Բայց, հաճախ լրատվամիջոցների ղեկավարները նույնպես կարծրատիպային մտածողությամբ մարդիկ են: Եվ մենք տեսնում ենք կնոջը ընտանիքի գրկում, իսկ տղամարդուն՝ որոշումներ ընդունելիս:
Ուկրաինայում, օրինակ լրագրողներն անգամ հակամրցանակ ունեն, որը հանձնում են առավել սեքսիստական հայացքներով լրատվամիջոցին: Ռուսաստանում նույնպես կա «տարվա սեքսիստ» մրցանակ, որը ստանում են հանրային դեմքերը:
Բոլոր երկների հարցվածների մեծ մասը համակարծիք է՝ կարևորը սեռը չէ, այլ պրոֆեսիոնալիզմը:
Հետազոտության հեղինակները սակայն նշում են, որ կան կարիերային սահմանափակումներ (կանայք շատ են, բայց ոչ ղեկավար դիրքերում), հատկապես դա նկատվում է Հայաստանում և Ռուսաստանում:
Իսկ դա հանգեցնում է ոչ հավասարաչափ վճարման պրակտիկային: Բացի դրանից՝ սոցիալապես ավելի ապահով դիրքերում ավելի հաճախ տղամարդիկ են, քան կանայք:
Եվ մեդիաոլորտի ֆեմինիզացիան ոչ այնքան պայմանավորված է կանանց մուտքով ոլոր, այլ տղամարդկանց հեռացումով:
Որպես գենդերային խտրականության կարևոր կետ նշվում է «կանացի հայացքի» պակասը մեդիայում՝ փորձագիտական կարծիքների ու հյուրերի տեսքով:
Պատճառաբանություններից մեկն այն է, որ կանայք քիչ են ղեկավար պաշտոններում: Արդյունքում ստացվում է, որ լրատվական դաշտը ամրապնդում է որոշում ընդունող շերտում գենդերային անհավասարությունը:
Միաժամանակ իրավական ու զգացական դաշտում գտնվող այս հարցերը կարող են լուծում ստանալ ավելի սերտ համագործակցությամբ ու հաջող փորձի փոխանակմամբ, եզրակացնում են հետազոտության հեղինակները: Որպեսզի լրագրողները խուսափեն անգամ անգիտակցորեն տարածել խտրական ձևակերպումներն ու օրինակները, ավելի մեծ ուշադրություն դարձնեն էթիկական բաղադրիչին և ավելի բաց հասարակություն կառուցեն:
Նունե Հախվերդյան
Հարցման գաղափարը, մոտեցումները, հարցերը և հարցաթերթիկը մշակված են FOJO Media Institute-ի և իրենց գործընկերների կողմից։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աջակցել է հարցաթերթիկի հայերեն թարգմանության և տարածման գործում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: