2019-ին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք այլևս հիշելու ենք լուսանկարների միջոցով: Շատ իրադարձային լուսանկարներ ոչ միայն պահ են հավերժացրել, այլև տարածվել ու քննարկվել սոցիալական ցանցերում, մեմերի, կոլաժների ու ծաղրանկարների առիթ դարձել:
Media.am-ն ընտրել է դրանցից 10-ը՝ պատմելու, թե ինչով առանձնացավ, ուրախացրեց և հուզեց անցնող տարին:
Եթե ունեք նախընտրած լուսանկար, որը կարծում եք ավելի լավ է պատմում անցնող տարվա որևէ իրադարձության մասին, տեղադրեք մեկնաբանության մեջ:
Պայքար Ամուլսարի համար
Ամուլսարի թեման, կարծես, արթուն հրաբուխ է: Հանքի շահագործման դեմ պայքարի են դուրս եկել բնապահպանները, հարակից գյուղերի բնակիչներն ու շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ մարդիկ։
Հանքի շուրջ պետության, բիզնեսի և բնակչության խաղ-պայքարը դեռ հեռու է հանգուցալուծումից։ Լարումը ժամանակ առ ժամանակ իրեն զգացնել է տալիս, իսկ այս լուսանկարն արտահայտում է պայքարի վճռականությունը:
Քաղաքացու օրը՝ ազատ ու անկաշկանդ
Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը որոշեց քաղաքացիների համար հատուկ օր սահմանել: Օրացույցում այն առանձնացնելը թեև ստացվեց մի տեսակ արհեստական, սակայն մարդիկ ընդունեցին այն տոնելու առաջարկը:
Օրը տոնելու համար մարդիկ դուրս եկան փողոց, դարձան հետիոտն կամ նստեցին հեծանիվներ, քաղաքի կենտրոնական փողոցները ազատվեցին մեքենաներից: Մարդիկ քայլում են ազատ, պատրաստ ներգրավելու ընթացող տարբեր միջոցառումներում՝ համտեսներ, ցուցահանդեսներ, համերգներ:
Քաղաքի տարբեր անկյուններից բարձրանում է խորովածի հոտն ու խառնվում բարձր երաժշտությանը:
Վարդավառ տոնելիս
Մենք սիրում ենք տոները հատկապես ոչ աշխատանքային օր լինելու համար: Վարդավառը բացառություն է, օրացույցով այն միշտ կիրակի օրն է և միշտ զանգվածային: Ով ինչպես կարողանում է, այնպես էլ տոնում է։ Հեթանոսական ակունքներ ունեցող Վարդավառը լի է կրքով, ջրային մարտերով ու ջրով մաքրագործման խորհրդով:
Բոլորը ջրում են բոլորին՝ առանց բացառության։ Իսկ վերջում մտածում հագուստն արագ չորացնելու մասին:
Երբեմն դա արվում է հանրային վայրում՝ մեքենաների ու ծառերի ճյուղերին, իսկ այս դեպքում ավելի կրեատիվ՝ քաղաքային արձանի վրա:
Վարդագույն սելֆի՝ Փաշինյանի կատարմամբ
Աշնանը Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ խորհրդի նիստը։ Այն հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես անդամ երկրների նախագահների մասնակցությամբ վարչապետի հայտնի սելֆիից հետո:
Վարդագույն ավտոբուսի սելֆին սոցցանցերում բարձրացրեց մեմերի ալիք, որն իր հետ ջնջեց տարավ հավաքի նպատակը: Մնաց հանդիպման ոչ պաշտոնական, չհղկված, ուրախ և ոչ պաշտոնական լուսանկարը:
Սարոյանն ու հողաթափը
Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո որոշ նախկին պաշտոնյաների համար եկավ դժվար ժամանակ։ Նրանք շտապեցին շփվել լրատվամիջոցների հետ, որ կարողանան բացատրել իրենց քայլերն և արդարանալ:
Իր անմիջականությամբ փայլեց Սեյրան Սարոյանը, որը ասուլիս հրավիրեց Էջմիածնի իր առանձնատան բակում և լրագրողների առջև ներկայացավ չխմբագրված տանտիրոջ կերպարով՝ հողաթափերով:
Համոզեց, որ իր տունը չեն խուզարկել և ինքը ոչ մի տեղ չի գնացել. «Մթոմ ես կարամ քայլեմ, մի հատ էլ փախնեմ, ըտեղից սկսենք»:
Հոգևորականի պայքարը՝ դրոշի ներքո
ԱԺ պատմության մեջ առաջին անգամ ելույթի իրավունք ստացավ տրասնգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը բարձրաձայնեց ԼԳՏԲ համայնքի անդամների խախտված իրավունքների մասին:
Հանրության շրջանում փոթորիկ բարձրացավ: ԱԺ-ի դիմաց սկսվեց ցույց, որի գլխավոր դերակատարը դարձավ քահանա Տեր Ղազար Պետրոսյանը:
Նա պահանջեց օրհնության կարգ կատարել ԱԺ դահլիճում՝ ամբիոնի մոտ, ասելով. «ԼԳԲՏ-ն հանցագործություն է և անպայման պետք է պատժվի քրեական օրենսգրքով, նվազագույնը 4 տարի ազատազրկմամբ»:
Այս իրադարձության արդյունքում մարդիկ տեղեկացան «փիլոն» բառի մասին ու սկսեցին օգտագործել այն։
Ծառուկյանն ու մնացյալը
Ամբողջ տարի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Պատմություններն ու իրավիճակները, ճեպազրույցներն ու միջադեպերը, որտեղ նա հայտնվում էր, երկար են քննարկվել: Ամենավառ օրինակը արաբ շեյխերի և Երևանի քաղաքապետի հանդիպում-համագործակցության խճճված պատմությունն էր։
Լրագրողները հաճախ են հունից հանում Ծառուկյանին: Խնդիրը լուծելու համար նրան ուղեկցում են կուսակցության առանցքային մի քանի պատգամավորներ: «Կենդանի պատը» պաշտպանում է նրա թիկունքը և առաջնորդին ուղղված լրագրողների ոչ հաճելի հարցադրումներից, երբեմն էլ հուշում է պատասխաններ:
Հույզն ու հուզանքը
2019-ին շատ էր հուզանքը, քիչ չէր նաև հույզը: Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում մի խումբ երիտասարդներ բեմադրեցին «ՀուԶանք ու Զանգ» բացօթյա փերֆորմանսը՝ պարային-պոետիկ ներկայացումը հայկական ֆուտուրիզմի հետքերով:
Նարեկ Սարգսյան անունով ներկայացած երիտասարդը փորձեց «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ պնդելով, որ նրանք սատանիստներ են:
Փոքր ներկայացումը մեծ աղմուկ հանեց: Քչերը ընդունեցին այն՝ մերժելով անհասկանալի ձևաչափը: Բայց կարևոր է, որ փորձը նորարարական էր, իսկ արձագանքը՝ ոչ:
Քիմ-Հեղինե Քարդաշյանն ու Հայաստանը
Տարվա իրադարձությունների կիզակետը Քիմ Քարդաշյանի երկրորդ այցն էր Հայաստան: Նա մասնակցեց WCIT տեխնոլոգիական համաժողովին և երեխաների հետ մկրտվեց հայկական եկեղեցում։ Ստացավ երկրորդ անուն՝ Հեղինե:
Նա շատ բան հասցրեց անել՝ հիացավ Գառնու հերթանոսական տաճարով, լուսանկարվեց մարդկանց հետո, ընտրեց լուսանկարների համար տարբեր զգեստներ, պաշտոնական հանդիպումներ ունեցավ:
Եվ այդ ամենի մասին պատմեց սոցցանցերի իր միլիոնավոր հետևորդներին:
Լավ պատմեց: Դա հաստատում է հենց այս լուսանկարը, որը Ռոյթերս (Reuters) միջազգային լրատվական գործակալությունը դասեց 2019-ի լավագույն լուսանկարների շարքում։ Հեղինակը «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանն է:
Տոնածառն ու քաղաքային իշխանությունները
2018-ին քաղաքն ունեցավ նոր գլխավոր տոնածառ: Կարելի է ասել՝ հեղափոխական տոնածառ, որը նախկին տոնածառից մի քանի անգամ լավն էր, նորաոճ, փարթամ ու լուսավոր: Նաև թանկ էր:
Իսկ 2019-ին իշխանությունները որոշեցին ավելի շատ՝ 325 մլն դրամ, ծախսել Երևանի ամանորյա զարդարանքի համար:
Բացատրությունը զբոսաշրջիկների ու հայաստանցիների համար հմայիչ լինելն է, որ նախընտրելի դառնա հրապարակներում ու փողոցներում զբոսնելն ու տոները վայելելը: Որ սեղանի շուրջ հավաքվելու այլընտրանք լինի:
Արդարացվա՞ծ կլինի այս ծախսը, թե՞ ոչ, բարդ է ասել: Բայց ամեն ինչը չէ, որ չափվում է փողով: Հաճախ չափվում է նաև հույզերով:
Իսկ մինչև այդ Շնորհավոր Նոր տարի:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: