«Օրսիս Արմս» զենքերի վաճառքով զբաղվող ընկերությունը դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ:
Հեռուստաընկերության լրատվական ծառայության լրագրող Գևորգ Թոսունյանը ռեպորտաժ էր պատրաստել, որում Զինված Ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին հրամանատարը (ով անանուն է և ձայնը փոխված) ասում էր, որ Պաշտպանության նախարարությանը «Օրսիս» ընկերությունը վաճառել է որսորդական զենք:
Լրագրողը ռեպորտաժում կապ է հաստատել ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ, ով հերքել է տեղեկությունը, ասել, որ նախքան գնումը փորձարկում է իրականացվել և չէր կարող նման բան տեղի ունենալ:
Դատական հայցը ոչ թե լրագրողի կամ լրատվական ծառայության դեմ է, այլ հենց հեռուստաընկերության:
Փաստաբան Սիրունյանը Media.am-ի հետ զրույցում բացատրում է, որ հայցը հեռուստաընկերության դեմ է, քանի որ օրենքով աշխատողի կողմից պատճառված վնասը հատուցում է գործատուն:
Հայցի պահանջը հերքում տարածելն է, որն ի դեպ արդեն կա ռեպորտաժում, սակայն փաստաբանը ասում է, որ լրատվամիջոցը այս հրապարակմամբ նպաստել է, որ ակնհայտ սուտ տեղեկությունները տարածվեն։
«Միտումնավոր կամ ոչ լրատվամիջոցը թեմայի լուսաբանման ժամանակ օգտվել է ակնհայտ կեղծ և կասկածելի աղբյուրից: Նման լուրջ և կարևոր թեման ներկայացրել են առանց նորմալ փորձագիտական գնահատականների, մեկ աղբյուրով, առանց անձնական տվյալների, ձայնը փոխած»,-ասում է Սիրունյանը:
Փաստաբանն ասում է, որ լրատվամիջոցը պետք է մի քանի աղբյուրներով ստուգեր իր կողմից տարածած տեղեկատվությունը:
«Օրսիսը» մեղադրում է հեռուստաընկերությանը, որ իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ տարածելով, վնասել է ընկերության գործարար համբավը: Ավելին, ընկերության ներկայացուցիչն ասում է, որ հեռուստաընկերության վրա է դատարանում տեղեկատվության ոչ հավաստիությունն ապացուցելու բեռը։
Հետագայում այս թեմայով այլ հրապարակումներ ևս եղան, որտեղ որպես կողմ հանդես եկավ Պաշտպանության նախարարությունը և գործարքի հետ կապված կասկածներ հայտնեց:
Ռուսական ՏԱՍՍ-ը հրապարակել է «Պրոմտեխնոլոգիա» (ներկայացուցիչը Հայաստանում «Օրսիս»-ն է) ընկերության հայտարարությունը, որում մեջբերվում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի այն միտքը, որ Հանրային հեռուստաընկերության այս ռեպորտաժից «ստեղծվում է տպավորություն, որ ոմն անձ փորձում է ստվերել Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները»:
Այս հրապարակման մեջ ներկայացվում է նաև ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը արդեն հարուցված քրեական գործի մասին: Նա հերքել է, որ «Օրսիս» ընկերության հետ կապված որևէ փաստաթուղթ են ստացել ռուսական կողմից և ձեռնապահ է մնացել իրավիճակին պաշտոնական գնահատական տալուց:
Լրագրող Գևորգ Թոսունյանը կարծում է, որ իր զրուցակցի մասնագիտական վերլուծության պատճառով է ընկերությունը խառնվել իրար․ «նա մանրակրկիտ ներկայացրել է այդ զինամթերքի թերությունները՝ ըստ իր փորձարկման արդյունքների: Անձը սովորական մի զինծառայող չէ, այլ մեկը, ով իր փոխանցմամբ, անձամբ է փորձարկել այդ զինամթերքը»:
Լրագրողն ասում է, որ իր խմբագրությունը աշխատանքի հետ կապված բացարձակապես խնդիր չի տեսնում:
«Միանշանակ թեման քննարկել եմ խմբագրության հետ: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում դատական հայցի նպատակը: Իմ ռեպորտաժում «Օրսիս Արմսի» ներկայացուցիչը հերքում է այն պնդումը, որն արել է իմ մյուս զրուցակիցը»,-ավելացնում նա:
Մեդիա հարցերով մասնագիտացած փաստաբան Դավիթ Ասատրյանն ասում է, որ հերքման պահանջ հայցվորը կարող է ներկայացնել միայն լրատվամիջոցի դեմ, որովհետև գործատուն պետք է թույլտվություն տա, որ լրագրողը հերքի արդեն տարածած տեղեկությունը:
Ըստ Ասատրյանի, հայցվորը նաև պետք է դատարանում ապացուցի, որ տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապաստախանում:
«ԶԼՄ օրենսդրությունը հերքման իրավահարաբերությունները կարգավորում է այսպես՝ հերքման պահանջ պետք է ներկայացնել նախ լրատվամիջոցին, եթե այն չի բավարարվում, հետո միայն դիմել դատարան: Դատարանում Հանրայինը կարող է ասել, որ իրեն հերքում տարածելու պահանջ չի ներկայացվել»,-ասում է Ասատրյանը:
Նրա խոսքով, եթե լրագրողը ռեպորտաժում սեփական դատողություն չի արել և ներկայացրել է երկու կողմերին հավասարապես, նշանակում է իր աշխատանքն արել է բարեխղճորեն:
Հետաքրքրական է, որ ընկերության ներկայացուցիչը խոսում է կեղծ, ոչ ճշգրիտ տեղեկությունների մասին, սակայն լրատվամիջոցից աղբյուրի բացահայտում չի պահանջում: Պահանջում է՝ հերքել և ասել, որ եթերում իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ է տարածել: Ինչն, ըստ էության, արդեն արել է:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: