2019.05.22,

Նյուսրում

Երբ լրագրողը որոշում է պատմել անչափահասի հղիության մասին

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

13-ամյա աղջկա հղիության մասին 5-րդ ալիքի մայիսի 18-ի տեսանյութն արագորեն վերահրապարակվեց տարբեր կայքերում և տարածվեց Ֆեյսբուքում: Տեսանյութն օրեր անց հեռացվեց Յություբից՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ զրույցից հետո:

Հեռուստատեսային ռեպորտաժը Յուքոմի բաժանորդների համար մնում էր հասանելի այնքան ժամանակ, որքան գործում է բովանդակություն վերադիտելու՝ «catch up»-ի հնարավորությունը։

5-րդ ալիքի գործադիր տնօրենի հետ զրույցի մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ օմբուդսմանը  լրագրողներին հիշեցրել է «Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը» ձեռնարկի մասին: Նա խնդրել է երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն:

Ձեռնարկի մեջ նշված է, որ լրատվամիջոցը պարտավոր է ապաանձնավորել սեռական բռնության ենթարկված երեխայի անունը, ազգանունը, բնակության վայրը և նրան նույնականացնող այլ տվյալները, քանի որ նման դեպքերում երեխաների համար հաճախ ծագում են բացասական հետևանքներ (օրինակ, սեռական ոտնձգության ենթարկված երեխային կարող են շրջապատում թիրախավորել, ծաղրել):

Թեման սոցիալական ցանցերում ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ այն հանրությանը մատուցվեց տեսանյութով:

5-րդ ալիքի լուրերի հաղորդավարը՝ անչափահասի հղիության մասին լուրը ներկայացնելիս ասում է, որ դեպքի վայր է «ժամանել անգամ իրենց նկարահանող խումբը այն դեպքում, երբ դեռ որևէ սոցիալական աշխատող չի խոսել նրա հետ»:

Հաղորդավարն ասում է, որ «ոստիկաններն ավելի սարսափելի բաներ գիտեն» և հնարավոր է՝ աղջկան բռնաբարել է եղբայրը, որը հոգեկան առողջության խնդիրներ ունի:

Տեսանյութում հիմնականում խոսում է մայրը, երևում է նրա դեմքը, ձայնը փոխված չէ: Եվ տուժած անչափահասին էլ կարելի է նույնականացնել բնակության վայրով կամ եղբոր Խարբերդի մասնագիտացած մանկատանն ապրելու փաստով:

Աղջկա թիկունքից արված կադրերով ևս կարելի է նույնականացել տուժողին: Ռեպորտաժում չկան մեկնաբանություններ ոստիկանությունից, տարածքային պոլիկլինիկայից, բնակավայրի դպրոցի տնօրինությունից: Ամբողջ նյութը կառուցված է մոր խոսքերի վրա:

Դեպքին ավելի վաղ՝ մայիսի 16-ին, անդրադարձել էր Tert.am-ը, պատմելով դեպքի մասին առանց անունների, սակայն նշելով տեղանքի անունը: Լրագրողը հավելյալ տեղեկություններ է հաղորդել բռնության ենթարկված աղջկա մասին՝ հայտնելով, որ «մոր խոսքերով՝ երեխան մտավոր խնդիրներ ունի, առաջին կարգի թոշակառու է»։

Կայքը կապ է հաստատել Վաղարշապատի ոստիկանության հետ, զրուցել մոր հետ՝ առանց լուսանկար և տեսանյութ հրապարակելու: Նյութում հեղինակի կողմից կատարվածի հետ կապված մեկնաբանող տեքստ չկա:

Ֆեյսբուքում այս դեպքի լուսաբանումը առաջացրեց մտահոգություններ: Ավելի շատ գրվեց ոչ թե այն մասին, թե ինչու է առհասարակ այս պատմությունը քննարկման թեմա դարձել, այլ ինչպես կարելի է լուսաբանել նման զգայուն թեման:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը՝ հղում անելով օրենքին, կոչ արեց չտարածել տեսանյութը և գործողություններում առաջնորդվել երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքով։

Քանի որ հեռուստաընկերությունն արդեն հեռացրել էր տեսանյութն իր ալիքից, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորեց առանձին սոցիալական հարթակներին ու յութուբյան օգտատերերին ևս հեռացնել այն իրենց էջերից:

Անչափահասի բռնաբարության մասին լրագրողական նյութ պատրաստելը բարդ որոշում է։

Արագ պատրաստած, սկանդալային հնչեղությամբ նյութերը կարող են ավելի շատ վնասել, քան օգնել նյութի հերոսներին: Անգամ եթե նյութերը արվում են դիտողականություն ապահովելու համար, դրանք մեծ հաշվով ձախողում են, քանի որ նյութի հեղինակը, հրապարակելով փաստը, դառնում է նաև դրա զարգացման պատասխանատուն:

Հիմա 13-ամյա աղջկա մասին տեսանյութը ցանցում չէ, բայց մարդիկ շարունակում են այն քննարկել: Վստահաբար, քննարկելու են նաև տարիներ անց, քանի որ թվային դարում ոչինչ չի մոռացվում վերջնականապես ու առհավետ:

Հիշվելու ու դիտվելու համար արված ռեպորտաժները լավագույն միջոցը չեն զգայուն ու խոցելի թեմաները լրահոս նետելու համար: Ի վերջո, ցանկացած սկանդալի հիմքում իրական մարդիկ են, իրական ցավ ու ցանկություն չհիշվել ընդամենը մեկ պատմությամբ (թեկուզ դաժան):

Երբ լրագրողը որոշում է պատմել անչափահասի հղիության մասին, իսկ լրատվամիջոցը՝ հրապարակել այն, բավարար չէ ասել, որ դա արվում է զուտ տեղեկացնելու համար: Կան ավելի կարևոր թիրախային նպատակներ: Օրինակ, ներառական կրթությունը դպրոցում, անչափահասների ոչ բավարար սեռական դաստիարակությունը, բռնության դեպքերի հետ հաշտ ապրելը, չգիտակցելը, որ բռնաբարության դեպքը քրեորեն պատժելի է:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *