Մինչ Հայաստանում պայքարում են նոր կորոնավիրուսի դեմ ու քննարկում արտակարգ դրության նոր սահմանափակումներն ու գործողությունները, Արցախում նախընտրական թեժ օրեր են։ Վաղը՝ մարտի 31-ին, Արցախում միաժամանակ նախատեսվում է նախագահի ու խորհրդարանական ընտրություններ։
Երեկ երեկոյան՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրը, Արցախի հանրային հեռուստատեսությունը նախագահի թեկնածուների համար ուղիղ եթերում բանավեճ էր կազմակերպել։
Սա աննախադեպ էր ինչպես տեղի հեռուստատեսության, այնպես էլ Արցախի համար։ Նախագահի թեկնածուների միջև Հանրայինով բանավեճ կազմակերպելու անհրաժեշտությունը քննարկվում էր անցած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ, սակայն այն իրականություն դարձավ միայն այս տարի։
Հանրային հեռուստաընկերությամբ հեռուստաբանավեճի կազմակերպումը նախատեսված է օրենքով։ Այս պահանջն ամրագրված էր ԼՂՀ ընտրական նոր օրենսգրքով, որի 90-րդ հոդվածի 4-րդ կետով՝ «հանրապետության նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում միմյանց հետ մասնակցում են մինչև 90 րոպե տևողությամբ հեռուստաբանավեճի: Հանրապետության նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին տրվում է հարցեր տալու ու հարցերին պատասխանելու հավասար ժամանակ: Հեռուստաբանավեճի անցկացման մանրամասները սահմանում է հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը»։
Հեռուստաբանավեճի առաջարկը 14 թեկնածուներից ընդունել են 12-ը։ Մասիս Մայիլյանը առաջինն էր հրաժարվել՝ հիմնավորելով, որ առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և դժվար թե նպաստի թեկնածուների ծրագրային դրույթների առավել հանրայնացմանը։ Նա նաև ասել է, որ հարցեր չունի մյուս թեկնածուներին։
Բանավեճից երկու ժամ առաջ հրաժարվել է նաև նախագահի երկու կին թեկնածուներից մեկը՝ Քրիստին Բալայանը, ասելով․ «Մասնակցային ձևաչափը անպատշաճ է, հնարավորություն չի ընծայում բովանդակապես արտահայտելու սեփական տեսակետներն ու դիրքորոշումները»։
Նախագահի 12 թեկնածուները Հանրայինի ուղիղ եթերում 90 րոպեանոց բանավեճում հնարավորություն են ունեցել ներածական խոսք ասել, երկուական հարց ուղղել մրցակիցներին, ինչպես նաև իրենց ամփոփիչ ուղերձը հղել ընտրողներին։ Լրացուցիչ ժամանակահատվածում թեկնածուները ներկայացրել են ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը։
Այս բանավեճը դեռևս երկար կքննարկեն Արցախում։ Այն արդեն լայն քննարկման թեմա է նաև սոցիալական ցանցերում, նույնիսկ սկսվել է շրջանառվել հարցում, թե ով է հաղթել հեռուստաբանավեճում։ Իսկ ոմանք էլ թևավոր խոսքեր են առանձնացրել։ Սրանք իհարկե քարոզչական յուրօրինակ հնարքներ են։
Այն, որ բանավեճը կայացավ, ու Հանրայինը դա կազմակերպեց պատշաճ, ընդգծեցին նաև ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր։
Այս բանավեճին շատերն էին սպասում, նաև՝ հեռուստատեսությունում։ Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մերի Դավթյանի խոսքով՝ նման ձևաչափով բանավեճի անցկացման փորձառություն երբևէ չեն ունեցել։ Հիմնական խնդիրները տեխնիկական էին, ստուդիան հարմարեցված չէր նման քննարկում անցկացնելու համար։ «Բայց համատեղ ուժերով կարողացանք պատվով հաղթահարել, և այդ խնդիրներն արդեն անցյալում են»,-ասում է նա։
Բացի այս ընդլայնված բանավեճը, Հանրայինի եթերում նախընտրական շրջանում անցկացվել է 7 բանավեճ (երկու մասնակիցներով) կուսակցությունների և դաշինքների մասնակցությամբ։
Հեռուստատեսությունը նաև «Օր» լրատվականի թողարկումներում համաչափ լուսաբանել է նախագահի թեկնածուների ու կուսակցությունների քարոզարշավը։
Բացի այդ, թեկնածուներն ու կուսակցության ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել օգտվել իրենց հասանելիք անվճար և վճարովի հեռուստաեթերից։ 14 թեկնածուներից միայն Մելսիկ Պողոսյանը չի օգտվել դրանից, իսկ վճարովի եթերից չեն օգտվել երկու կին թեկնածուները։
Հեռուստառադիոընկերության տվյալներով՝ նախագահի թեկնածուների քարոզարշավի վճարովի ընդհանուր եթերաժամանակը մոտ 6 ժամ 07 րոպե էր, կուսակցություններինը՝ մոտ 10 ժամ 44 րոպե։ Անվճարը՝ համապատասխանաբար մոտ 5 ժամ 05 րոպե և 9 ժամ 17 րոպե։
Այսօր լռության օր է, վաղը Արցախում 6-րդ անգամ նախագահ կընտրեն, իսկ 7-րդ անգամ՝ Ազգային ժողով։ Ընտրություններին, չնայած կորոնավիրուսի տարածման վտանգին, դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև Հայաստանի ԱԺ պատգամավորներն ու մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք կորոնավիրուսի արագ թեստեր են անցել ու անցնելու։ COVID-19 թեստ են հանձնել նաև ընտրությունները լուսաբանելու նպատակով Արցախ այցելած լրագրողները։
Ստեփանակերտում գործում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնը։ Կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյանի խոսքով, կենտրոնում կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար պարբերաբար ախտահանիչ աշխատանքներ են կատարվում։ Առկա են նաև ախտահանիչ նյութեր, դիմակներ և ձեռնոցներ։
ԿԸՀ տվյալներով՝ ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է 48 տեղական և ոչ տեղական լրատվամիջոցներ։
Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ արդեն հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված լրագրողներ չեն ուղարկելու Արցախ, ոմանք էլ նշել են, որ ընտրությունները կլուսաբանեն սեփական թղթակիցները։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: