2020.02.26,

Նյուսրում

Պապիկյանը պնդում է, որ իր խնդիրը ոչ թե լրագրողի հետ է, այլ տեղեկությունը լրագրողին հասցնողի

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան դարձյալ անդրադարձել է իր դատվածության մասին տեղեկությունը մամուլում հայտնվելուն և այդ փաստով հարուցված քրեական գործին։

«Ես որևէ խնդիր չունեմ, ո՛չ լրագրողի, ո՛չ էլ որևէ լրատվականի հետ։ Իմ խնդիրը պետական պաշտոնյայի մասին գաղտնի տեղեկությունը դուրս հանողի հետ է»,-ասել է Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ Հայաստանում նման դեպք չպիտի լինի. «Այն ինչ գաղտնի է, այն ինչ գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում՝ պիտի մնա գաղտնի, իսկ մեղավորը պիտի պատժվի»։

Պապիկյանը նաև ասել է, որ երկու օր առաջ հրավիրվել է Հայաստանի քննչական ծառայություն եւ ենթադրում է, որ կունենա տուժողի կարգավիճակ։

«Հրապարակ»-ի թղթակցի ինֆորմացիայի աղբյուրի բացահայտման մասին հարցին ի պատասխան Պապիկյանը նշել է. «Եթե ես ձեր լրատվականի հետ խնդիր ունենամ՝ կդիմեմ դատարան, մինչ այժմ ես դատարան չեմ դիմել, այսինքն խնդիր չունեմ։ Լրատվականը ունի իր իրավունքները, ձեր լրատվականը դրանց տիրապետում է»։

«Ես պնդում եմ, որ ինֆորմացիան վեր հանողը, որը պետական պաշտոնյա պիտի լինի, պետք է պատասխանտվություն կրի։ Իմ նպատակն է պարզել, թե պաշտոնյայի մասին գաղտնի ինֆորմացիան ինչ կերպ է դուրս եկել տվյալ իրավապահ մարմնի տիրույթից, որ պաշտոնյայի և ոչ պաշտոնյայի միջոցով»,-ավելացրել է նախարարը։

Պապիկյանի դատվածության մասին առաջինը գրել էր «Հրապարակ»-ը:  Դրանից հետո նախարարը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պարզաբանեց լուրը՝ նշելով, որ դեպքը ծառայության ժամանակ է եղել, 2016-ին։ Նա  ծառայել է ոչ հայկական բանակում, և միջադեպի ժամանակ վնասվել է իր ազգային ինքնասիրությունը։ Արդյունքում ազատազրկվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, բայց մոտ մեկ տարի անց համաներմամբ ազատ է արձակվել։ Եթերում նա նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, այդ անձը դատված չի համարվում։

Պապիկյանը հորդորեց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին պարզել, թե «ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի տեղեկությունը դարձել հասարակության և տարբեր լրատվականների սեփականությունը ու իր անունը մրոտելու առիթ»։

Փետրվարի 20-ին ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց՝  «2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ։

Դեպքի առնչությամբ Փաստինֆոն զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ, որը չի կարծում, թե նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա է կամ պետք է փակ ինֆորմացիա լինի. «Մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ «Դատալեքսում» այդ ինֆորմացիան փակ չէ, այդ ինֆորմացիան փակ է, միայն, եթե խոցելի խմբի է պատկանում մարդը»։

Տվյալ դեպքում «խոսքը պաշտոնատար անձի մասին է, այդ ինֆորմացիան համարվում է հասարակության սեփականությունը»։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ազատությանը տված հարցազրույցում նշել է, որ քրեական գործը հարուցելը միանշանակ ճնշում է մամուլի նկատմամբ. «Եթե նույնիսկ ոչ ուղղակի, ապա լրատվամիջոցների աղբյուրների նկատմամբ ճնշում է»։

Նախարարի լայվում հնչեցված խնդրանքը, ըստ Նավասարդյանի,  «ընկալել են որպես հնարավորություն ծառայություն մատուցելու իշխանության բարձրաստիճան ներկայացուցչին»։

«Եթե տեղեկությունը գաղտնի չէ, եթե համապատասխանում է իրականությանը, այն տարածելն ու տրամադրումը ինչպե՞ս կարող է անօրինական լինել։ Նույնիսկ, եթե ինչ-որ մեկը որևէ պաշտոնատար անձ իրավապահ կամ անվտանգության մարմնում աշխատող դրանով զբաղվել է, այստեղ ոչ թե քրեական գործ պետք է հարուցվի, այլ ծառայողական հետաքննություն անցկացվի»։

Ազատությանը տված նույն հարցազրույցում «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասել է, որ փորձ է արվում «գտնել լրատվամիջոցի աղբյուրը, պարզել, թե ինչպես է տեղեկատվությունը հասել լրատվամիջոցին եւ անուղղակիորեն լրատվամիջոցներին հասկացնել, որ նման հրապարակումներից հետո ձեր նկատմամբ քրեական գործեր կհարուցեն, կկանչեն, կփորձեն տեղեկատվության աղբյուրը իմանալ»։

Խմբագիրն ավելացրել է, որ չեն պատրաստվում աշխատանքի սկզբունքներից ու աշխատաոճից հրաժարվել. «Իրենք պետբյուջեից են վճարվում եւ իրենց կյանքի որևէ տվյալ չի կարող գաղտնի լինել հասարակությունից»։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Պապիկյանը պնդում է, որ իր խնդիրը ոչ թե լրագրողի հետ է, այլ տեղեկությունը լրագրողին հասցնողի”
  1. Sashik says:

    Վատ չի՜, ծառայել է 2016 թվին,30 տարեկանում և ոչ հայկական բանակում։Դուք բան հասկացաք՞։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *