Մարտի 25-ին Epress.am-ն ամբողջությամբ արտատպել է լրագրող Մհեր Արշակյանի՝ Medialab.am-ում մարտի 24-ին հրապարակված հոդվածը։ Medialab-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը կապ է հաստատել Epress-ի խմբագիր Յուրի Մանվելյանի հետ և հորդորել Արշակյանի հոդվածը հեռացնել կայքից։ Չնայած Epresss-ը հոդվածի մեջ տեղադրել էր սկզբնաղբյուրի հղումը, այնուամենայնիվ, հոդվածը հրապարակել էր ամբողջությամբ, ինչը հեղինակային իրավունքի խախտում է համարվում։
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 22․1-ի համաձայն՝ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի համաձայնության և վարձատրության վճարման: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության դեպքում:
Epress-ի խմբագիր Յուրի Մանվելյանը հեռացրել է հոդվածը, Մհեր Արշակյանի տեքստի տեղում հրապարակելով Medialab-ի խմբագրի հիմնավորումները։
Մարիաննա Գրիգորյանը չէր սպասում, որ Epress-ի ֆեյսբուքյան էջին գրված իր նամակները կհրապարակվեն․ «Ինձ համար շատ զարմանալի էր, որ այն, ինչ խոսեցինք նամակագրությամբ, հայտնվեց կայքում։ Ինձ այդ մասին չեն զգուշացրել։ Ինձ ասացին, որ ես պետք է փաստարկեմ, թե ինչու պետք է հեռացնեն Medialab-ի սյունակը։ Ինձ համար զարմանալի էր, որ Epress-ն է խախտում հեղինակային իրավունքը։ Որովհետև այն դեղին կայք չէ, այնտեղ գիտեն՝ ինչ է լրագրությունը։ Նյութը հանեցին, բայց ինձ գրեցին, որ հիմնավորումն ընդունված չէ։ Այնպիսի տպավորություն էր, թե ես քննություն էի տալիս և չանցա»։
Epress-ի խմբագիր Յուրի Մանվելյանը համարում է, որ Մարիաննա Գրիգորյանի ֆեյսբուքյան նամակներում տեղ գտած հիմնավորումները հրապարակելը կոռեկտության խնդիր չի առաջացնում, քանի որ Medialab-ի խմբագրի բացատրությունները եղել են լրագրողական բնույթի, և ոչ՝ անձնական։ Պարզապես Epress-ի համար սկզբունք է, որ կայքի որևէ նյութ հենց այնպես չպետք է անհետանա։ Ընթերցողը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել՝ գրաքննությու՞ն է կատարվել, թե՞ այլ խնդիր կա։
«Այն, ինչ մենք հրապարակել ենք սյունակը հեռացնելուց հետո, իրենց մեջ չեն պարունակում անձնական մոտիվներ, գաղտնիք պարունակող նյութեր և այլն։ Այդ պատճառով է, որ նպատակահարմար եմ գտել հրապարակել այդ դիտարկումները։ Ես չեմ կարողացել ընթերցողներին իմ բացատրությունը ներկայացնել, ներկայացրել եմ Մարիաննա Գրիգորյանի բացատրությունը։ Ես չունեմ նյութը հեռացնելու բացատրություն, էդ մարդն՝ ունի։ Ու ես առանց որևէ տողատակի ներկայացրել եմ այն պատճառը, ինչի համար հեռացնում ենք տեքստը»,- ասում է Epress-ի խմբագիրը։
Հեղինակային իրավունքի կարգավորումները Յուրի Մանվելյանին հոգեհարազատ չեն։
«Հիմա ազատ բովանդակության դար է։ Երբ դու ինչ-որ բան տեղադրում ես կայքում, կես րոպե անց չես կարող վերահսկել, թե այն ով է տարածել, ով է ընթերցել, վերահրապարակել և այլն։ Դու արդեն հայտնել ես ինֆորմացիան։ Ինքս հեղինակային իրավունքի ջատագով չեմ։ Ես միայն խնդիր եմ տեսնում այն դեպքերում, երբ նյութը վերցնում և այլ կոնտեքստի մեջ են ներկայացնում, հարմարեցնում իրենց շահերին։ Մյուս դեպքերում, եթե որևէ գործընկեր վերահրապարակում է Epress-ի նյութերը, խնդիր չեմ տեսնում։ Ես ոչ կռիվ կտամ, ոչ դատարան կգնամ։ Էդ քաշքշոցը մեզ հետ է գցում»,-ասում է Մանվելյանը։
Մարիաննա Գրիգորյանի համար անընդունելի է, երբ Medialab-ի հոդվածներն ու սյունակներն արտատպվում են ամբողջությամբ։ «Սա մեր աշխատանքը յուրացնելուն համարժեք մի բան է, օրենքով՝ արգելված։ Մենք ամեն հոդվածի վրա մեծ ջանքեր ենք դրել։ Գտել ենք թեմա, հստակեցրել ենք անկյունները, ժամանակ ու նյարդեր ենք ծախսել»,-ասում է նա։ Medialab-ն ունի գործընկերներ, որոնց հետ երբեմն նյութերով փոխանակվում են։ Սյունակները բացառություն են։
Գրիգորյանը կարծում է, որ եթե մի քանի դատական հայցեր լինեն, լրատվամիջոցները կհասկանան, որ չի կարելի յուրացնել գործընկերների աշխատանքը։
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: