2019.07.01,

Նյուսրում

#Tvapatum19-ը հարցնում է՝ հանուն ինչի՞ լինել հեղինակություն թվային միջավայրում

Գերառատ ինֆորմացիոն միջավայրում ապրելը ուրախ և միաժամանակ բարդ է: Ստիպված ենք մի քանի հարկանի ֆիլտրերով անցկացնել լրահոսը՝ հասկանալու համար լուրերի կապը թե՛ իրականության, թե՛ անձամբ մեզ հետ:

Այդ կապը հաճախ ստուգվում ու շտկվում է ցանցային հեղինակությունների (ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ անձերի) միջոցով:

«Թվապատում» մեդիա կոնֆերանսն այս տարի հրավիրեց ուսումնասիրելու հեղինակություն ունեցող մեդիայի հարթակների ու մարդկանց ջանքերը՝ ուղղված լսարանի հետ հաղորդակցվելու, ոգևորելու, հետադարձ կապ ապահովելու ու, ի վերջո, լսարանին գործողության մղելու փորձերի հետ:

«Տեխնոլոգիան ծառա է»,- ասաց լեհ լրագրող Յակուբ Գորնիցկին, որը աշխատում է ինտերակտիվ պատմություններ ստեղծող Outride.rs հարթակում: 

Յակուբ Գորնիցկի

Եվ քանի որ բևեռացված հասարակություններում բևեռացված է նաև մեդիան, լրատվամիջոցների համար կարևոր է ոչ թե ավելացնել իրենց լսարանը, այլ ստեղծել սեփական համայնքը. «Սոցցանցերում ավելի շատ պատերազմ է, քան քննարկում: Տեսնում ենք, որ լսարանը զզվել ու հոգնել է պատերազմներից, ուզում է մասնակցել ներառական, ներգրավող քննարկումների: Մենք, օրինակ, փորձում ենք լսարանի հետ հարաբերություններ կառուցել՝ օգտագործելով #connecting (միացնելով) հեշթեգով միջացառումները»:

Գորնիցկին առաջարկեց լրատվամիջոցներին չսահմանափակվել միայն վիրտուալ կապերով, այլ լրատվական արտադրանքը դարձնել օֆլայն նախագծեր՝ ցուցահանդեսների, արշավների, փառատոնների ու պերֆորմանսների տեսքով, քանի որ դրանք համախմբում են մարդկանց:

Լսարանի սպասելիքներն ու վախերը հանդիպում են լուծումներ որոնող լրագրողական թիմի հետ: Արդյունքում ստեղծվում է միգուցե ավելի փոքր, բայց ավելի նվիրական լսարան:

Propublica հետաքննական հարթակի պրոդյուսեր, բրիտանացի Կլաուդիա Միլնը պատմեց, թե ինչպես կարելի է լսարանին դարձնել գործընկեր. «Սա չպիտի լինի գործարք (դու՝ ինձ, ես՝ քեզ), այլ հենց համագործակցություն, որը թեև սկսվում է թվային տարածքից, բայց անպայման շարունակվում է իրական շփման միջոցով: Չի ստացվի սկսել ու ավարտել շփումը միայն սոցիալական մեդիայում»:

Կլաուդիա Միլն

Այդ պատճառով էլ հետաքննական կայքերը միայն շահում են, երբ նյութ են անում ինչպես հետաքննությունից առաջ, այնպես էլ հետո: Եվ այդ «հետո»-ն ամենահետաքրքիրն է, քանի որ միշտ էլ լրագրողները գնացել են, թակել մարդկանց դռներն ու հարցեր տվել: Պարզապես հիմա այդ հարցերը կարելի է տալ թվային եղանակով: Բայց դուռ թակելը պետք է միշտ:

«Հանուն ինչի՞ հավաքել լսարան» հարցն, իհարկե, կարող է պարզ պատասխան ունենալ՝ հանուն գումարի: Վիրտուալ աշխարհում մոնետիզացման ճանապարհ բռնած լրագրողների համար կան տարատեսակ խութեր:

Նյու-յորքցի հրատարակիչ և խմբագիր Իլան Գրինբերգը սոցցանցերը համարում է «վտանգավոր լանդշաֆտ լրագրողների համար», որտեղ ծագող էթիկական հարցերը կարող են հեշտությամբ փշրել լրագրողի հեղինակությունը:

Իլան Գրինբերդ

«Վիրտուալ հետևորդները լուրջ սոցիալական կապիտալ են: Այդ կապիտալը կարող է թեքել, խեղել հասարակական կարծիքը, մոբիլիզացնել մարդկանց: Այլևս չկան ավանդական աստղեր, կան ազդեցիկ անձեր թվային աշխարհում, ինֆլյուենսերներ: Եվ փաստ է, որ ցանցում ամենաազդեցիկը լրագրողները չեն»:

Լրագրողին բարդ է լինել ինքնուրույն թվային անձ, եթե նա ներկայացնում է լրատվամիջոց: «Մեդիա ընկերությունը հաճախ ներխուժում է լրագրողի անձնական տարածք, ինչպես կապիտալիզմն է մտնում մեր կյանք»,- ասաց նա և խորհուրդ տվեց հիշել, որ ազդեցիկը միշտ անհատականությունն ընդգծողն է:

Բելառուսցի լրագրող ու մեդիա հետազոտող Ֆրանակ Վյաչորկան իրական թվային ազդեցիկություն ունեցող մարդկանց շարք է դասում ոչ այնքան խոշոր ու հզոր հարթակներ ներկայացնողներին, այլ միկրոբլոգերներին ու կոնկրետ թեմաներով հմտացած ու խորշային լսարան ձևավորած մարդկանց:

Ֆրանակ Վյաչորկան

«Բլոգերներն ու սոցիալական ակտիվիստները կարող են չունենալ մակրո ազդեցություն, բայց ավելի ազդեցիկ լինեն իրենց համայնքում»,- ասաց նա:

Դիզայներ, մուլտիմեդիա նախագծերի հեղինակ, ռուսաստանցի Քսենիա Դիադորովան մեդիա նպատակը այսպես ձևակերպեց․ «Հիմա ոչ թե պայքար է լսարանի ուշադրության համար, այլ լսարանի վստահության: Իսկ վստահությունը կառուցվում է առաջին հերթին սոցիալական ներգրավածությամբ: Դիտումների քանակը պատրանքային ցուցանիշ է: Ավելի լավ է հավաքել մի արկղում այն հույզերը, որոնցով ուզում եք կիսվել, հետո միայն մտածել, թե ում հետ և ինչպես բացել այդ արկղը: Ես խորհուրդ եմ տալիս ոչ թե ջնջել հեղինակին ձեր միջից ու պատրաստել չեզոք նախագիծ, այլ ընդհակառակը՝ փայփայել ձեր մեջ հեղինակին»:

Քսենիա Դիադորովա

Լրատվական դաշտը ավելի մեծ կախվածություն ունի լսարանից, քան լսարանը լրատվականներից: Եվ դա իրական կախվածություն է թմրանյութերի նման: 

Մրցավազքը հանուն լսարանի հասնում է արդյունքի, երբ իրոք ստեղծվում է երկխոսություն ինֆորմացիա փոխանցողի ու ինֆորմացիա սպառողի միջև:

Այդ մասին պատմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խորհրդատու Շելի Էսգերան, որը համայնքի ներգրավումը համարում է կարևոր գործիք խնդիրները ուսումնասիրելու ու օգնությունը բաշխելու համար:

Շելի Էսգերա

Ռուսաստանցի ռեժիսոր Անտոն Ուտկինը վստահ է, որ Ռուսաստանի կարևորագույն խնդիրը իրավապաշտպան գործունեությունն է և ուզում է նկարահանել ինտեակտիվ ֆիլմեր, որպեսզի ինֆորմացիան ավելի ճիշտ հասցնի լսարանին ու պետք լինի քաղաքացիներին: 

Պետք լինելու մղումը, ի վերջո, հենց այն դրդապատճառն է, որի համար էլ արժե լսարան ունենալ:

Անտոն Ուտկին

Շտապելու ու թեժ նորությունների վրա կենտրոնանալու փոխարեն մեդիան կարող է ներկայացնել այնպիսի բովանդակություն, որը պահանջում է խորասուզում ու կարեկցում: Այդ մասին պատմեց վրացի լրագրող Նատալյա Անտելավան, որը կողմնակիցն է երկար, ամբողջական ու գեղեցիկ փաթեթավորված պատմությունների, քանի որ պահանջ կա մարդկանց հույզերին դիպչել՝ առանց այժմեականության թակարդը գցելու:

Նատալյա Անտելավա

Ինֆորմացիայով գերհագեցած միջավայրը նաև թմրեցնում ու անտարբեր է դարձնում լսարանին՝ բթացնելով կարեկցելու ու ապրումակցելու ունակությունը: Իսկ ու՞մ է պետք թմրած ու անգործունակ լսարան: Երևի թե միայն ավտորիտար պետություններին: 

Բոլոր դեպքերում շահում է այն մեդիա ընկերությունն ու անձը, որը տեղեկատվության կապը լսարանի տարբեր հատվածների հետ կառուցում է ոչ թե քանակական չափանիշներով, այլ հասցեկանությամբ: Դա է հիմնական խնդիրը համացանցային բաց դարում, երբ լուր ստեղծելու մենաշնորհ այլևս չկա, փոխարենը լուրաստեղծ են բոլորը:

Թվային հեղինակությունները փոխանցողներն են՝ միջնորդներ: Փոխանցում են փորձառություն, գիտելիք ու գործելու հաճույք: Ու նաև լավ հասկանում են, որ կարող են փոխանցել միայն այն, ինչն իրենց իրապես մտահոգում ու հուզում է, այլ ոչ թե պատվեր է:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *