2019.06.11,

Նյուսրում

Աշխատանքը թողած լրագրողը պայմանագիր չի ունեցել

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

24news-ի նախկին լրագրող Դիանա Դավթյանը իր աշխատանքային իրավունքների պաշտպանության համար չի դիմի դատարան, քանի որ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր չի ունեցել։

Հունիսի 3-ին «Բաց հասարակության հիմնադրամներ․ Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև ՎԵՏՕ նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո Դիանան ազատվել է աշխատանքից։

Դիանան ակցիան ինտերնետային ուղիղ եթերում լուսաբանելու ժամանակ ՎԵՏՕ  նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանից հետաքրքրվել էր, թե փաստեր ունե՞ն, որ իշխանությունների վերին էշելոնները Սորոսի հիմնադրամից հրահանգներ են ստանում։ Հարցը ցուցարարների ու լրագրողների միջև լարվածության առիթ է դարձել։

Դիանա Դավթյանը պատմում է, որ 24news-ի խմբագիր Նարեկ Գալստյանը զանգահարել է օպերատորին ու հրահանգել անջատել ուղիղ եթերը։Ցուցարարների հետ լրագրողի միջադեպը նկարահանել է «Հրապարակ» թերթի լրագրողը։

Նարեկ Գալստյանը լրագրողական խմբին հրահանգել է վերադառնալ խմբագրություն։ Լրագրողը պատմում է, որ խմբագիրը իրեն մեղադրել է անհավասարակշիռ պահվածքի համար, ասել է, որ ցույցի կազմակերպիչը իր ընկերն է։ Խոսակցությունից հետո խմբագիրն ու լրագրողը որոշել են, որ այլևս համատեղ չեն աշխատելու։

Նարեկ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ լրագրողին ազատել է աշխատանքից, քանի որ նա վերածվել է քաղաքական ակտիվիստի ու անցել է  կոռեկտության սահմանները։

Դիանան «24news»-ում աշխատում է նոյեմբերից։ Ասում է, որ գրանցված աշխատող չի եղել, աշխատանքային պայմանագիր էլ չունի, աշխատավարձն էլ ամեն ամիս առձեռն ստացել է խմբագրից։  

Լրագրողը պատմում է, որ մի քանի ամիս առաջ վարկ ստանալու համար տեղեկանք է պետք եղել աշխատավայրից։ Այդ հարցով դիմել էր խմբագրին, որը խոստացել է նրան որպես օրինական աշխատող գրանցել, բայց մինչև հունիս այդպես էլ չի կատարել խոստումը։

Չգրանցված աշխատող լինելու պատճառով Դիանան այժմ չի կարողանում իր իրավունքները պաշտպանել դատարանում․ «Գործատուն ինձ նախապես պատշաճ ձևով և ժամկետներում չի իրազեկել, որ առաջիկայում ազատվելու եմ աշխատանքից և հիմա հարկադիր պարապուրդի մատնվելու համար դատարան չեմ կարողանում դիմել և օրինական կարգով հարկադրել վճարել այս պարագայում ինձ հասանելիք գումարը»,-ասում է նա։

Նարեկ Գալստյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Դիանա Դավթյանի վերաբերյալ հարցերն իր համար «տոտալ փակ թեմա է»։ Լրագրողի ու խմբագրության աշխատանքային հարաբերությունների մասին հարցին ի պատասխան նա ասաց․ «Ես այդ առումով նույնպես մեկնաբանություն չունեմ և ոչինչ չեմ պատրաստվում ասել»։  

Աշխատանքային իրավունքի հարցերում մասնագիտացած իրավաբան  Դավիթ Ասատրյանն ասում է, որ լրագրողները շատ դեպքերում չեն ցանկանում բարձրաձայնել իրենց աշխատանքային հարաբերությունների մասին՝ մտածելով, որ դա հետագայում կազդի նրանց կարիերայի վրա։ Նրա կարծիքով՝ աշխատանքային պայմանագիր կամ հրաման չունենալը լուրջ խնդիր է։ Եթե պայմանագիր չկա, դատարանում դժվար է ապացուցել աշխատավարձի չափը։

«Աշխատավարձը, ամենամյա արձակուրդի, ոչ աշխատանքային ժամերի ու տոնական օրերի հավելավճարները գործատուի հայեցողությամբ է վճարվում կամ չի վճարվում։ Ելքը դատարան դիմելն է, որտեղ պետք է հստակ ապացուցել, որ անձը աշխատել է խմբագրությունում և ինչ-որ չափի աշխատավարձ է ստացել։ Եթե լրագրողի աշխատելը հեշտությամբ կարելի է ապացուցել՝ հրապարակումներից ելնելով, աշխատավարձի չափը շատ դժվար է»,-ասում է Դավիթ Ասատրյանը։

Փաստաբանի խոսքով՝ լրագրողները իրեն աշխատանքային հարաբերություններ մասին հիմնականում հարցուփորձ են անում, բայց խորհուրդ ստանալուց հետո 10-ից 9-ը չի էլ ուզում պայքարը շարունակել դատարանում։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *