Կորոնավիրուսը փոխել է խմբագրությունների աշխատանքի ռիթմը: Լրագրողներն այժմ ստիպված են ոչ միայն աշխատել հիմնականում տնից: Պարտավոր են լինել ավելի ուշադիր ու զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական, կասկածելի տեղեկություններ տարածելուց: Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը վերաբերում է նաև լրատվամիջոցների աշխատանքին:
Media.am-ը զրուցել է երևանյան չորս լրատվամիջոցների խմբագիրների հետ՝ հասկանալու, թե ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը արտակարգ դրության և տնային պայմաններում:
ՍիվիլՆեթ
ՍիվիլՆեթը մարտի 17-ից անցել է աշխատանքի հատուկ ռեժիմի՝ լրագրողները, մոնտաժողներն ու օպերատորները աշխատելու են տնից։ Աշխատանքը համակարգվելու է կոնֆերենս սկայպերի, զանգերի, ընդհանուր չատերի միջոցով։ Առաջիկա օրերին ստուդիայում հարցազրույցներ չեն անելու։
Եթե անհրաժեշտություն լինի՝ լրագրողներն ու օպերատորները նկարահանման գնալու են իրենց տներից։ Նկարահանումների գնալու են գրասենյակի մեքենայով, խուսափելու են տաքսիներից ու հանրային տրանսպորտից։ Հանրային վայրերում նկարահանում անելու են միայն շատ կարևոր դեպքերում։ Խմբագրությունը նկարահանման խմբին ապահովում է դիմակներով, ալկոգելով և անհրաժեշտ այլ միջոցներով:
Կայքում ավելանալու են պոդկաստ հարցազրույցները, իրավիճակն ու երևույթները բացատրող տեսանյութերը և տեքստերը։ ՍիվիլՆեթը շուրջօրյա հերթապահություն ունի։
1in.am
Լրատվամիջոցն իր ամենօրյա աշխատանքի մեջ մեծ փոփոխություններ չի արել, կրճատվել են դրսում իրականացվող նկարահանումները: Ստուդիայի նկարահանումները, լրահոսն ու թերթը աշխատում են սովորական ռիթմով:
Խմբագրությունից հայտնում են, որ ի սկզբանե կորոնավիրուսի հետ կապված հակասական, չճշտված, իրենց աղբյուրներից իմացած տեղեկատվություն չեն հրապարակել։
Բոլորն աշխատում են խմբագրությունում, խուսափում են ներս ու դուրս անելուց, կրում են դիմակներ, օգտագործում սպիրտային հիմքով ախտահանող միջոցներ: Պատկերավոր ասած՝ ինքնամեկուսացած են խմբագրությունում:
Այս պահին միակ խնդիրը ստուդիայի նկարահանումներն են՝ ստեղծված իրավիճակում շատերը մերժում են հարցազրույցի առաջարկը:
Factor.am
Խմբագրությունը, չնայած մի շարք լրագրողների՝ խմբագրությունից աշխատելու պնդումներին, անցել է տնային ռեժիմի: Լրատվամիջոցի դռները փակ են, շփվում են տեսազանգերով, մեյլերով կամ պարզապես հեռախոսով:
Բոլորն իրենց տներում ունեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներն անխոչընդոտ աշխատելու համար: Այն միջոցառումները, որոնք պահանջում են լրագրողի և օպերատորի ներկայություն, պատշաճ լուսաբանվում են:
Լրագրողներն ունեն աղբյուրների, կոնտակտների մեկ ընդհանուր բազա, որն օգնում է հեշտ կազմակերպել աշխատանքը: Վիդեո արտադրությունը քչացել է:
Խմբագրությունից հույս են հայտնում, որ արտակարգ դրության ժամանակ պաշտոնական տեղեկությունները կլինեն լիարժեք, համապարփակ և օպերատիվ, որպեսզի հանրության մոտ տեղեկատվության պակաս չլինի:
Աշխատավայր վերադառնալու հետ կապված դեռ որոշում չունեն:
Կենտրոն հեռուստաընկերություն, Էպիկենտրոն լրատվական
Եթեր ապահովող լրատվական թիմն աշխատում է բնականոն հունով։ Հետևում են հիմնականում պաշտոնական, ստուգված տեղեկություններին, ուշադիր են վերլուծական բնույթի և կարծիք արտահայտող նյութերի հանդեպ:
Թեև բազմաթիվ միջոցառումներ են հետաձգվել և չեղարկվել, սակայն լրահոսում նյութերի պակաս դեռ չի զգացվում: Լրագրողները հիմնական թեմայի հետ կապված հեղինակային նյութեր են անում:
Որոշ պաշտոնական իրադարձությունների էլ հետևում են օնլայն, քանի որ շատ դեպքերում լրագրողը կարողանում է օնլայն հարց տալ, պատասխան ստանալ և կառուցել իր նյութն առանց խմբագրությունից դուրս գալու:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: