2019.03.14,

Նյուսրում

Տեղեկությունների ստուգումը՝ մեթոդական ուղեցույցով

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

«Տեղեկությունների ստուգում» մեթոդական ուղեցույցը բուհական ձեռնարկ է, որի նպատակն է օգնել դասախոսներին՝ տվյալների ստուգման դասընթացների կազմակերպման, իսկ ուսանողներին և, ինչու չէ, լրագրողներին՝ առաջնորդվել գործիքներով, որոնք ներկայացված են գրքում։ Գիրքն առաջարկում է ութ թեմատիկ դասերից կազմված դասընթացի ծրագիր և դասավանդելու մեթոդական ուղեցույց։

«Հատկապես արագ զարգացող իրադարձությունների ժամանակ՝ ցույցեր, ընտրություններ, բնական աղետներ, զանգվածային միջոցառումներ, ինֆորմացիոն հոսքը դժվար է կառավարել, և կեղծ ու կասկածելի տեղեկություններն ավելի հեշտ են ներխուժում լրահոս։ Տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի դարում աշխատող լրագրողը պիտի զինված լինի հմտություններով ու գործիքներով՝ փաստերն ու լուրերը հնարավորինս արագ ստուգելու և լսարանին ճշտված ու վստահելի տեղեկություն փոխանցելու համար»,- սա մեջբերում է ուղեցույցի ներածությունից։

Ուղեցույցը հրատարակել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ այն մշակելով  բուհերի դասախոսների հետ։ Սա օգնել է հաշվի առնել լրագրութուն դասավանդողների կարիքները, հնարավորություններն ու խնդիրները։

Գրքի համահեղինակ, Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը բարձր է գնահատում ուղեցույցի նշանակությունը դասավանդման պրոցեսում։ «Շատ կարևոր է, որ հայերենով ունենք նման ձեռնարկ, որովհետև մայրենի լեզվով մասնագիտական գրականություն շատ քիչ ունենք։ Որպես մեթոդական ուղեցույց՝ շատ օգտակար է դասախոսներին։ Յուրաքանչյուր թեմայի մեջ հիմնական գաղափարները խտացված են։ Տրված է մեթոդաբանություն, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ դասավանդել թեմաները»,-ասում է Տատյանա Հովհանիսյանը։

Դասախոսներին օգնելու համար ուղեցույցում առանձնացված են գործնական աշխատանքները։ Հավելվածը ուսանողների գիտելիքները ստուգելու նպատակով պարունակում է հարցաշար։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս, գրքի համահեղինակ Հարություն Ծատրյանն ասում է, որ ուղեցույցը կիրառելի է ոչ միայն ուսանողների համար, այլ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են պատասխանատու լրատվություն ստանալ։

«Հետաքրքիր է, որ դասախոսների մի մասը նախկինում փաստերի ստուգման հետ կապված փորձ ունեցել է, բայց փաստերի ստուգման ոլորտում դասախոսության փորձ չուներ։

Այն խումբը, որ ստեղծեց այս մեթոդական ձեռնարկը, բավականին ինտենսիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել։ Կան ոլորտի մասնագետներ, ովքեր բաց տվյալներով են զբաղվում, և նրանց կողմից բավականին խորհուրդներ են տրվել»,-ասում է Ծատրյանը։

«Տեղեկությունների ստուգում» ուղեցույցը երկրորդն է տվյալների ստուգման թեմայով ՄՆԿ-ի հրապարակած ձեռնարկների շարքում: 2017 թ-ին կազմակերպությունը լրագրողների համար պատրաստել էր «#Ստուգված» ճշգրտման համառոտ ուղեցույցը:

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *