2019.05.15,

Նյուսրում

Մեկնաբանությունների մոդերացման հայկական փորձն ու ձևերը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մոդերացիայի խնդիրն ուղիղ միացումների ժամանակ ոչ բոլոր լրատվական կայքերին է հաջողվում լուծել:

Այս օրերին միաժամանակ մի քանի աղմկահարույց դատական նիստեր են ընթանում, որոնք լրատվամիջոցները հիմնականում լուսաբանում են ուղիղ միացման ռեժիմով: Դիտողների մեկնաբանությունները տեսանյութերին հաճախ ուղեկցվում են հայհոյանքներով, ատելության խոսքով, բռնության սպառնալիքով:

Ինչպե՞ս են լրատվամիջոցները մոդերացնում նման մեկնաբանությունները: Մեկնաբանում են խմբագիրներն ու փորձագետները։

Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյան

Միաժամանակ մի քանի ուղիղ միացումների դեպքում բավականին դժվար է մոդերացնել մեկնաբանությունները: Մեր կայքում մեկնաբանությունների ծավալը մեծ է, ամեն կես վայրկյանում մեկ մեկնաբանություն է լինում: Պետք է միաժամանակ հետևել բոլոր միացումներին, դա ահռելի ժամանակ է պահաջում և հավելյալ աշխատանք:

Որքան հնարավոր է և որքան նկատում ենք, հեռացնում ենք, սակայն չեմ կարող վստահեցնել, որ մեր կայքում բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են: Մյուս կողմից էլ՝ շատ խիստ մոդերացիան կարող է որակվել որպես գրաքննություն:

Եթե անգամ ուղիղ միացումը տվյալ պահին մոդերացնում ենք, չենք կարող երաշխավորել, որ մի քանի օր անց չեն լինի նոր հայհոյանքներ և բռնության կոչեր: Այո, անհրաժեշտ են լուծումներ: Մեր հետևորդները կապ են հաստատում մեզ հետ և տեղեկացնում այս կամ այն բովանդակության տակ արված վատ մեկնաբանությունների մասին, որոնք մենք հեռացնում ենք:

Նախկինում ունեցած փորձը ցույց է տվել, որ ինչքան շատ ես մոդերացնում, այնքան շատանում են նեգատիվ մեկնաբանությունները: Ուղիղ միացումների ժամանակ արված մեկնաբանությունների կյանքը կարճ է։

1in.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Սափեյան

Հնարավորինս փորձում ենք մոդերացնել մեկնաբանությունները, թեև հատուկ դրանով զբաղվող աշխատակից չունենք:

Թե ուղիղ միացումների, թե մեր հաղորդումների ժամանակ, եթե նման մեկնաբանություն անողը կեղծ օգտատեր է, միանգամից արգելափակում ենք: Մեր հյուրերից շատերը խնդրում են, որ վիդեոն Յություբում ներբեռնելուց հետո ընդհանրապես փակվեն մեկնաբանությունները:

Արագության մեջ երբեմն դժվար է այնքան ուշադիր լինել, որ ոչինչ բաց չթողնել։ Սակայն լսարանի հանդեպ հարգանքը ստիպում է զգոն լինել: Վերջին շրջանում հատկապես դատական նիստերի ուղիղ միացումների ժամանակ են լինում հայհոյանքներ, ատելության խոսք՝ ուղղված կոնկրետ անձերի:

Մեդիա փորձագետ Արթուր Պապյան

Մոդերացիան կարող է վատ հետևանքներ ունենալ լրատվամիջոցների համար: Փակելով Ֆեյսբուքի և Յություբի մեկնաբանությունները՝ մարդիկ ավելի քիչ են սկսում դիտել տվյալ վիդեոբովանդակությունը:

Այսօր օգտատերերի ներգրավածության լավագույն դրսևորումը մեկնաբանություններն են, որոնք փակելու պատճառով փաստորեն պակասում են դիտումները: Օրինակ, Յություբում քիչ կամ չմեկնաբանված վիդեոները չեն  կարող հայտնվել ուղիղ միացումների ցուցակում կամ առաջին էջերում:

Էթիկային հետևող խմբագիրներն անգամ, խնդիր ունեն իրենց բովանդակության մասսայականությունն ապահովելու: Մարքեթինգային տեսանկյունից մոդերացիան լրատվամիջոցին զրկում է լսարանից:

Միաժամանակ մոդերացիայի  տեխնիկական մի շարք հնարավորություններ կան Ֆեյսբուքում և Յություբում: Ֆեյսբուքյան կարգավորումների մեջ կա մեկ մեկնաբանություն թողնելու հնարավորություն, որը բավականին կիրառելի է:

Կա ուժեղ, միջին և թեթև մակարդակի մոդերացիայի հնարավորություն: Խիստ մոդերացիայի պատճառով տեղական լրատվամիջոցները սկսել էին լսարան կորցնել: Որպես մասնագետ, խորհուրդ եմ տալիս օգտագործել թեթև կամ միջին մոդերացիայի հնարավորությունը:

Ե՛վ Ֆեյսբուքում, և՛ Յություբում կա սև ցուցակի հնարավորություն, որտեղ կարող ես բառեր մուտքագրելով մոդերացնել մեկնաբանությունները, բայց քանի որ մեր ազգը հնարամիտ է և մեծ երևակայություն ունի հայհոյանքների հարցում, դժվարանում է այս գործը:

Հայհոյանքներ տարածող օգտատերերին արգելափակելն այդքան էլ օգտակար չէ: Մյուս տարբերակը նրանց հետ կապ հաստատելն է: Այստեղ, որպես մոդերացնող մասնագետ, կարևոր է տիրապետել  լրատվամիջոցի էթիկային, դաշտի օրենսդրական կարգավորումներին, ունենալ հումոր, լինել համբերատար: Հատկապես այն պարագայում, երբ նրանցից շատերը սքրինշոթեր են անում և հետագայում տարածում էջերում:

Սոցցանցերի համար այս խնդիրը դժվար լուծելի է, նրանք ժամանակ առ ժամանակ նոր փորձարկումներ են անում, որպեսզի մյուս կողմից չսահմանափակեն մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *