Արդարադատության նախարարությունը որոշել է լրագրողների համար անվճար դարձնել իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալները, սակայն դրա համար լրագրողները կամ լրատվամիջոցները պետք է հաշվառվեն։
Ներկայում այդ տվյալները ստանալու համար լրագրողները պետական տուրք են վճարում։
Մի շարք օրենքներում փոփոխություններով օրինագծերի փաթեթն արդեն e-draft.am կայքում է։ Հունիսի 8-ի դրությամբ՝ կայքում 76%-ը դեմ է քվեարկել նախագծին։
Նախագիծը լուրջ քննարկման թեմա է դարձել լրագրողական կազմակերպությունների, լրագրողների ու խոսքի ազատությամբ զբաղվող կազմակերպությունների համար։
Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում իրենց անհամաձայնությունն են հայտնում նախագծիմ և պահանջում
-փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները և չփոխկապակցել դա լրագրողներին Պետռեգիստրից անվճար տեղեկություններ տրամադրելու հետ,
-լրատվամիջոցների գործունեությանը և տեղեկատվության ոլորտին վերաբերող ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնություն կամ գաղափար նախ դարձնել փորձագիտական քննարկման առարկա, այնուհետև՝ լրագրողական հանրության ու քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատել օրինագծերի վրա։
Չնայած Արդարադատության նախարարության մեկնաբանությանը, որ առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել և հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու, մեդիայի ներկայացուցիչները հիմնականում ավելի շատ այդ մասով են մտահոգություններ արտահայտում։
«Հետք»-ի լրագրող Քրիստինե Բարսեղյանն ասում է, որ լուրջ չի վերաբերում նախագծերի փաթեթին, քանի որ լրատվամիջոցների հաշվառման մասին խոսվում է առանց բոլոր շահագրգիռ կողմերի հետ նախապես քննարկումներ ու հանրային լսումներ կազմակերպելու, առանց նոր իրականությունը սահմանելու, թե որն է այսօր ԶԼՄ-ն՝ կա՞յքը, բլո՞գը, անհատական է՞ջը, թե այլ։
«Ասենք ԶԼՄ-ն հաշվառվեց, իսկ ազատ թղթակի՞ցը, բլոգե՞րը, ՀԿ-ի համար նյութ պատրաստո՞ղը, նրանց իրավունքը ոտնահարվո՞ւմ է»,-հարցնում է Քրիստինեն։
Նա գտնում է, որ ռեգիստրը պետք է բաց լինի բոլորի համար։
Ampop.am-ի խմբագիր Սուրեն Դեհերյանն ասում է, որ փաթեթին միանշանակ դեմ է, քանի որ լրատվամիջոցների ռեեստր ստեղծելը անարդյունավետ կլինի։ Առայժմ հայտնի չէ, թե ԶԼՄ ասելով ում նկատի ունի նախարարությունը։ Օրինակ, որևէ անհատ բլոգ բացելով կարողանա շատ ավելի մեծ լսարան ունենա, քան որևէ լրատվամիջոց, և նա ևս փորձի տեղեկատվություն ստանալու համար դիմել։
Դեհերյանն ասում է, որ անհնար կլինի բոլոր լրատվամիջոցներին այդ ռեեստրում գրանցել, երկրորդը՝ ռեեստր հասկացությունը վատ պրակտիկա է, ինչպես օրինակ Ռուսաստանում, որտեղ Ռոսկոմնադզորը հետևում է մեդիագործունեությանը և պարտադիր պետք է գրանցվես, որպեսզի կարողանաս հանրային տեղեկատվական գործունեություն իրականացնել։ «Հենց դա էլ առաջին քայլն է, որ սկսեն քեզ պետական մակարդակով վերահսկել»,-ասում է խմբագիրը։
Ռեեստրը, ըստ նրա, ստեղծելու է ոչ հավասար պայմաններ լրագրողական միջավայրի համար։ «Մենք իբև լրատվամիջոց գրանցվելու ենք ռեեստրում, որպեսզի անվճար ստանանք մի տեղեկատվություն, որ հանրայնացնելու ենք։ Այսինքն բոլորի համար դարձնելու ենք անվճար»։
«Նաև արտոնություն ունեցող լրատվամիջոցը պարզապես պարտավոր է անվճար հանրօգուտ ծառայություն մատուցել լսարանին և առաջարկել լսարանին ուղարկել իրենց հետաքրքրող հարցերը անվճար տեղեկություն ստանալու համար։ Բայց արդյոք այս նախաձեռնության հեղինակները պատկերացնում են թե ինչ մասշտաբների կհասնի ակնկալվող աշխատանքը այդ տեղեկությունը մատակարարելու համար»։
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հորդորում է շրջանառությունից հանել նախագիծը։
Նա ասում է, որ Պետռեգիստրի գրանցամատյանից ստանալու համար գումար պահանջելը ի սկզբանե ապօրինի է եղել և հակասել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին: «Խնդիրը շատ հեշտ լուծելի է. պարզապես վերացնում եք այդ անհեթեթ պետտուրքը և վերջ. պետռեգիստրը հավասարվում է բոլոր մնացած պետական մարմիններին ու կազմակերպություններին: Թե չէ՝ ինչո՞վ է նա առավել, ասենք, Կառավարությունից կամ հենց նույն արդարադատության նախարարությունից, որոնք տեղեկությունները, հարցման դեպքում, տրամադրում են անվճար (միչև 10 էջը, իսկ դրանից ավելիի համար գանձվում է միայն պատճենման ծախսը, որը ըստ կառավարության որոշման, չի կարող գերազանցել մեկ էջի համար 20 դրամը)»,-ասում է նա:
Երկրորդ խնդիրն, ըստ փորձագետը, այն է, որ փոփոխություն ենթադրող հոդվածները վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկված լրատվամիջոցներին․ «Ինքներդ էլ գրում եք. «Նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում»: Օրենքը ԶԼՄ-ների 4 տեսակ է նախատեսել, էդ ինչո՞ւ եք միայն նյութական կրիչի վրա թողարկվողները ընտրել: Այսինքն՝ մնացած երեքը դարձյալ պետտուրք պիտի մուծե՞ն»։
Մեդիափորձագետը նաև մատնանշում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի այն մասը, որ լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման, և ասում, որ առաջարկը հակասության մեջ է նույն օրենքի առնվազն այս հոդվածի հետ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանն էլ է այն կարծիքին, որ փոփոխությունները խորացնելու են արդեն իսկ առկա օրենսդրական հակասությունները։
Նրա կարծիքով, տեղեկատվությունը պատկանում է հասարակությանը, և պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին։
Ըստ նրա, որևէ անհրաժեշտություն չկա հանրության որևէ խմբի համար արտոնություն սահմանել։ Պետռեգիստրում առկա տվյալները գաղտնիք չեն պարունակում, և համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ պետք է բաց և անվճար լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար։
Իսկ լրատվամիջոցների համար հատուկ արտոնություն սահմանելը է՛լ ավելի է խորացնում օրենքների միջև առկա հակասությունը։
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն էլ համարում է, որ արդարադատության նախարարության մտադրությունը իրավունքի սահմանափակում չէ, այլ նոր իրավունքի հնարավորության ստեղծումը։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: