2019.10.02,

Նյուսրում

«Ես եմ մեդիան» ասելով, ուսանողները փնտրում են վիրտուալ ինքնություն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի այս տարվա հաղթողներն իրենց էսսեներում պատմել են իրական և վիրտուալ ինքնության, էկրանի վրա և էկրանից դուրս ծագող էմոցիաների, կեղծ լուրերի, ականջակալներից և ինտերնետից կախվածության մասին:

Անձնական օրինակներով ցույց են տվել նորությունների կեղծ օրակարգի ստեղծումն ու շարժառիթները:

ժյուրին առանձնացրել էր ամենատպավորիչ տեքստերը, որոնց հեղինակները ստացան պատվոգրեր և մրցանակներ:

«Ինձ համար հետաքրքիր փորձառություն էր կարդալ աշխատանքներ, որոնք իրարից շատ տարբեր էին թե՛ թեմաներով, թե՛ մատուցմամբ: Շատ լավ երևում է մասնակցի հումորն ու ինտելեկտը»,- մրցանակների հանձնման ժամանակ ասաց ժյուրիի անդամ, վիդեոբլոգեր Հայկ Մկրտչյանը:

Ժյուրիի մյուս անդամ, դասախոս և լրագրող Լիլիկ Ստեփանյանն իր խոսքում հորդորեց ուսանողներին և բոլորին խնամքով վերաբերվել հայոց լեզվին, քանի որ այն բոլորիս մասնագիտական գործիքն է:

Լրագրող Արփի Հարությունյանը երկու անգամ եղել է «Ես եմ մեդիան»-ի ժյուրիի կազմում և նկատել է, որ ուսանողները գնալով ավելի համարձարկ են դառնում իրենց մտքերն արտահայտելիս:

«Նրանք ասում են մի միտք, որը հասարակության կողմից կարող է չընկալվել, սակայն չեն վախենում արտահայտվել, ինչն ինձ դուր եկավ: Այս տարվա ուսանողները համեմատած նախորդների հետ նաև լավ պատկերացում ունեին մեդիագրագիտության մասին»,-նշեց Արփին:

Առաջին մրցանակի արժանացած Սոնա Մկրտչյանը հետաքրքիր ձևաչափով պատմում է անձնական կյանքի կեղծ պատմություններ և, լարված պահելով ընթերցողի ուշադրությունը, ստիպում հետևել պատմությանը մինչև էսսեի ավարտը, որտեղ խոստովանում է ճշմարտությունը: 

Սոնան սովորում է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և դիմել է մրցույթին պատահականորեն՝ կարդացել է մրցույթի մասին լուրը, գրել տեքստն ու ուղարկել այն ժյուրիին:

Կեղծ տեղեկություններ տարածելու նպատակը Սոնան այսպես է բացատրում իր էսսեում. 

«Սուտը կարող է լայնամասշտաբ լինել, միջպետական, ինչին մենք հիմա ականատես ենք լինում ռուս-ուկրաինական մամուլում, երկու կողմից էլ, երբ այս կամ այն լուսանկարները մատուցվում են որպես ներկայիս իրավիճակ, հայտնի մարդկանց սոցցանցերի մեկնաբանությունները աղավաղվում և օգտագործվում են, և այս ամենն ունի իր նպատակները, և այդ նպատակների համար օգտագործվում է ձեր էներգիան»:

Երկրորդ մրցանակակիր, ԵՊԼՀ անգլերենի և լրագրության ֆակուլտետի ուսանող Ավետիս Հարությունյանի համար մեդիան իր ականջակալն է, որով աշխատավայրում լսում է օրվա լրահոսը, ընդմիջմանը՝ ձայնամեսիջ ուղարկում ընկերներին, տուն գնալիս լսում իր սիրելի փոթքասթի վերջին թողարկումը կամ հերթական աուդիոգիրքը։ 

«Այդ ամբողջ ընթացքում մեդիան ականջակալներիդ մեջ է, քո ականջներում, քո գլխում, քո ուղեղում, քո ինքնության ամենախորքում»,-ասում է Ավետիսը:

Նրա խոսքով, այդպես խնայում ես ժամանակ, ստանում շատ ինֆորմացիա և հետաքրքիր բովանդակություն։ 

Մարիամ Մկրտչյանը սովորում է ԵՊՀ լրագրության ֆակուլտետում և արդեն երեք տարի անընդմեջ «Ես եմ մեդիան»-ի տարբեր մրցանակներ է ստանում, այս տարի նա արժանացել է երրորդ մրցանակին: 

Խոստովանում է, որ վերջին անգամ է դիմել.

«Ամեն տարի դիմելով մրցույթին՝ ամփոփում եմ իմ փորձառությունը լրագրության մեջ, ցույց եմ տալիս իմ ապրումները բուն աշխատանքի ժամանակ և մարդկանց արձագանքը: Կարծես երկու տարբեր աշխարհում լինեմ՝ իրական և վիրտուալ և դրա մասին անկեղծացել եմ իմ էսսեում»: 

Նա ասում է, որ վիրտուալը փոխել է աշխարհը, իսկ եթե շատ փիլիսոփայորեն մոտենանք, փոխել է էությունները:

«Ծուռ հայելիներ է դրել մեր ու մեր միջև, մեզ էլ դրանց մեջտեղում դրել, որ մեզ լավ տեսնենք՝ բոլոր կողմերից, հակադրությունները բուռներս առած։ Վիրտուալում մենք մեզնից գոհ ցանկալին իրականության տեղ ենք անցկացնում, հետո զարմանում, երբ ասում են՝ վիրտուալ կյանքում ուրիշ էիր»։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարում բաժնի ուսանող Լիլիթ Բալաբեկյանն իր էսսեում գրել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը նեթբուք և ինտերնետային մոդեմ ձեռքբերելուց հետո։  

«Ես ինձ զգում էի ինչպես Հարի Փոթերը։ Եթե նա մեկ օրում հայտնվեց Հոգվարթսի Հրաշագործության և դյութագիտության մասնագիտացված դպրոցում, ես հայտնվեցի Ինտերնետի Հրաշագործության և դյութագիտության ոչ մասնագիտացված դպրոցում»։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի անգլերենի և հաղորդակցության բաժնի ուսանող Սուսաննա Ղազոյանը գրել է սոցիալական ցանցերում մարդկանց ինքնության մասին: 

«Այժմ մենք գրեթե մոտ ենք միմյանց, համացանցի և սոցիալական մեդիայի շնորհիվ, որովհետև այնտեղ մենք գտնում ենք մեր այն «ես»-ին, որը կցանկանայինք լինել և որը հնարավոր է ավելի իրական է, քան մեր իրական կյանքի «ես»-ը»,-հետևություն է անում Սուսաննան։

Լիլիթը և Սուսաննան ստացել են խրախուսական նվերներ: Մրցույթի հաղթած նյութերը առաջիկայում կհրապարակվեն Media.am կայքում:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *