Վիճակախաղերի և գովազդի մասին օրենքներում հնարավոր են փոփոխություններ: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագծերը:
Նախագծերի հիմնավորումն այն է, որ լրատվամիջոցները լցվել են տոտալիզատորների գովազդով, իսկ բնակչության զգալի մասը զբաղված է խաղադրույքներ կատարելով: Փոփոխությունների նպատակը մարդկանց շահումով խաղերով տարվելուց հնարավորինս հեռու պահելն է:
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկվող նախագծով առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի տարածքում և «AM», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:
Ինչպես նաև ինտերնետ տոտալիզատորը կհամարվի Հայաստանի տարածքում կազմակերպված, եթե նրա սերվերները տեղակայված լինեն Հայաստանի տարածքում, ունենան Հայաստանի համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե և տեղեկատվական ռեսուրսները գտնվեն «ԱՄ» և «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:
«Գովազդի մասին» օրենքի նախագիծն առաջարկվում է փոփոխություն, համաձայն որի՝ Հայաստանում կազմակերպվող շահումով խաղերի համար լրատվական կայքի գովազդը չի կարող գերազանցել էջի 20 տոկոսը:
Մեդիայի և տեղեկատվական անվտանգության մասնագետները կարծում են, որ առնվազն այս երկու կետերում քննարկելու հարցեր կան:
Գովազդի անարդար բաշխում
Տեղեկատվական իրավունքի փորձագետ Դավիթ Սանդուխչյանի կարծիքով, հայկական դոմենային տիրույթի կայքերում տոտալիզատորների գովազդի սահմանափակումը չի կարող խնդիրը լուծել:
«Խաղերով տարված կամ հետաքրքրված մարդիկ նման գովազդ կարող են դիտել, օրինակ ռուսական սպորտային, ֆիլմերի և ժամանցային կայքերում: Սա նշանակում է, որ մեր լրատվական կայքերից գովազդը կտեղափոխվի այլ ավելի ժամանցային և մասնագիտացած հարթակներ»,-ասում է Սանդուխչյանը:
Ըստ նրա, գովազդը կտեղադրվի այն կայքերում, որոնք գրացված են այլ դոմենային տիրույթներում, օրինակ com, net, info. «Լինելով հայալեզու, տարածելով Հայաստանին վերաբերող լուրեր այդ կայքերի վրա նշված արգելքները չեն գործի և կգործեն միայն «Գովազդի մասին» օրենքով նախատեսված 20% սահմանափակումները, ինչը բավական է տեսանելի գովազդ տեղադրելու համար»:
Թեև լրատվական կայքերում, ըստ Սանդուխչյանի, տոտալիզատորների գովազդն արդարացված չէ, քանի որ ճիշտ չէ թիրախավորումը. խաղացողներն այլ, օրինակ ժամանցային կայքերում են դիտում նման գովազդային բովանդակություն:
Փորձագետն ասում է, որ նման օրենսդրական կարգավորումը կամ հապճեպության և մասնագիտական ոչ պատշաճ քննարկման արդյունք է կամ դիտավորություն:
Ըստ Panarmenian.net կայքի խմբագիր Նիկոլայ Թորոսյանի, այսօր որոշ կայքեր միաժամանակ մի քանի բուքմեյքերների գովազդ ունեն, իսկ 20 տոկոսի շեմ սահմանելը նշականում է մրցակցություն գովազդային տարածքի համար: Այսինքն, փոքրացած գովազդային տարածքի համար ավելի շատ ընկերություններ հետաքրքրություն կցուցաբերեն, ինչը կարող է հանգեցնել գովազդի գների բարձրացմանը:
«Սա կարող է փոխհատուցում լինել այն կայքերի համար, որոնք նախկինում մի քանի ընկերությունների հետ էին աշխատում: Եթե գովազդի մի տեսակը սահմանափակում ես, բայց ծառայության, այսինքն՝ շահումով խաղերի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը ու բուքմեյքերների կողմից գովազդային հարթակների պահանջարկը նույնն է, իրենք կսկսեն այլ հարթակներ որոնել գովազդի համար»,- հավելում է Թորոսյանը:
Սերվերները Հայաստանում թրաֆիկը կդարձնեն վերահսկելի
«Վիճակախաղերի մասին» օրինագծի 3-րդ կետը սահմանում է, որ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները պետք է տեղակայված լինեն Հայաստանում, ունենան ՀՀ IP հասցե:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը այս կետը համարում է վտանգավոր և ասում է, որ սերվերների տեղակայումը Հայաստանում կարող է նշանակել, որ պետությունը ստեղծում է ինտերնետ արգելափակումների համակարգ, պարտադրում բոլոր պրովայդերներին իրենց մոտ տեղադրել հատուկ սարքավորումներ և ծրագրային ապահովում, որը խորը կուսումնասիրի ինտերնետի թրաֆիկը:
Այսինքն ստեղծվում է մեխանիզմ, որը թույլ կտա, օրինակ, ինտերնետում գաղտնալսումներ անել. «Համակարգը վտանգավոր է՝ այսօր կարող է մի նպատակով աշխատել, իսկ վաղն, ով գիտի, ինչ խնդիր կարող է լուծել: Կարող են արգելափակվել լրատվամիջոցներ, ֆեյսբուքյան ուղիղ միացումներ, վատ բովանդակություն տարածող կայքեր և այլն»:
Մարտիրոսյանն ասում է, որ 2017թ-ին Ինտերնետ կառավարման խորհրդում քննարկվել է այս հարցը, ու եթե այն ժամանակ ստեղծվեր նման համակարգ, ապա 2018թ-ի ապրիլի դա կարող էր գործի դրվել և տեղեկատվության տարածման հոսքը խոչընդոտվեր:
«Շատ չմտածված նախագիծ է, որը կամ չի աշխատի, իսկ եթե աշխատի, տեղեկատվության ազատության ոլորտում խնդիրներ կառաջացնի»,-նշում է նա:
Սերվերների տեղակայումը Հայաստանում կարող է ռիսկային լինել բիզնեսի համար: Դավիթ Սանդուխչյանն ասում է, որ քիչ թե շատ ողջամիտ բիզնեսը իր սերվերը տեղադրում է դրսում. «Հայաստանի տեղեկատվական համակարգը խոցելի է և շատ քիչ են կայացած և որակյալ ծառայությունները: Ենթադրում եմ այս նախագիծն ինչ-որ ընկերությունների շահեր է հետապնդում: Մյուս կողմից, խախտվում է սերվերային ծառայություններ մատուցող ընկերությունների ազատ մրցակցության իրավունքը»:
Ըստ Սադուխչյանի, նման սահմանափախումը պարզունակ մեթոդ է, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, որի տեղեկատվական անվտանգության համակարգը խոցելի է: Ընկերությունները, հնարավոր խնդիրներից խուսափելու համար, օգտվում են Հայաստանից դուրս տեղակայված սերվերներից:
Բացի գովազդի ու ինտերնետի հնարավոր սահմանափակումները, շահումով խաղերի դեմ պայքարի այլ տարբերակներ էլ կան: Մասնագետները կարծում են, որ նախ պետք է արգելել վճարման տերմինալներով այդ ծառայությունների համար մուծումները։ Շահումով խաղերից կախվածության հետևանքների մասին տեղեկությունների տարածումն ու թեմայի վերաբերյալ դրական ու բացասական մարդկային պատմությունների ներկայացումը կարող է օգտակար լինել:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: