2020.06.17,

Նյուսրում

ՀՌՀ-ԱԺ. Սովորենք ապրել տհաճ տեսալսողական իրավիճակում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հունիսի 17-ին ԱԺ-ում քննարկվող ՀՌՀ նախագահի զեկույցն ու պատգամավորների հարցերը վկայեցին, որ մեդիա դաշտի այսօրվա իրավիճակն ու լրատվամիջոցների գործունեության հնարավոր (և անհնարին) կարգավորումները մտահոգում են շատերին:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին ուղղված բազմաթիվ հարցեր թե՛ օրենսդրական, թե՛ ֆինանսական, թե՛ փիլիսոփայական էին:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ կարգավորման հիմնական խոչընդոտը օրենքների անկատարությունն է, բայց նաև հույս դնելը, որ «Տեսալսողական ծառայությունների» մասին նոր օրենքի մշակումն ու ընդունումը կօգնի «մաքրել դաշտը տեղեկատվական աղբից, մի քիչ ուռճացված պատկերացում է»:

«Պետք է սովորենք ապրել մեզ համար շատ տհաճ տեսալսողական իրավիճակում, քանի որ որևէ պետություն չի կարող կարգավորել բոլոր հարթակները»,- ասաց նա:

Հիմնական թեմաները, որոնք մասին խոսվեց ԱԺ-ում, այսպիսին են.

Ապատեղեկատվության դեմ պայքարի հնարավոր ուղիներ

Տիգրան Հակոբյանը ապատեղակատվությունը համեմատեց կորոնավիրուսի հետ, որը անպատիժ պտտվում է աշխարհով մեկ, և հասարակությունը պետք է գտնի պաշտպանիչ միջոցներ և ձեռք բերի իմունիտետ: Այդ թվում նաև մեդիագրագիտության միջոցով և մեդիայի բովանդակության կարգավորումների խստացումներով:

«Հավատացնում եմ, որ մեդիա մանիպուլյացիաներով զբաղվում են մարդիկ, որոնք ֆանտաստիկ մեդիագրագիտության մակարդակ ունեն, և ես ավելի շատ հույսը դնում եմ կարգավորումների վրա»,- ասաց նա:

Շատ հարցեր վերաբերում էին այն նուրբ սահմագծին, որով զատվում է ապատեղեկատվությունն ու խոսքի ազատությունը: Արման Բաբաջանյանն (անկախ պատգամավոր), օրինակ ապատեղակատվությունը արտակարգ իրավիճում անվանեց «դավաճանական քարոզչություն», որը վտանգում է բոլորին:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ հեռուստաընկերությունները կորոնավիրուսի պայմաններում գրեթե 100%-ով ապահովում են օրենքի պահանջները և անվճար ցուցադրում են Պարետատան իրազեկման հոլովակները, որոնք նույնիսկ կարող են զբաղեցնել ալիքների գովազդային եթերաժամանակի 20-25 %-ը:

Բայց այլ հարց է, թե ովքեր են հայտնվում եթերում որպես հրավիրված հյուրեր: Տիգրան Հակոբյանն ասաց, որ սովորաբար, հյուրերի շուրթերով է տարածվում մոլորեցնող և կեղծ ինֆորմացիան, խուճապը.

«Ապատեղեկատվության 90%-ը տարածում են հյուրերը, որոնք շատ ժամանակ, ցավոք, հատուկ հրավիրվում են հենց այդ նպատակով: Եվ խոսքը ոչ միայն կորոնավիրուսի մասին է, այլև քաղաքական պրոցեսների»:

Մեկ հեռուստաընկերություն արդեն տուգանվել է, քանի որ չի վերացրել «չարության խոսքերը»:

Տիգրան Հակոբյանը դա անվանեց ծանր ճանապարհ, քանի որ այն անցնում է խոսքի ազատության սահմանափակումների եզրագծով: Եվ բալանսը պետք է գտնվի նոր օրենքում:

Նա ավելացրեց նաև, որ ապատեղեկատվության տարածման հետևանքները, պատժամիջոցների կիրառումը արտակարդ դրության պայմաններում վերապահված են ոստիկանությանը, որն այս հարցում մասնագիտական մարմին չէ:

Պատգամավորի ելույթները մեծամասամբ պաթետիկ էին ու հուզական: Նազելի Բաղդասարյանը («Իմ քայլ») իր խոսքում ասաց, որ պետք է «վերանայել լրատվական դաշտում եղած աղբը», քանի որ մեդիան «հզոր գործիքից վերածվել է զենքի, որը բանեցնում են սեփական ժողովրդի դեմ որոշ քաղաքական ուժեր, որոնք կորցրել են իշխանությունը»:

Եվ «մեդիա կայսրություններ ստեղծելով, այժմ լուսաբանում են խոհանոցային արկածները»:

«Մեդիա ոլորտի կարգավորումները պետք է լինեն նվազագույն անհրաժեշտի չափով»,- վստահ է Թագուհի Ղազարյանը («Իմ քայլ»): Եվ շատ բան պետք է թողնել էթիկական նորմերի տիրույթում: Այս ոլորտի կարգավորումները նա անվանեց «լարախաղացի աշխատանք»:

Խոսքի ազատության կարևորության մասին խոսեցին շատերը: Բավականին մեծ ծավալով ելույթներ եղան ընդհանուր բաների մասին՝ արժեքների, ճաշակի, արժեհամակարգերի և պատասխանատվության մասին:

Օրինակ, Վիկտոր Ենգիբարյանը («Իմ քայլը») վստահ է, որ «մենք վաղուց ապրում ենք խոսքի ազատության պայմաններում, և դա հայկական արժեք է»:

Ֆինանսական աղբյուրներ և հասույթ

Պատգամավորները հիշատակեցին մեդիայի սեփականտերերի թափանցիկության պահանջը: Վերապահումով, որ միշտ բարդ է գտնել իրական սեփականատերերին:

Եվ քանի որ չկա ունիվերսալ մոդել, Տիգրան Հակոբյանը մի քանի օրինակ բերեց: Գերմանիայում բոլոր կուսակցություններին ու կրոնական կազմակերպություններին թույլատրվում է ունենալ հեռարձակում, քանի որ այդպես լսարանին ակնհայտ է դառնում, թե ով է տերը: Կան երկրներներ, որտեղ քաղաքական ուժերին դա արգելված է:

Եվ ճշմարտությունը թերևս դրանց արանքում է:

Տիգրան Հակոբյանն ավելի արդյունավետ է համարում բովանդակային սահմանափակումները, որոնք կօգնեն նվազեցնել քարոզչական բաղադրիչը ու քաղաքական ուժի համար լրատվամիջոց պահելը կդառնա «թանկ հաճույք»:

Նա խնդրի լուծումը տեսնում է ոչ այնքան օրենսդրության մեջ, որքան բովանդակային պահանջների: Պիտի լինեն ստանդարտներ, բովանդակային նորմեր, որոնք եթե սեփականատերը չի պահպանում և լրատվամիջոցը օգտագործում է որպես «բութ քարոզչական միջոց», չի կարողանալու աշխատել.

«Հանրօգուտ կոնտենտը մեծ գումարներ է պահանջում և պետք է աջակցել լրատվամիջոցներին, որ այդ կոնտենտը լինի բոլոր հեռարձակողների եթերում»:

Բաբկեն Թունյանը («Իմ քայլը») ներկայացրեց տվյալներ, որ հեռուստատընկերությունները մինչ 2018-ը աշխատել են վնասով, իսկ 2019-ին հեռուստատեսային ոլորտի հասույթը աճել է 64.4%-ով կամ 4.8 մլրդ դրամով (մոտ 10 մլն դոլարով):

Ենթադրաբար այս աճը հիմնականում պայմանավորված է ստվերային դաշտից օրինական դաշտ գումարների տեղափոխմամբ, երբ ալիքները սկսեցին գրանցել իրենց եկամտի աղբյուրները:

Տիգրան Հակոբյանը դրան ավելացրեց նաև, որ շատ ալիքներ չեն դիտարկվում որպես կոմերցիոն օղակ, այլ քարոզչական ուղեցույց են՝ քաղաքական ուժերի կամ ֆինանսական խմբավորումների համար, որոնք հասույթ ունենալու խնդիր չեն դնում իրենց առջև:

«Կոպիտ ասած՝ լրատվամիջոցները կամ պիտի սպասարկեն այդ ուժերին, կամ վերանան, քանի որ սեփական ուժերով եկամուտ ապահովելը, մանավանդ այս համավարակի շրջանում, գրեթե անհնարին է»,- ասաց նա:

Լրատվամիջոցների հասույթը նա պայմանավորվում է գովազդի շուկայի բաց լինելով: Շուկայի ազատականացումը կօգնի նվազեցնել նաև լրատվամիջոցների կախվածությունը հիմնադիրներից և փայատերերից:

Տիգրան Հակոբյանը կարծում է, որ կարևոր է ընդունել, որ որակյալ բովանդակությունը նաև փող է և պետք է օժանդակել Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերություններին՝ ստեղծել և սփռել այդ բովանդակությունը:

Նա նշեց նաև թվեր՝ ըստ հաշվարկների, հեռուստագովազդի շուկան մինչև 2014 թվականը կազմում էր 15-17 մլրդ դրամ, հետո սկսեց նվազել:

Անդրադարձ եղավ նաև մեդիա դաշտի քաղաքականցված լինելուն: Տիգրան Հակոբյանը նշեց, որ եթերում մեծացել է քաղաքական հաղորդումների տոկոսը, բայց նվազել է կրթական, մշակութային և մանկական հաղորդումների տեսակարար կշիռը:

Եվ դա ՀՌՀ-ին ավելի շատ է մտահոգում, քան դաշտի քաղաքական աղավաղումները, պաշտոնյաներին հասցեագրված զրպարտանքն ու քննադատությունը:

«Դա մեդիայի հետ ձեր անձնական հարաբերությունների գործն է, որը հաճախ վատ եք կատարում՝ հերքում չեք պահանջում, դատարան չեք դիմում, երկխոսության մեջ չեք մտնում և այլն»,- դիմեց նա պատգամավորներին, որոնք դժգոհ էին լրատվամիջոցների ընտրողական վերաբերմունքից:

Սոցիալական ցանցեր

Քննարկման ընթացքում շատ էին հարցերը սոցիալական ցանցերից լրատվամիջոց տեղափոխվող տեղեկատվության մասին: Հասկանալի է, որ չստուգված, վտանգավոր ինֆորմացիայի ներթափանցումը չի ստացվի բացառել, բայց հնարավոր է դա նվազեցնել:

Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց, որ ֆեյք օգտատիրոջ կեղծ լուրը կամ ակնհայտ շահադիտական նպատակներով արված գրառումը կարող է հայտնվել օնլայն լրատվամիջոցներում, հետո արդեն՝ հեռուստաեթերում: Եվ դա արվում է խիստ համակարգված կերպով:

«Ճիշտ տեղեկատվությունը երբեք անվճար չի լինում»,- ասաց նա, հիշեցնելով, որ անգամ սոցցանցերում հայտնվող լրատվության համար մարդը վճարում է իր ուշադրությամբ: Եվ կարող է թվալ, որ օգտվում է տեղեկացված լինելու իր իրավունքից, մինչդեռ ապատեղեկացվում է:

Նրա կարծիքով՝ կարևորը ոչ այնքան գովազդային շուկայից, որքան բաժանորդագրությամբ ստացած գումարն է, քանի որ այդպես լսարանն է վճարում է իր ուզած բովանդակության համար:

Տիգրան Հակոբյանը խոսեց նաև նոր օրինագծում ներառվող «կարևոր իրադարձության նորմ» հասկացության մասին, որի սահմանումը տալու է ՀՌՀ: Դրանք կլինեն լուրերի և միջոցառումների ցանկեր (հուշամատյան), որոնց հեռուսատաընկերությունները ժամանակ առ ժամանակ պարտավոր են անդրադառնալ: Դրանք մշակութային-հոգևոր թեմաներն են կամ կարևոր պետական իրադարձությունները (օրինակ, ահաբեկչական գործողությունները):

Ամեն ինչ կարգավորել չի ստացվի

Մխիթար Հայրապետյանը («Իմ քայլ»), նկատի ունենալով Հանրային հեռուստաընկերություն գովազդ վերադարձնելու որոշումը, ասաց.

«Տասնամյակներ շարունակ մեդիա դաշտում եղել է մոնոպոլիա և անգամ 2018-ի հեղափոխությունից հետո: Եվ այն կոտրելու, չեզոքացնելու համար որոշակի ժամանակ էր հարկավոր»:

Նա վստահ է, որ Հանրայինի գովազդը կհանգեցնի առողջ մրցակցությանը ու նոր խաղի կանոնների հաստատմանը:

Քանի որ ալիքները, սեյլս հաուզը, վարկանիշ չափող ընկերությունը փոխանակ միմյանց փոխզսպեն, փոխլրացրել են իրար՝ վերածվելով մեկ ընդհանրացված մարմնի:

Մխիթար Հայրապետյանը դրանով է բացատրում մեդիա դաշտի «թնջուկը»:

Շատ պատգամավորներին մտահոգում էր, թե խաղի կանոնները աշխատում են պաշտոնյաների դեմ, քանի որ չկան լծակներ լրատվամիջոցներին պատժելու կամ պատասխանատվության կանչելու:

«Ինչպես սովորում ենք ապրել կորոնավիրուսի պայմաններում, այնպես էլ պետք է սովորենք ապրել քաոտիկ, բազմազան տեղեկատվական հոսքերում, որովհետև ամեն ինչը կարգավորել հնարավոր չէ»,- այսպես ավարտեց իր խոսքը Տիգրան Հակոբյանը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *