2020.04.29,

Նյուսրում

Տավուշը մասնակցային և ներառական հեռուստաընկերություն կունենա

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Չորս տարվա դադարից հետո Տավուշի մարզային հեռուստաընկերությունը վերսկսեց իր աշխատանքները: 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) Տավուշ TV-ին հեռարձակման արտոնագիր է տվել: Մարզային հեռուստաալիքը խոստանում է մարդկանց իրազեկել քաղպաշտպանության,  ռազմական հմտությունների, գյուղատնտեսության,  զբոսաշրջության, մշակույթի, արվեստի խնդիրների, զարգացումների, մարզում սպասվող ծրագրերի մասին:

Տավուշ TV-ի գլխավոր պրոդյուսերը Նիկոլայ Գրիգորյանն է։ Նա տեղեկատվական հոսքերի կառավարման մասնագետ է, երկար տարիներ մասնագիտացել է հեռուստատեսության ոլորտում։ Գրիգորյանն ասում է, որ տեղյակ է մարզային հեռուստաընկերության լուծելիք խնդիրներից:

«Մարզային հեռուստաալիքի թեմայով մարզպետի հետ հաճախ ենք քննարկումներ ունեցել, որովհետև տեղեկատվական դաշտն այստեղ դատարկ է: Երկկողմանի երթևեկություն է լինելու՝ բնակիչներին տեղեկացնելու ենք պետական և ոչ պետական ծրագրերի մասին և նրանց համայնքային կյանքին ակտիվ մասնակից դարձնենք»,-ասում է Գրիգորյանը:

Հեռուստաընկերությունը, նրա խոսքով, լինելու է մասնակցային, գյուղում ապրող մարդիկ օգնելու են բովանդակության ստեղծմանը: Նրանց խոսքը լսելի դարձնելու համար, մարզում փորձում են գտնել մարդկանց, ովքեր կարող են իրենց տեղեկություններ հաղորդել, վերլուծել և ներկայացնել լսարանին: 

Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն ասում է, հեռուստաալիքը ներառական է լինելու՝ նախատեսված երեխաների, երիտասարդների, տարեցների համար․ «Մարզի աշխարհագրությունից ելնելով, կարևոր են նաև բանակի, հայրենասիրության և ռազմագիտության մասին քննարկումները»:

Մարզային տարբեր սովորույթների ներկայացումն ու տարածումը, Գրիգորյանի խոսքով, Տավուշ TV-ի առանցքային ուղղություններից է լինելու: Եթերի լեզուն միայն հայերեն է լինելու:

Այժմ պայմանավորվածություն կա Ազգային կինոկենտրոնի, «Հայկ» կինոստուդիայի հետ՝ ֆիլմերի, հաղորդումների, արխիվային նյութերի տրամադրման համար: Այս պահին հեռուստաընկերությունը ֆինանսական, մասնագիտական և տեխնիկական ռեսուրսների ներգրավման խնդիր ունի: 

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը վերահաստատում է տեղական հեռուստատեսությունների կարևորությունը, հատկապես մայրաքաղաքից հեռու՝ սահմանամերձ շրջաններում:

«Մարզերում ապրողները չեն կարող «սնվել» միայն Երևանում պատրաստվող բովանդակությամբ, նրանք պետք է տեղյակ լինեն տեղական խնդիրներից, մասնակից լինեն այդ խնդիրների լուծմանը, ունենան հարթակ իրենց կարծիքն արտահայտելու, բանավիճելու, տեղական մեդիայի միջոցով շփվելու իշխանության հետ»,-ասում է նա:

Հանձնաժողովի նախագահն ասում է, որ հաշվի առնելով  մարզերի սահմանափակ գովազդային շուկան,  դժվար է որակյալ բովանդակություն պահանջել տեղական հեռարձակողներից։ Հանրօգուտ հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու համար, ըստ նրա, մարզային հեռուստաընկերությունները պետության, գործարար շրջանակների, հասարակության աջակցության կարիքն ունեն:

«Այլապես չեն կարող բավարարել բնակչության տեղեկատվական,  մշակութային, կրթական պահանջմունքները: Եվ այս խնդիրը, հուսով եմ, լայն քննարկման առարկա կդառնա հետագայում»,-ասում է Հակոբյանը:

Չնայած ընթացիկ խնդիրներին, Տավուշ TV-ին Ֆեյսբուքում արդեն ունի ներկայություն։ Մտադրություն կա նաև առաջիկայում ունենալ մարզային ռադիոալիք:

Տեղեկատվական հարթակների բազմազանությունը կօգնի օպերատիվ կերպով տեղեկատվություն հաղորդել մարզի բնակիչներին և նրանց հետ ամեն պահ հետադարձ կապի մեջ լինել:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *