Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) իրականացրել է հետազոտություն Հայաստանի բնակչության շրջանում՝ պարզելու համար ներկա վերաբերմունքը բարեփոխումների, կառավարության աշխատանքի, ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության, մեդիայի ու հանրային կառույցների աշխատանքի վերաբերյալ:
IRI-ն այս հարցումն իրականացրել է Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի հետ համատեղ: Ըստ մեթոդաբանության՝ հարցումը արվել է դեմ առ դեմ, ընտրության իրավունք ունեցող 1 200 հայաստանցիների տանը, հոկտեմբերին, Երևանում և 10 մարզերում:
Սա արդեն երրորդ հարցումն է, որը անցկացվում է թավշյա հեղափոխությունից հետո և այն առավել հետարքիր է դիտարկել հանրային սպասելիքների համեմատությամբ:
Կես տարին մեկ անցկացվող հարցումը գրանցում է հանրային տրամադրությունների դինամիկ փոփոխությունները:
«Հավատու՞մ եք, որ ձեզ նման մարդիկ կարող են ազդել որոշումներ ընդունելու վրա» հարցը այդ շարքից է:
Պատասխանները, որոնք տրվել են կես տարին մեկ, ցույց են տալիս ոգևորության և անձնական ներգրավվածության սպասելիքների որոշակի նվազում:
2019-ի հոկտեմբերին «Միանշանակորեն, այո» պատասխանել է 16%-ը, մեկ տարի առաջ նույն կարծիքի էր 31%-ը: «Միանշանակ, ոչ» պատասխանը անցյալ տարի տվել էր 7%-ը, իսկ այս տարի՝ 14%-ը:
Հայաստանում գործող տարբեր կառույցների (ինստիտուտների) աշխատանքի գնահատումը ցույց տվեց հետևյալ պատկերը. ամենաբարձրը գնահատվում է բանակը (91%), նախագահի գրասենյակը (82%), վարչապետի գրասենյակը (76%), հայ առաքելական եկեղեցին (74%): Անցյալ տարի առաջատարը վարչապետի գրասենյակն էր (85%), անգամ ավելի բարձր, քան բանակը (81%):
Անցյալ տարի այդ ցանկում կա նաև հայաստանյան մեդիան, սակայն արդեն այս տարի հարցվածները մեդիան չեն հիշատակել: Նաև չեն հիշատակել ոստիկանությունը: Թերևս համարել են անբարենպաստ:
Հարցվածների 80%-ը համարում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում բարելավվել է խոսքի ազատության վիճակը և մեդիայի անկախությունը (75%):
Դրանք ամենաբարձր ցուցանիշն են, իսկ ամենացածր դիրքերում են արդարադատության ու բնապահպանական քաղաքականության գնահատումը: 44%-ը համարում է, որ բնապահպանական ոլորտում չկա շարժ (ոչ դրական, ոչ բացասական):
«Ո՞րն եք համարում կառավարության ամենամեծ հաջողությունը» հարցին հարցվողները ունեցել են երեք պատասխանի հնարավորություն:
Պատասխանների թոփ եռյակում են կոռուպցիայի նվազումը (30%), մարդկանց հոգեբանական վիճակի բարելավումը (19%), դեմոկրատիայի մուտքը (13%):
Իսկ տապալման պատճառներ են համարվել վատ կառավարումը (27%), չիրականացված խոստումները (14%), քաղաքական անկայունությունը (13%):
Հարցվածների մեծամասնությունը (89%) ասում է, որ քաղաքական տեղեկություն ստանալու համար օգտագործում է հայաստանյան հեռուստատեսությունը: Ընդ որում՝ նախորդ հարցման ժամանակ նույն պատասխանը տվել էր 79%-ը:
Հնարավոր է, որ հեռուստատեսությունը շատերը ընկալում են նաև որպես ավելի լայն մեդիա տեսակ, որը սպառվում է նաև ինտերնետում:
Մյուս աղբյուրների ցանկում են սոցիալական մեդիան, բարեկամներն ու ընկերները, ռուսական հեռուստատեսությունը:
Որպես նախընտրական քարոզչության ամենաազդեցիկ ձևը մեծամասնությունը (59%) համարում է հեռուստատեսային թոք շոուները:
Ամենավստահելի հայաստանյան հեռուստաընկերությունը Շանթն է (33%), երկրորդ տեղում է Հանրայինը (30%), երրորդում՝ Արմենիան (14%):
Նույն պատկերն է նաև կոնկրետ հաղորդումների նշման դեպքում: Շանթի «Հորիզոնը» առաջատար է լրատվական թողարկումների ցանկում (34%), իսկ Շանթի «Հեռանկարը» առաջադար է թոք շոուների շարքում (23%):
«Որքա՞ն ժամանակ եք շաբաթական անցկացնում ինտերնետում» հարցի պատասխանները թույլ են տալիս եզրակացնել, որ ինտերնետում ավելի քան 21 ժամ լինում են 18-29 տարեկան երիտասարդները (35%), իսկ 50 տարեկանից բարձր մարդկանց ընդամենը 5%-ն է այդքան ժամանակ տրամադրում ինտերնետին:
Ուշագրավ է նաև քաղաքացիների ամսական եկամուտների և ինտերնետին միանալու ժամանակի համադրությունը: Որքան մեծ է աշխատավարձը, այնքան մեծ է ինտերնետի կարիքը:
Ամենահաճախ այցելվող կայքերի ցանկում առաջատար են News.am-ը (37%) Azatutyun-ը (28%), Ֆեյսբուքը (24%):
Որպես մտորելու առիթ արժի նաև դիտարկել անցյալ տարվա ցուցանիշները, որոնք փաստում են, որ Ազատությունը բավականին զիջել է դիրքերը, իսկ News.am-ը քիչ, բայց բարելավել է իր այցելությունները:
Այն քաղաքացիները, որոնք համարում են զանգվածային մեդիան ոչ ազատ, որպես պատճառ նշում են կոռուպցիան (50%) և անձնական անվտանգության խնդիրը (20%):
Իսկ 37%-ը չգիտե, թե ինչու մեդիան ազատ չէ և չի կարող արտահայտել տարբեր քաղաքական հայացքներ: Օրինակ, անցյալ տարի անազատության պատճառ էր համարվել իշխանությունների ճնշումը մեդիային, իսկ այս տարի այդ բացատրությունը չի էլ դիտարկվել:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: