2020.06.04,

Նյուսրում

Տիգրան Հակոբյան․ «2019-ին իշխանությունները չեն միջամտել հեռարձակողների աշխատանքին»

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում ներկայացրել է տարեկան գործունեության մասին հաղորդումը։ 

Նա առանձնացրել է մի քանի փաստեր, որոնք կարևոր են լրատվամիջոցների անկախ և ազատ զարգացման համար։  

Ըստ Հակոբյանի՝ 2019-ին հեռուստաընկերությունները անկախ էին իշխանություններից։ Այդ մասին են վկայում միջազգային կառույցների, Հայաստանի մեդիաոլորտի փորձագետների գնահատականներն ու Հանձնաժողովի ուսումնասիրությունները, ինչպես նաև հեռարձակող կազմակերպություններին ուղղված գրավոր հարցադրումների պատասխանները։ 

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այս տարվա հունվարին գրավոր հարցում են ուղարկել հեռարձակողներին, որոնցից միայն մեկն է ասել, որ իրենց գործունեությանը միջամտել է իշխանության ներկայացուցիչը։

«Այդ ընկերության անունը չեմ նշում, քանի որ չէին տվել պաշտոնյայի անունը, չնայած մենք դրա մասին գիտենք, և այդ պաշտոնյան այլևս չի աշխատում։ Էթիկայի կանոններից ելնելով այդ պաշտոնյայի անունը չենք տալիս», – նշել է հանձնաժողովի նախագահը։

Իհարկե, եղել են բողոքներ, որ պաշտոնյաները հրաժարվել են այս կամ այն հեռարձակողի մոտ գնալ, հարցազրույցներ տալ, բայց դա, ըստ Հակոբյանի, իրենց լիազորություններից դուրս է։ 

Սակայն այս ամենը, նրա խոսքով, չի նշանակում, որ հանձնաժողովը խոսքի ազատության և լրատվամիջոցների անկախության մակարդակը համարում է բավարար։ 

Առաջինը, որովհետև իշխանությունների չմիջամտելը հեռարձակողների աշխատանքներին որևէ կերպ չի նշանակում, որ նրանք անկախ են կամ ազատ, որովհետև բացի իշխանություններից, «կան բազմաթիվ այլ գործոններ և ոլորտում բազմաթիվ խաղացողներ»։ 

«Առաջին հերթին դա վերաբերում է լրատվամիջոցների հիմնադիրներին, բաժնետերերին, որոնք շատ հաճախ են ներազդում այդ լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականության վրա, իրականացնում ստվերային ֆինանսավորում, միջամտում կադրային քաղաքականությանն ու այդպիսով կողմնորոշում լրատվամիջոցի տեղեկատվական և խմբագրական քաղաքականությանը»։ 

ՀՌՀ նախագահը լրատվամիջոցների ազատ գործունեության մասին երկու օրինակ է բերել։ 

Առաջին՝ նախկինում հեռուստաընկերության բաժնեմասի նույնիսկ 1 տոկոս չէր կարող օտարվել, վաճառվել առանց ամենավերին ատյանների գիտության ու համաձայնության։ 

«2019-ին այդպիսի գործարքներ կատարել են մի շարք հեռուստաընկերություններ՝ 9 հեռարձակողներ՝ առանց իշխանությունների ու առանց հանձնաժողովի ոչ միայն միջամտության, այլև շատ հաճախ առանց իրազեկման», – ընդգծել է Հակոբյանը։ 

Երկրորդ՝ 2019-ին 5 հեռարձակող հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ հանձնաժողովի։ 2001 թվականից, երբ ձևավորվեց հանձնաժողովը, որևէ անգամ նման բան չի եղել.

«Սա կարևոր ցուցիչ է ազատության և ժողովրդավարության, որովհետև կարգավորող մարմնի և լրատվամիջոցների հարաբերությունները այսօր լուծվում են ոչ թե կաբինետներում, այլ միայն իրավական դաշտում»։

«Այնուամենայնիվ մենք բավարար չենք գնահատում իրավիճակն այս բնագավառում», – ասել է նա։ 

Նրա խոսքով՝ պատճառներից մեկը «բավականին անկատար և թերի օրենսդրությունն է, որը հուսով են, այս տարի կփոփոխվի, և կընդունվի նոր՝ ներկա պահանջներին համապատասխանող օրենք»։ Երկրորդը՝ գովազդային դաշտի կտրուկ անկումն է վերջին տարիների ընթացքում, որը ընկերություններին ավելի մեծ կախման մեջ է դնում իրենց փայատերերից։ 

Ոչ հավասար պայմանները և գովազդային հոսքերը հեռուստաընկերություններից դեպի համացանց նույնպես խոչընդոտում են լրատվամիջոցների անկախությանը։ 

Նոր օրենքի հետ են կապում նաև հեռուստառադիոընկերությունների իրական հիմնադիրների, սեփականատերերի բացահայտումը.

«Ըստ մեր ուսումնասիրությունների՝ Հայաստանում այլևս մոնոպոլ վիճակ գոյություն չունի։ Եթե 2018-ի սկզբին Հայաստանում մեկ ֆիզիկական անձի ձեռքում տարբեր անունների տակ գործում էր 4 խոշոր հեռուստաընկերություն, չհաշված այլ մեդիահարթակները, ապա այսօր այդ իրավիճակը գոնե չկա»։ 

Վիճակագրություն

2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի տարածքում հեռարձակում են իրականացրել 126 հեռուստառադիոընկերություն: Հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա գործել են 100 հեռուստաընկերություն և 18 ռադիոընկերություն:

Հեռուստաընկերությունների մեծ թիվը, ըստ հանձնաժողովի նախագահի, կապված է այն բանի հետ, որ կաբելային օպերատորները նույնպես լիցենզավորվում են որպես հեռուստաընկերություններ։  

Հեռուստաընկերություններից 31-ը իրականացրել են վերգետնյա եթերային, 69-ը` կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակում։

Վերգետնյա հեռուստաընկերություններից թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակվել են 22, անալոգային տիրույթում՝ 9 տեղական հեռուստաընկերություն։

Հայաստանում գործում է 3 հանրապետական ծածկույթի, 13 մայրաքաղաքային և 2 մարզային ռադիոընկերություններ՝ Լոռիում և Շիրակում։ Օրենքով միայն այս երկու մարզերում կարող են գործել ռադիոընկերություններ, ինչը հանձնաժողովի կարծիքով, խոչընդոտում է այլ մարզերի բնակչության իրավունքը։  

Հարցի լուծումը նույնպես սպասում են կարգավորել նոր օրենքի ընդունմամբ։ 

Այդ դեպքում կկարգավորվի ևս մեկ խնդիր կաբելային ցանցերում գործող հեռուստածրագրերում աստիճանաբար կավելանա հայերեն լեզվով հեռարձակվող բովանդակությունը։ 

Կաբելային ցանցերում 2019թ գործել է 59 հայաստանյան հեռուստածրագիր, 67 եվրոպական, 57 ԱՄՆ արտադրության, այլ տարածաշրջանների 5 և ՌԴ արտադրության 209 ծրագիր։ 

«Այսինքն 85 տոկոսը ՌԴ արտադրության բովանդակություն է։ Այս ծրագրերի հանդեպ որևէ խտրականություն չկա։  Սակայն այստեղ արդեն վտանգի տակ է մեր տեղեկատվական անվտանգությունը, որովհետև նույն կաբելային ցանցում հայերեն արտադրության բովանդակությունը կազմում է 15 տոկոս, այլ լեզուներով 4 տոկոս և 81 տոկոսը ռուսերեն լեզվով է»,- ասել է հանձնաժողովի նախագահը։ 

2019-ին բոլոր հանրապետական և մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերություններում հայրենական, հայերեն լեզվով հաղորդումները կազմում են եթերային ամբողջ բովանդակության մոտ 70 տոկոսը։  Հանրային հեռուստաընկերության բովանդակությունը 100 տոկոսով հայերեն լեզվով է։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *