Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական հասարակական կազմակերպությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին աջակցող հայտարարություն են տարածել:
Նախարար Զարուհի Բաթոյանի՝ Shabat.am-ին տված հարցազրույցը Ֆեսյբուքում ու Յություբում օգտագործվեց ատելության խոսք տարածելու համար: Նախարարի՝ սեռականության ու սեռական դաստիարակության թեմայով մեկնաբանությունները թիրախավորվեցին և օգտագործվեցին նրա դեմ:
Կազմակերպությունները հայտարարության մեջ նշել են, որ ատելության քարոզարշավները որպես շղարշ են օգտագործվում քաղաքական նպատակների իրագործման համար:
«Կնատյաց և սեռականացված բառապաշարով Տիկին Բաթոյանի թիրախավորումը վկայում է մեր երկրում սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված խտրականության խորը արմատավորված խնդրի և խտրականության դեմ ուղղած գործողությունների անբավարար մակարդակի մասին»,-ասված է հայտարարության մեջ:
Նախարարի հարցազրույցի յություբյան մեկնաբանությունները հիմնականում բացասական էին՝ ուղղված երկու կողմերին: Լրագրողին մեղադրում են սեռական թեմաներով հարցեր տալու համար, նախարարին էլ՝ այդ հարցերին անկեղծ պատասխանելու համար:
Shabat.am-ի խմբագրությունը պարզաբանում է, որ իրենք որևէ պարտավորություն չունեն պաշտպանելու այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային։ Եվ դա իրենց գործառույթը չէ:
«Մենք համարում ենք, որ հարցազրույցի արձագանքները հանրության տարբեր շերտեր ընկալել են յուրովի, իսկ բուն հարցազրույցը համարում ենք հաջողված թե՛ հյուրի, թե՛ հարցերի, թե՛ առհասարակ «փակ» թեմաներից խոսելու և կարծրատիպեր կոտրելու տեսանկյունից»,-նշում է կայքը:
Լրատվամիջոցի պարզաբանման մեջ ասվում է, որ մեդիայի հետ շփվող ցանկացած պետական ու քաղաքական գործիչ նախքան որևէ հարցազրույցի մասնակցելը պարտավոր է գնահատել բոլոր ռիսկերը, երբեմն նաև առավելությունները. «Համոզված ենք, որ Զարուհի Բաթոյանը կայացած ու ինքնաբավ գործիչ է և որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի»:
Թեման հետաքրքիր էր մարդկանց համար և Shabat.am-ի համար սպասելի էր, որ պետք է հասարակական ռեզոնանս առաջանար․ «Հարցազրույցը հանրությանը տվել է պատասխաններ կամ առաջացրել հարցեր։ Սա է մեր աշխատանքի ամենակարևոր արդյունքը և առհասարակ լրագրողական արտադրանքի հիմնական նպատակը: Հարցազրույցը ստացված էր, հետաքրքիր ու բավականին անկեղծ»։
«Փինք Արմենիա»-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանն ասում է, որ լրատվամիջոցն այստեղ անելիք ունի, պետք է գտնի ճանապարհներ այլ տեսակետներ հրապարակելու, ինչու ոչ կարող է դատական կարգով պահանջել ներողություն խնդրել նախարարից:
«Շատ դեպքերում խոսքի ազատությունը կարող է ավելի լայն մեկնաբանվել՝ որպես քննադատություն ուղղված պաշտոնատար անձին: Բաթոյանի արտահայտած դիրքորոշումներն անձնական տիրույթ տեղափոխելը ոչ թե նախարարի գործունեությանն ուղղված քննադատություն է, այլ նրա մասնավոր, ընտանեկան կյանքի իրավունքի խախտում»:
Իրավաբանը նաև նշում է, որ պաշտոնատար անձինք նման դեպքերում ավելի քիչ պաշտպանություն ունեն, քան իրավապաշտպաններն ու հասարակ քաղաքացիները․ «Oրենսդրական կարգավորման խնդիր ունենք: Իրավապահ մարմինները, բացի քաղաքական կամքի բացակայությունից, կարող են ատելության խոսքի տարածմանն ընդհանրապես ընթացք չտալ և հիմնավորվել հանցակազմի բացակայությամբ կամ այլ օրենսդրական բացթողումներով»:
Պետրոսյանը նշում է, որ, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնյան կարող է օգտվել Քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված պաշտպանությունից, քանի որ այստեղ կա արժանապատվության նսեմացում, անհարգալից վերաբերմունք անձնական կյանքի հանդեպ:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: