2019.09.25,

Նյուսրում

Հանրային ռադիոն ուզում է ճյուղավորվել ու դառնալ նաև տեսանելի

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի Հանրային ռադիոն մտադիր է ավելի խորշային դառնալու ու իր նոր արտադրվող բովանդակությունն ու տարիների ընթացքում կուտակված արխիվը ներկայացնել առանձին հոսքերով: 

Նախատեսվում է կատարել չորս առանցքային բաժանում և հեռարձակել ռադիոարտադրանքը մանկական, մշակութային, ազգագրական և «Ոսկե ֆոնդ» ուղղվածությամբ տարբեր ալիքներով: 

Հանրային ռադիոն դիմել է ՀՌՀ՝ FM հաճախականության չորս կապուղի ստանալու համար, որպեսզի մեծ ծավալի ու տարաբնույթ թեմաներով հաղորդումները մատուցի ավելի թիրախային եղանակով:

Հանրային ռադիոյի նոր գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն ասում է, որ նոր ալիքներ գործարկելու անհրաժեշտությունն առաջացավ, երբ հարցումները ցույց տվեցին, որ ռադիոյից լսարանը սպասում է երկու հիմնական բան՝ լուրեր և երաժշտություն.

«Մինչդեռ կան իրոք շատ հաջոցված ռադիոհաղորդումներ, որոնք սակայն ունեն ցածր ներքին վարկանիշ և մարգինալացվում են քանի դեռ գտնվում են նույն կապուղում՝ լուրերի հետ միասին: Ձևաչափերի իմաստով այդ հաղորդումները իրարամերժ են: Թե՛ բովանդակության, թե՛ գեղարվեստական իմաստով դրանք հարկավոր է բաժանել, քանի որ միևնույն տեղում ապրող չեն»:

Օրինակ, մանկական հաղորդումների խմբագրությունը վերածվելու է «Արևիկ» մանկական ռադիոկայանի, որի հաղորդումները ուղղված են լինելու երեխաներին և ծնողական համայնքին: 

Մշակութային, ազգագրական և արխվի վրա հիմնված ալիքները ցանկություն կա դարձնելու նեղ թեմատիկ:

Մշակութային ալիք ստեղծելու փորձերը տապալվում են շատ երկրներում, քանի որ մշակույթը առանձին մի ոլորտ պատկերացնելով՝ այն անխուսափելիորեն նեղացվել է:

Գարեգին Խումարյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ մենք վերաբերվել ենք մշակույթին որպես թանգարանի, որտեղ գնում ենք ու լավագույն դեպքում տեսնում, որ նմուշների վրայի փոշին սրբած է: 

«Մենք փորձելու ենք ցույց տալ արվեստանոցը, ներսը: Մեր մշակույթի այն հատվածը, որը չի շեշտադրվել, պետք է վերադառնա մեր կենցաղ: Օրինակ, երգերը: Մշակույթը թեև որպես խոսքի մաս գոյական է, բան բայի դեր է կատարում, որովհետև մշակույթը պրոցես է: Երբ կտրվում ենք պրոցեսից և խոսում մշակույթի մասին որպես արդեն տեղի ունեցած մի բանի մասին, ստանում ենք թանգարան»:

Երեքին գումարելով չորս

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, սակայն, միանգամից չորս նոր կապուղիներ տրամադրելու հարցում ունի վերապահումներ: Ինչպես հայտնի է, Հանրային ռադիոն բացի հիմնական ալիքից ունի նաև այլ երկու հանրային հեռարձակման կայաններ՝ «Իմ ռադիո» և «Վէմ»: 

Առաջինը երկար ժամանակ կատարել է առևտրական միավորի դեր՝ հեռարձակելով միայն երաժշտություն և գովազդ, հիմա այն ունի երիտասարդական ուղղվածություն: Ավելի անհասկանալի է իրավիճակը «Վէմ»-ի հետ, քանի որ այն, լինելով հոգևոր-մշակութային կայան, դուրս է Հանրային ռադիոյի կարգավորումներից:

Երևանում աշխատում է 12 ռադիոալիք, որոնցից երեքը պատկանում են Հանրային հեռարձակողին, եթե դրանց գումարվեն ևս չորսը, դաշտը լրջորեն կձևափոխվի: ՀՌՀ-ն դա համարում է եթերի քաղաքականության կոնցեպտուալ հարց, մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ Հանրային ռադիոն, ի տարբերություն Հանրային հեռուստատեսության, ունի իրավունք գովազդ տեղադրելու:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ մեդիա դաշտը հագեցած է երևանյան ծածկույթով ալիքներով, մինչդեռ մարզերում տեղական ռադիոալիքներ չկան և անհրաժեշտություն է հավասարակշռել դաշտը:

Իսկ եթե Երևանի 12 ռադիոալիքներից յոթը լինի հանրային, անխուսափելիորեն կխախտվի նաև գովազդի շուկայից մասնավոր ալիքներին հասնող բաժինը:

Հանրային ռադիոն վերջերս պատվիրել է մանրամասն ուսումնասիրություն՝ պարզելու համար ռադիոլսողների կարծիքները: Տվյալները օգնելու են հասկանալ լսարանի սպասելիքները:

Գարեգին Խումարյանի խոսքով՝ հիմա Հանրային ռադիոյի օրական լսումները կազմում են մոտ 80-100 հազար:

«Այնտեղ, որտեղ մենք մրցակցային դաշտում ենք, այսինքն, կան այլ կայաններ, մենք ամենևին էլ առաջինը չենք, չորրորդ կամ հինգերորդն ենք: Իսկ այն վայրերում, որտեղ միայն Հանրային ռադիոն է սփռվում, մենք կղզու չեմպիոն ենք»,- ասում է նա:

Սովորաբար դժգոհություն է եղել, որ ռադիոյին հատկացվող գումարը փոքր է և չի բավարարում նոր թափի ու որակի նախագծերի իրականացմանը: 

Գարեգին Խումարյանը կտրականապես դեմ է այդ պնդմանը. «Փողը քիչ չէ, անգամ կարող եմ ասել, որ շատ է: Մեր բյուջեն տարեկան 950 մլն դրամ է, որը կարծում եմ համադրելի է միջին հեռուստաընկերության բյուջեի հետ: Եվ դա չհաշված ոչ շատ մեծ, սիմվոլիկ գովազդային հոսքերը: Ռադիոն չունի բյուջեի խնդիր»:

Նա հպարտությամբ ասում է նաև.

«Ռադիոտան շենքն ու իր բնակիչները չբացահայտված, չիրացված ներուժի ֆանտաստիկ ամբար է»:

Լսել՝ տեսնելով և հակառակը

Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն համագործակցության եզրեր գրեթե չունեն:

Մարդկանց, փողի, տեխնիկայի ու գաղափարների շրջանառությունը այդ երկու հանրային մեդիայի միջև նվազագույն է: Թեև սպասելի է, որ Հանրային հեռարձակողը պետք է ընկալվի որպես մեկ գլխանի, բայց երկթև կառույց:

Ռադիոյի գործադիր տնօրենն ասում է, որ նման ավանդույթ չի եղել, և ռադիոն ինքնաբավ է: Թեև Հանրային հեռուստաընկերությունը ռադիոյին մի քանի տեսախցիկ է նվիրել, բայց դա ընդամենը սիմվոլիկ ժեստ է, և ռադիոն պատրաստվում է ինքը գնել տեսանկարահանող անհրաժեշտ տեխնիկան։

Նա ասում է, որ Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն ակնհայտորեն տարբեր քաշային կատեգորիաներում են, առնվազն իրենց ազդեցիկությամբ. «Բայց վստահեցնում եմ, դա ժամանակավոր է»:

Հանրային ռադիոն նպատակ ունի աճեցել սեփական վիդեո բովանդակությունը և անցում կատարել ավելի խորը վիզուալիզացիայի, քան ականջակալներով խոսող մարդկանց տաղավարներում նկարահանելը:

Վիզուալացվելու է երեք տաղավար՝ տարբեր ժանրային հաղորդումներով: Սկսած ուղիղ եթերում հեռարձակվող համերգներից, վերջացրած հասարակական-քաղաքական հաղորդումներով:

Գարեգին Խումարյանը վստահ է, որ Հանրային ռադիոն այնքան մեծ ներուժ ունի, որ ոչ թե չորս, այլ ավելի շատ կայանների համար բովանդակություն արտադրելու հնարավորություն ունի, քանի որ լսարանը սեգմենտավորվում է, մարդկանց ընկալման մեջ ջնջվում են ժամանակի, հարթակների սահմանները, իսկ բովանդակային սահմանները հակառակը՝ դառնում են ավելի ամուր.

«1930-ականներից ունենք ձայնագրած գրեթե ամեն ինչ: Եվ ունենք կարիք վերաիմաստավորելու 20-րդ դարի մեր պատմությունը, ընդ որում՝ կրկին ոչ թանգարանային ձևաչափով և տեղադրելով այն ժամանակակակից համատեքստում»:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ասում է. «Ուզում ենք, որ այն մարդիկ, որոնք կվստահեն մեզ, այլևս կարիք չունենան տեղեկությունը ստուգելու մի քանի լրատվամիջոցներից: Ի վերջո, հասարակությունը մեզ վճարում է, որ մենք ինքներս անենք փաստերի կրկնակի ստուգում: Մեր քաղաքական կոնյունկտուրան անփոփոխ է՝ եթե մեզ լսելուց հետո, մարդն ուզում է մեկ անգամ էլ ստուգել լուրը, ուրեմն մենք ձախողվում ենք»:

Հանրային ռադիոն վարչատնտեսական քայլերով 39 մլն դրամ խնայողություն է արել: Հանրային ռադիոյի նոր գործադիր տնօրենը, որը եղել է մասնավոր «Լրատվական ռադիոյի» հիմնադիրն ու շարժիչ ուժը, լավ պատկերացնում է ռադիոկայանի տնտեսությունը: Եվ համոզված է, որ Հանրային ռադիոյի հնարավորություններն անսահմանափակ են:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *