2020.05.05,

Նյուսրում

Լուսանկարելով համավարակի ժամանակը -2

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լուսանկարները, որոնք շրջանառվում են մեդիայում կամ սոցցանցերում կարանտինի ընթացքում, զարմանալի ռոմանտիկ են: Դրսում վարակվելու վտանգ է, տագնապային լուրեր, ծանր իրավիճակ հիվանդանոցներում, թեկուզ ենթագիտակցական, բայց բոլոր դեպքերում՝ վախվորած պահվածք, իսկ լուսանկարները խոհական և թախծոտ են: Իրադարձություններ չկան, բայց կա ափսոսանք: Եվ գարուն…

Լուսանկարիչները սակավաթիվ մարդկանցով գարունը նկարում են նաև որպես կորստի ու անհաս երազանքի սիմվոլ: Հիմա, երբ հանվել են տեղաշարժման սահմանափակումները, դա ավելի ցայտուն է երևում:

Երեք տարբեր լուսանկարիչներ խորհում են իրենց մասնագիտության ու ապրումների մասին: Նաև՝ վախի, ժամանակագիր լինելու ու ներքին խաղաղության:

Նարեկ Ալեքսանյան, Հետք

Ամեն անգամ, երբ Հայաստանում ինչ-որ զանգվածային իրադարձություն է լինում, ինձ համար ստեղծվում է փորձառություն կուտակելու հնարավորություն:

Այս անգամ էլ համավարակն էր, որը ֆոտոլրագրության համար դեռ էդքան էլ լավ փորձարկված թեմա չի, ու հիմնական տարբերությունը մյուս թեմաներից՝ ցույցերից, մեծաքանակ հանրային միջոցառումներից, այն է, որ հիմա ոչ թե լիքը բան է կատարվում ու չես հասցնում մի տեղից մյուսը գնալ, այլ հակառակը՝ գործող անձինք քիչ են ու սյուժեները ինչ-որ պահից սկսած կրկնվում են:

Բիթքոինի բանաձևերի նման, սկզբում դեռ ինչ-որ բան հնարավոր է ֆիքսել, հետո արդեն կրկնվում են դիմակները, սահմանափակումների ձևերը, վերջանում են դատարկ փողոցները, դժվարանում հիվանդանոցներ մտնելը:

Այս անգամ մի քիչ նկարեցի հիմնական երևացող արտեֆակտերը՝ դիմակավոր քաղաքացիներին, ոստիկաններին, սկզբում բաց, հետո փակ կաֆեները, հետո նորից բաց… Ու սկսեցի մի քիչ խաղալ նոր ֆորմատների հետ, ֆոտոյից բացի վիդեոյով փորձեցի ֆիքսել քաղաքում կատարվողը:

Հետաքրքիր էր՝ ինչ դինամիկա կգտնեմ շարժապատկերում: Ֆոտոն ֆիքսում է պահը, բայց ինձ պետք էր ցույց տալ պահերը՝ դանդաղած, ռիթմը փոխված ժամանակի մեջ: Մի քիչ փողոցային «շարժապատկերներ» անելուց հետո երկու վիդեոռեպորտաժ արեցի, երկուսն էլ համավարակի օրերին գործ անող կամավորների մասին:

Հիմա մի քիչ դադար եմ տվել, մի երկու շաբաթ կլինի չեմ նկարում, ուզում եմ հասկանալ, թե ինչ է պետք նկարել: Հիմա նախապես պլանավորելու ավելի շատ ժամանակ կա, այդ հնարավորությունը նախկինում չկար:

Երբ զանգվածային իրադարձություններն արագ էին ընթանում, նկարում էինք ոնց պատահի, ինտուիտիվ, հետո վերլուծում, թե ինչն ենք բաց թողել, հաջորդ անգամ ինչի վրա լավ կլիներ կենտրոնանալ:

Ու ամեն անգամ այդ «հաջորդ անգամ»-ը տարբեր էր, մանավանդ այս անգամը, երբ սյուժեները կարծես ավելի լավ «պատսպարված» լինեն, ֆոտոորսի կանոնները փոխվել են, հետաքրքիր թեմաները մեկուսացված են կամ ինքնամեկուսացված:

Հիմա, երևի, պետք կլինի ավելի շատ «դռներ թակել»՝ ներս մտնելու համար:

Լիլիան Գալստյան, Պանորամա

Խմբագրության համար հիմնականում ֆոտոշարքեր եմ անում քաղաքի մասին: Իհարկե, եթե հրաժարվեմ դուրս գալ փողոց՝ ասելով, որ վախենում եմ վարակվել, ինձ հաստատ չեն ստիպի անպայման աշխատել: Բայց ինքս էլ ուզում եմ նկարել, քանի որ սա, ի վերջո, պատմություն է, որը պահվելով լուսանկարների միջոցով, հետագայում արխիվացվելու է:

 

Հիմնականում նկարահանում եմ քաղաքը՝ դատարկ փողոցները, գարունը առանց մարդկանց, ծաղկած ծառերը առանց մարդկանց, ոստիկաններին, որոնք ստուգում են անցորդների անցաթերթիկները, կանգառներն առանց տրանսպորտի, նաև պատարագը՝ դատարկ եկեղեցում:

Մի շարքը բակերի խաղահրապարակների մասին էր, որոնք արևոտ տաք օրերին լքված էին:

Հատկապես անձրևի ժամանակ են փողոցները լրիվ ամայի դառնում: Համ նկարում եմ, համ սիրտս ճմլվում է: Կարծես գարուն է, որը անցավ մեր կողքով: Կոնտրաստ կա գարնանային ծաղկունքի ու դատարկ փողոցների միջև, որտեղ ուրախություն չկա:

Լուսանկարիչը պետք է լինի դեպքի վայրում, բայց հիմա մեծ հաշվով դեպք՝ իրադարձություն, չկա (ասենք, հիվանդանոցներ մուտք չենք կարող գործել՝ անվտանգությունից ելնելով): Եվ արդեն երկու ամիս է փողոցն ենք նկարում՝ հասկանալով, որ դա էլ արդեն հետաքրքիր չէ:

Ինչքա՞ն կարելի է նկարել դիմակներով ու ձեռնոցներով մարդկանց, հատկապես, որ նրանք էլ նեղված վիճակում են, չեն ուզում լուսանկարվել:

Կարծում եմ, որ անգամ արտակարգ իրավիճակի ավարտից հետո միանգամից չեն հայտնվի զանգվածային միջոցառումները:

Մտածում եմ, որ պետք է անեմ շարքեր գյուղի մասին: Թե ինչպես են գյուղացիները հողը մշակում, պլանավորում աշխատանքները: Ի վերջո, բոլորի համար տնտեսական անկումը անսպասելի վրա հասավ:

Ճիշտն ասած՝ ինքս էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է անել, կարծես կանգնել ենք փակուղու առաջ: Շատ երկար տևեց այս ինքնամեկուսացումը:

Արեգ Բալայան, ֆրիլանս լուսանկարիչ

Թեև ֆրիլանս լուսանկարիչ եմ, բայց հիմա նկարում եմ նաև վարչապետի աշխատակազմին կից տեղեկատվական կենտրոնի համար: Ճիշտն ասած՝ դեռ շատ բան չեմ հասցրել անել: Իմ արածը արարողակարգային լուսանկարներ չեն, ավելի շուտ սթորիներ ու մարդկային պատմություններ են: Հիմա, երբ բոլորը տանն են՝ վախեցած ու թաքնված, նկարում են նրանց, ովքեր ուզած-չուզած աշխատում են՝ ոստիկաններին, հացթուխներին, խանութի աշխատողներին, հրշեջներին, բժիշկներին և այլն:

Ընդհանրապես կարծում եմ, որ եթե պետք է ցույց տալ որևէ վատ բան, ապա այն դեպքում, եթե դա շտկվելու, ուղղվելու պրոցեսի մեջ է: Երբեք չեմ նկարել մի բան, որը կարող է մարդկանց վնաս տալ: Այո, եղավ դեպք, երբ աղմուկ բարձրացրեցի, երբ երեսպատում էին Գանձասարի վանքը, քանի որ շատ սխալ բաներ էին տեղի ունենում և որպես քաղաքացի չկարողացա լռել: Բայց երբեք չեմ գնա «կեղտ» գտնելու ու ասելու՝ դե, տեսեք, թե ի՜նչ ենք անում…

Կարանտինի օրերին փողոցը նկարելը այդքան էլ հետաքրքիր չէ:

Երևի հիմա բոլորս մի քիչ կհանգստանանք, բնությունն էլ կհանգստանա մեզանից: Կարծես դուրս եկանք կենցաղի երախից ու սկսեցինք տեսնել, թե որտեղ ենք ապրում: Սովորաբար մարդիկ ապրում են «կենցաղակեր» ու չմարսված վիճակում՝ չհասցնելով անգամ մտածել, թե, օրինակ, ինչ ծառեր են աճում իրենց շենքի բակում: Իսկ հիմա սկսեցինք տեսնել ծառերը, իրար, եղանակը: Նաև արձագանքել՝ ուրախանալով կամ անհանգստանալով:

Իհարկե, համավարակի պատճառով կյանքից մարդիկ հեռացան, բայց եթե նայենք իրավիճակին տիեզերական վերևներից, մի շատ կարևոր բան կնկատենք. մարդկությանը պետք էր դադար: Դարձել էինք անիվի մեջ վազող մուկ, իսկ երբ անիվը կանգնեց, հասկացանք, որ առանց ինտենսիվ վազելու էլ է ստացվում ապրել:

Ես օրինակ, ժամանակ առ ժամանակ ինքս ինձ համար հայտարարում էի կարանտիններ: Այսինքն, անում էի ոչ մի բան: Ոչ թե չէի անում ոչ մի բան, այլ հենց անում էի: Անգամ եթե դա իմ տնեցիներին զայրացնում էր, ես դադար էի վերցնում:

Այս իրավիճակը խթան էր, որ ուզած չուզած, սկսես մի բան անել, պրպտել: Սկսեցի դաս տալ, մինչև կարանտինը փնտրում էի տարածք, չէի գտնում, հիմա տարածքը պետք էլ չէ:

Երբեք չեմ վախեցել… Ո՛չ վարակից, ո՛չ էլ փող աշխատելու անհնարինությունից: Մտածել եմ, որ եթե 1990-ականներին ապրեցինք, ժամերով հերթ կանգնելով, որ կտրոնով հաց առնենք, հիմա էլ կարող ենք ապրել: Երևի մեջս վախենալիքները քչացել են, հիմա վստահ եմ, որ ամեն ինչը կհաղթահարենք, կարևորը ողջ մնանք: Եթե ողջ ես, ուրեմն որտեղ էլ որ հայտնվես, կդիմանաս ու ցանկացած բան կշարունակես: Երևի կարևորը պատրաստ լինելն է ցանկացած ելքի:

Ու հիմա ներքին խաղաղություն եմ զգում, իհարկե, աշխատում եմ, բայց գլուխս հանգիստ է, կարծես stand by վիճակում: Կարանտինը առիթ էր նաև դուրս գալու իմ նախորդ նախագծից, որը շատ ուժ խլեց ինձանից:

Ես լուրեր չեմ նայում, որովհետև… վաղուց չեմ նայում: Երբ ապրում էինք Ստեփանակերտում, կինս ամեն օր լուրեր էր կարդում ու նայում: Մի պահ եկավ ու հասկացա, որ նա լուրջ դեպրեսիայի մեջ է, քանի որ ամեն օր ինձ պատմում էր, թե ինչ ահավոր դեպքեր ու դավադրություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ մարդիկ են խորտակվում, ավտոբուսի վթար է, պայթյուններ և այլն:

Կարծում եմ, որ լուրերին կառչելը ավելորդ ու անիմաստ զբաղմունք է, որը խլում է քո կենսական էներգիայի մեծ մասը, եթե միայն տեղեկանում ես, բայց չես կարողանում դիմել որոշակի քայլերի ու ազդել իրավիճակի վրա:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *