2019.03.27,

Նյուսրում

#ElectricYerevan-ի քրեական գործը կասեցվեց, լրագրողները կբողոքարկեն որոշումը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հատուկ քննչական ծառայությունը որոշել է կասեցնել  #ElectricYerevan-ի քրեական գործի քննությունը՝ պատճառաբանելով, որ որպես մեղադրյալ ներգրավված անձինք հայտնի չեն։

#ElectricYerevan-ի դեպքերից անցել է 3.5 տարի, սակայն առայսօր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներն ու նրանց նկատմամբ բռնություն գործադրողները պատասխանատվության չեն ենթարկվել։

Դեպքերի քրեական գործով 4 անձ է պատասխանատվության ենթարկվել, ինչը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) գնահատմամբ, համարժեք չէ այդ օրը ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրականացված բռնությունների ծավալներին։

ՀՔԾ որոշումը բողոքարկվելու է։ Այս մասին հայտարարել են այս գործով լրագրողների շահերը ներկայացնող ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ 

#ElectricYerevan-ի դեպքերի փաստերով հարուցված քրեական գործով շուրջ 30 լրագրող տուժող է ճանաչվել։ Դրանից բացի, ըստ լրագրող Թեհմինե Ենոքյանի, այլ բան տեղի չի ունեցել այս տարիներին․ «Հնարավոր է 1-2 առերեսում եղած լինի, ինչ-որ մեկին գտած լինեն, բայց լուրջ փոփոխություն այդ առումով չի եղել»։

«Ենթադրվում էր, որ հեղափոխությունից հետո պետք է հարուցված քրեական գործերը բացահայտվեին ու մեղավորները պատժվեին, սակայն մարտի 4-ին ստացանք ՀՔԾ որոշումն առ այն, որ գործը կասեցվել է»,-ասում է Թեհմինեն, ով տուժել է 2015թ․ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած գործողությունների ժամանակ։

Նա ասում է, որ գործի կասեցման որոշմանը տեղեկանալուց հետո սկսեց փորփրել մարդկանց էջերը, ձեռքի տակ եղած տվյալները։ Արդյունքում բռնություն գործածներից 10-12 հոգու բացահայտեց ու հրապարակեց տվյալները։ «Նրանցից որոշները պաշտոններ են ստացել, և պարզ է, թե ինչու չեն հայտնաբերվում այս մարդիկ, և թե ինչու ՀՔԾ-ն ցանկություն չունի գտնել այս մարդկան։ Չեմ ուզում պնդել, որ այս մարդիկ արել են ամենադաժան գործողությունները, բայց նրանք առնվազն մեղադրյալի, վկայի կարգավիճակով հարցաքննվեին»,-ասում է Թեհմինեն։

Նա #ElectricYerevan-ի գործով դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ «Սպասում ենք այդ գործով վճռի, ստիպված ենք արձանագրել, որ մեր պետական բյուջեից դարձյալ պիտի փոխհատուցումներ տրվեն, մեր հարկերից մեզ կփոխհատուցեն մեր իրավունքները խախտելու համար»։

Լրագրողի համար գործի բացահայտումը կարևոր է նրանով, որ հետագայում դեպքերի նման զարգացումները կանխարգելվեն։ Նախադեպ պետք է ստեղծվի, որ քաղաքացու, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելը այսուհետ քրեորեն պատժելի արարք է։

Չնայած դրան, Թեհմինեն մեծ ակնկալիք չունի իր մասով․ «Համակարգը մնացել է նույնը, ծառայում է հին արժեհամակարգին, որը ոչ թե միտված է գործեր բացահայտել, այլև կոծկել»։

Ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը նույնպես տուժել է #ElectricYerevan-ի դեպքերի ժամանակ և ասում է, որ ՀՔԾ՝ իր համար անակլնկալ որոշումը բողոքարկելու է․  «Մինչև վերջ գնալու եմ, հիմա էլ արդեն սկզբունքի հարց է։ Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ այսուհետ այդպիսի տարբերակ չի անցնելու»։

Նա կարծում է, որ գործի քննությամբ զբաղվողները ժամանակին «ձեռքերը ծալած նստել են»՝ ըստ էության ոչինչ չանելով, և ահագին բան անհայտ է մնացել։ «Այն ժամանակվա անգործությունն է բերել նրան, ինչ ունենք այսօր։ Այդ մարմինները պետք է հասկանան, որ չուզելով, փնթի աշխատանք են իրականացրել և դրա համար պետք է պատժվեն»-ասում է Գևորգը։

Նա ասում է, որ ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան, որ իրենց թերացումները չեն ներվելու, տուժողները հետևողական են ու նրանց չեն կարող կանգնեցնել։ «Հնարավորության դեպքում կցանկանայի իմ տեխնիկան որևէ կերպ փոխհատուցվեր։ Կգնանք մինչև վերջ, տեսնենք, թե ում ճակատը ավելի պինդ կլինի»,-ավելացնում է Գևորգը։

Նա  #ElectricYerevan-ի գործով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, որից հորդոր է ստացել՝ սպառել հայաստանյան բոլոր ատյանները։ «ՄԱԿ-ում երևի վստահություն ունեն, որ այստեղ իշխանափոխությունից հետո ավելի հետևողական կաշխատեն»։

Լրագրող Մկրտիչ Կարապետյանի տեսախցիկը վնասվել էր Բաղրամյան պողոտայում ջրցանի կիրառման ժամանակ։ Ասում է, որ գործի նախաքննության ժամանակ հարցաքննության եմ գնացել, հետո երկար ժամանակ գործի քննությունը ձգվել է։

ՀՔԾ որոշումը իր համար էլ է զարմանալի․«Երևի ՀՔԾ-ն իր վարույթում շատ ավելի կարևոր գործեր ունի, և այս մեկը որոշել է շարքից հանել։ Չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր քաղաքի գլխավոր պողոտայում իրար ծեծեն, հետո պարզվի, որ չեն կարողանում մեղավորներին գտնել»։

Նա դեռևս չգիտի որոշումը բողոքարկելու է, թե չէ։ Ասում է, որ փաստաբանի հետ պետք է խորհրդակցի։

Լրագրողների ակնկալիքները նույնպես մեծ չեն գործի քննության շարունակությունից։ Ասում է, որ այդ մասով որևէ փոփոխություն չի տեսնում։ «Լրագրողներին խոչընդոտելու և բռնությունների դեպքեր շատ են եղել։ Հենց այսպիսի գործերի քննության ժամանակ է երևում կառավարության վերաբերմունքը»,-ավելացնում է նա։

Հակոբ Կարապետյանը, ով #ElectricYerevan-ի դեպքերի ժամանակ լրագրող էր, իսկ այժմ արդեն Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, նույնպես ծանոթ է ՀՔԾ որոշմաը։

Ասում է, որ գործի հանգուցալուծումը կարևոր է․ «Շատ կարևոր է, թե ինչպես է պետությունը արձագանքում լրագրողի նկատմամբ բռնությանը։ Թե 2015թ․ հունիսի 23-ի դեպքերից հետո ինչով էին պայմանավորված քննչական գործողությունների հապաղումը, ըստ էության դրանց բացակայությունը, շատ թե քիչ հասկանալի է, բայց թե ինչով է պայմանավորված հիմա քննության նման ընթացքը, անհասկանալի է»։

«Հեղափոխությունից հետո 2018թ․ սեպտեմբերին առերեսումներ եղան հիմնական գործող անձանց հետ, և դա ինձ համար ազդակ էր, որ գործը տեղից շարժվում է, բայց դրանից հետո  դարձյալ որևէ բան չեղավ մինչ կասեցման մասին որոշմանը տեղեկանալը»,- ասում է Հակոբն ու ավելացնում, որ որոշումը բողոքարկելու է։

Ըստ նրա, անկախ այն բանից, որ այն ժամանակ այլ կարգավիճակում էր, հիմա՝ այլ, գործի հանգուցալուծումը կարևոր է մնում։

«Եթե այն ժամանակ ես ելնում էի քննության քաղաքական շարժառիթներով կոծկման կանխավարկածից, հիմա այդպես չէ, ավելին՝ ունեմ համոզմունք, որ քննչական մարմինները կաշկանդված չեն որևէ բանով և հուսով եմ, որ ամեն դեպքում պատշաճ քննություն կկատարվի։ Չեմ բացառում, որ 3․5 տարվա վաղեմության հեռավորությունից ավելի բարդ է գործողություններ իրականացնելն ու ի վերջո մեղավորների պատկերը ստանալը, բայց այնտեղ այնքան շատ մարդ կար և այնքան ակնհայտ էր ամեն ինչը (ահագին կադրեր, վկայություններ), որ առանձնապես մեծ բարդություն չպետք է լինի»։

Հակոբն ասում է, որ մեղավորներն ամեն դեպքում պետք է բացահայտվեն։

«Չեմ կարծում, որ ոստիկանության միջին օղակի սպաները, ծառայողները այդ գործողության նախաձեռնողներն են եղել։ Գիտենք, որ 4 հոգի դատվեցին, բայց համոզմունք ունեմ, որ իրենք չէին հրամաններ տվողները»,- ասում է նա։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *