2019.02.01,

Նյուսրում

«Շիրակ» հանրայինը «Չենք փակվելու» կարգախոսով շարժում է նախաձեռնելու

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Կառավարությունը որոշել է լուծարել Գյումրու «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն։ Հեռուստատեսությունում և ռադիոյում  աշխատում է շուրջ 50 մարդ:

Պաշտոնական հիմնավորմամբ՝ 2016 թվականից Հայաստանում անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ Շիրակի հանրային հեռուստառադիոընկերությունը գործում է անալոգային տիրույթում և չի կարողանում ապահովել լայն լսարան։

«Թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է»,-նշվում է կառավարության հիմնավորման մեջ:

«Շիրակ»-ի փակման հնարավորության մասին խոսում էին դեռ անցյալ սեպտեմբերից, երբ հայտնի դարձավ, որ 2019-ի պետբյուջեում ընկերության ծախսերը ներառված չեն։

«Սեպտեմբերից մինչև հիմա հեռուստաընկերության հինգ աշխատողներ արդեն Գյումրիից տեղափոխվել են Երևան։ Չի բացառվում, որ այդ օրինակին հետևողներ էլի կլինեն, ասում է «Շիրակ»-ի տնօրեն Արթուր Ղանդիլյանը։

Հեռուստառադիոընկերությունում քննարկում են հետագա քայլերը, փորձում հստակեցնել անելիքները։ Ղանդիլյանն ասում է, որ շարժում են սկսում՝ «Չենք փակվելու» կարգախոսով և փորձելու են իրենց գործունեության կարևորության ու նշանակության մասին մեկ անգամ ևս բարձրաձայնել։ Շարժումը բողոքի ակցիաների անցկացման ու ճանապարհ փակելու տեսքով չի լինի։ Այդ ճանապարհով չեն գնա, ասում է  «Շիրակի» տնօրենը։

«Մենք հիմա քննարկումներ ենք ունենում և փորձում ենք հեռուստառադիոընկերության հետագա գործունեության տարբերակ գտնել՝ դա կլինի բաժնեմասերի վաճառքի տեսքով, կոլեկտիվ սեփականաշնորհման տեսքով, թե այլ։ Դրանից հետո մեր հստակ պահանջը կներկայացնենք կառավարությանը և հանդես կգանք հայտարարությամբ»,- Media.am-ի հետ զրույցում նշեց  ընկերության տնօրենը։

Պետական մարմինների կամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկումներ չեն եղել։ Ղանդիլյանը մտադիր է հանդիպել և խորհրդի նախագահի, և վարչապետի հետ ու հասնել որոշման վերանայմանը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է, որ «Շիրակ»-ը փակելու որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ էին հեռուստառադիոընկերության փակման կամ չփակման կարիքի խորքային ուսումնասիրություն և ունենալ հիմնավորումներ։  

«Այդ ստեղծագործական աշխատակազմը պետք է կարողանա իր գաղափարները ի կատար ածել գոնե ոչ որպես հանրային հեռուստառադիոընկերություն։ Հեռուստատեսության տնօրինությունը, հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը և կառավարությունը պիտի որ շահագրգիռ լինեն այդ հարցում։ Ինչ որ մի արդյունավետ լուծում պետք է գտնվի, որ այդ ներուժը, կարողությունը, հարստությունը չկորչի։ Հիմա եթե այդ ընկերության ունեցվածքը հավաքեն տանեն մի պահեստում փակեն՝ դրանից ո՞վ է շահելու։ Լուծման սցենարները անպայման պետք է քննարկել»,-ասում է Լևոն Բարսեղյանը։

Լրագրողական  կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ «Շիրակ»-ի՝ անալոգային հեռարձակման տիրույթում մնալը դեռ նախկին իշխանությունների՝ հեռարձակման ոլորտում իրականացված անհեռատես քաղաքականության հետևանքն է։

«Ցավոք, հիմա էլ նոր իշխանություններն արդիական լուծումներ որոնելու փոխարեն, որոշել են գնալ հեշտ ճանապարհով՝ պարզապես փակելով «Շիրակը»։ Մինչդեռ, հաշվի առնելով այդ հեռուստաընկերության բազմամյա փորձն ու լսարանի առկայությունը, կարելի էր չդիմել այդպիսի կտրուկ քայլի և, օրինակ, անցումային ժամանակաշրջան նախատեսել, սեփականաշնորհման հնարավորություն ընձեռել անձնակազմին։ Դա թույլ կտար «Շիրակ»-ին շարունակել գործունեությունը, ապագայում ներգրավվել մասնավոր մուլտիպլեքսում և հավասար մրցակցության պայմաններում ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։ Կառավարության այս որոշումը մտահոգվելու առիթ է մարզերում գործող մոտ 10 տեղական անալոգային մասնավոր հեռուստաընկերությունների ապագայի առումով»,- նշվում է հայտարարության մեջ։

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել այդ եղանակով «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման որոշումը ձեռնպահ մնալ հեռարձակման ոլորտում կտրուկ և ժամանակակից պահանջներին չհամապատասխանող քայլերից, մշակել ոլորտում արմատական բարեփոխումների ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *