Լրատվամիջոցը չի կարող Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս կորոնավիրուսի տարածման դեպքերի, մարդկանց առողջական վիճակի, նրանց հետ շփված անձանց մասին տեղեկություններ հրապարակել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 17-ին ասել է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
«Լրատվամիջոցները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն և հնարավորինս վերարտադրեն պաշտոնական տեղեկատվությունը՝ հղում անելով այդ տեղեկատվությանը: Պաշտոնական տեղեկատվությունը պարետատան կողմից ներկայացվող տեղեկատվությունն է»,-ասել է փոխնախարարը:
Դանիելյանն ասում է, որ լրատվամիջոցների աշխատանքի հետ կապված որոշ դեպքեր են արձանագրվել, որոնք Կառավարությունում քննարկվել են խմբագիրների հետ:
Նրա խոսքով, իրավական ռեժիմը չպահպանելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված է պատասխանատվություն ԶԼՄ-ի համար:
Դա վերաբերում է ֆիզիկական և իրավական անձանց, այդ թվում՝ սոցիալական ցանցերում հրապարկումներին, որոնք բացառապես վերաբերում են կորոնավիրուսի տարածման դեպքերի, նրանց առողջական վիճակի, նրանց հետ շփված անձանց մասին տեղեկությունների տարածմանը:
Դանիելյանն ասում է, որ սոցիալական ցանցերում իրավախախտումների հետ կապված լիազորություններ տրված են ոստիկանությանը:
Միջազգային լրահոսին արձագանքելու կարգի և տարբեր երկրներում կատարվող իրադարձությունների մասին տեղեկություններ, հատկապես, եթե խուճապ առաջացնող են, չեն կարող տեղ գտնել տեղական լրահոսում։
Դա վերաբերում է նաև արտասահմանյան գիտական ամսագրերից, հեղինակավոր փորձագետներից, բժիշկներից, գիտնականներից և այլ աղբյուրներից ստացվող տեղեկություններին:
Փոխնախարարն օրինակ է բերում կորոնավիրուսի հետ կապ չունեցող, բայց պարենային անվտանգության թեմայով միջազգային լրատվամիջոցում տեղ գտած հրապարակումը․ «Սա խուճապ առաջացնող տեղեկատվություն է և կապ չունի ինչ լրատվական աղբյուրի է լրատվամիջոցը հղում տվել»:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: