Հայ վլոգերները մեղադրում են MoTv հեռուստաընկերությանն իրենց յություբյան տեսանյութերն առանց հղման, իրենց հետ համաձայնության և պայմանագիր կնքելու եթեր հեռարձակելու համար:
Վլոգերների անունից բողոքը հիմնավորել է վլոգեր Ագնես Խերանյանն իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ հեռուստաընկերությունը գողացել է իրենց ստեղծած բովանդակությունը և մյուս անգամ իրենցից պետք է թույլտվություն ստանան կամ գնեն վիդեոները:
Գործնական քայլեր այս պահին նրանք չեն ձեռնարկել, ակնկալում են հեռուստաընկերությունից պարզաբանում ստանալ, քանի որ հեռախոսազրույց են ունեցել և խնդրել եթերի ձայնագրությունն իրենց տրամադրել:
MoTV-ի հիմնական բովանդակությունը ժամանցային է՝ հիմնված յություբյան ձևաչափերի վրա: Գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանն ասում է, որ իրենք դադարեցնելու են եթեր հեռարձակել տեղացի վլոգերներին:
«Մենք սոցիալ բլոգ բաժնի համար ի սկզբանե որոշել էինք տեղադրել մեր յություբերների վիդեոները ու օգնել նրանց ավելի լայն լսարանի ճանաչելի դառնալ, որևէ կոմերցիոն նպատակ չենք հետապնդել: Տեղադրված վիդեոներն ուղեկցվել են տեքստային հղումով»,-ասում է Ռաֆայելը:
Նա ասում է, որ դրանք Յություբում բաց են տեղադրվել և իրենք էլ հղումով են օգտագործել: Չի ընդունում մեղադրանքները:
Յություբյան կարգավորումների համաձայն, հեղինակն այս հարթակում բովանդակություն տեղադրելուց հետո ցանցին տրամադրում է հեռարձակման իրավունք: Սա նշանակում է, որ տեսանյութը կարող է դիտվել միայն Յություբի ալիքից և չի կարող կոմերցիոն կամ այլ նպատակներով վերարտադրվել կամ տարածել որևէ այլ հարթակով առանց հեղինակի հետ համաձայնության:
Կողմերն իրենց իրավունքները քննարկելու համար հանդիպում չեն նախաձեռնել: Վիճաբանությունը հեռահար է:
Փաստաբան Դավիթ Ասատրյանն ասում է, որ հեղինակային իրավունքների պաշտպանությունը տարածվում է բոլոր տեսակի ֆիլմերի վրա, այդ թվում յություբյան տեսահոլովակների, որոնք հիմնավորված են հրապարակման փաստով:
«Դա համարվում է անձի ստեղծագործությունը և օգտագործման դեպքում դրան հղումը և օգտագործման թույլտվություն ստանալը պարտադիր է: Հակառակ դեպքում խախտվում է հեղինակի եկամուտներ ստանալու իրավունքը»,-ասում է փաստաբանը:
Մասնագետը նշում է, որ հեղինակային իրավունքի խնդիրներից խուսափելու համար, տեսանյութը պետք է ունենա հրապարակման հստակ ամիս, ամսաթիվ և սեփական էջ, որպեսզի հետագայում առաջացած վեճերում հնարավոր լինի ապացուցել, որ այն ավելի շուտ է հրապարակվել, քան օգտագործվել է այլոց կողմից:
Եթե կա պատճառված վնաս, ըստ նրա, այն պետք է փոխհատուցվի, իրավաբանորեն սա սահմանվում է որպես հեղինակի կողմից բաց թողնված օգուտ. «Գործնականում բարդ է հաշվել փոխհատուցման գումարը և պետք է մանրազնին քննություն անցկացվի: Ինչպես նաև խախտող կողմը պետք է հայտարարի, որ տեղի է ունեցել հեղինակային իրավունքի խախտում»:
Փաստաբանի խոսքով, խնդիրը կարող է լուծվել ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով, օրինակ վլոգերները կարող են դիմել ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմին կամ ԶԼՄ օրենսդրությանը հղում տալով պահանջել հերքում և պատասխան հեռուստաընկերությունից:
Նման դեպքերում հեղինակը պետք է հստակ պահանջ ներկայացնի մյուս կողմին իր իրավունքների խախտման մասին:
«Ֆեյսբուքյան գրառումները չեն համարվում պաշտոնական նամակ և կարող են անարձագանք մնալու դեպքում իրավական հետևանքներ չառաջացնել: Ֆեյսբուքյան հաշիվներն անձանց հետ նույնականացման հարցը իրավաբանության մեջ դեռ չի կարգավորվել»,-ասում է Դավիթ Ասատրյանը:
Առաջիկայում վլոգերները կհանդիպեն փաստաբան Դավիթ Ասատրյանի հետ, կքննարկեն իրավիճակը, որպեսզի նման իրավիճակներում իրենց իրավունքները կարողանան պաշտպանել:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: