Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեդիայի աշխատանքն աննախադեպ էր: Բոլոր քաղաքական ուժերի հանդեպ վերաբերմունքն ու ուշադրությունը այս շրջանում լրատվամիջոցներում հավասարակշռված է եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Եթե մինչև քարոզարշավը մեր դիտարկած լրատվամիջոցներում կային անհավասար լուսաբանման որոշ դեպքեր, ապա քարոզարշավի մեկնարկից հետո բոլորն էլ ձգտում էին պահպանել վերաբերմունքի և եթերաժամանակի հավասարություն քաղաքական ուժերի միջև»,-նշում է Նավասարդյանը:
Դիտարկվել են «Առաջին ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Արմենիա», «Կենտրոն», «Շանթ», «Երկիր մեդիա» և ևս 7 մարզային հեռուստաընկերությունների եթերը, «News.am»-ի ամբողջ լրահոսը, 1in.am-ի բանավիճային հաղորդումները բուն քարոզարշավի ժամանակ (նոյեմբերի 26-դեկտեմբերի 7):
Ակումբի մշտադիտարկումը, ըստ նրա, ցույց է տալիս, որ քաղաքական ուժերի մասին հրապարակումները տարբեր են եղել նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը և բուն քարոզարշավի ժամանակ:
«Մինչև քարոզարշավը Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունն ավելի շատ էին լուսաբանվում, քան «Իմ քայլ»-ը, իսկ ահա բուն քարոզարշավի ժամանակ «Իմ քայլ»-ը դարձավ ամենալուսաբանված քաղաքական ուժը»,-բացատրում է ակումբի նախագահը:
Նրա խոսքով, նշանային բնութագրիչներով «Իմ քայլ»-ը միչև քարոզարշավը դրական և բացասական հավասար լուսաբանում ուներ, քարոզարշավի ժամանակ բացասական լուսաբանումները մի քանի անգամ շատացան:
Մշտադիտարկման արդյունքներով, «Կենտրոն», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները մինչև քարոզարշավը համապատասխանաբար ակտիվ են լուսաբանել Բարգավաճ Հայաստան և ՀՅԴ կուսակցություններին: Սակայն քարոզարշավի ժամանակ կարողացել են պահպանել օրենքի պահանջը և անդրադառնալ բոլոր ուժերին գրեթե հավասարապես:
Հեռուստաընկերություններից Նավասարդյանն առանձնացնում է հատկապես Հանրայինի գործունեությունը, քանի որ նախկինում ընտրությունների ժամանակ լրատվամիջոցը պասիվ էր, կարծես ընտրություններ չկային:
«Այս ընտրություններին միանգամայն այլ էր պատկերը, քանի որ խմբագրական քաղաքականություն կար բանավեճերի, վերլուծական հաղորդումների շուրջ: Այս ֆոնին պասիվ էր Արմենիա հեռուստաընկերությունը, ընտրությունների մասին բովանդակությունը քիչ էր»,-ասում է նա:
Առցանց լրատվական կայքերից News.am-ում «Իմ քայլի» մասին լուսաբանումներն, ըստ նշանային բնութագրիչների, աննախադեպ բացասական են եղել՝ 120 հրապարակման դեպքում 2 դրական և 118 բացասական անդրադարձ:
1in.am-ի դեպքում ամենաշատ անդրադարձ եղել է «Իմ քայլ»-ին, երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան»-ն է. «այս լրատվականների դեպքում բնական է նման լուսաբանումը և քաղաքական ակնհայտ դիրքորոշումը, նրանք որևէ օրենք չեն խախտել»:
Եթերում համեմատաբար քիչ են լուսաբանվել նոր կուսակցությունները: Նավասարդյանն ասում է, որ պատճառը քաղաքական է եղել, նրանք նոր են և ունեցել են սահմանափակ հնարավորություններ: Իսկ լռության օրվա հետ կապված նկատում է, որ այն խախտել են բոլոր քաղաքական ուժերը:
«Քաղաքական ուժերը երբեք այդքան անզուսպ չէին եղել լռության օրը»,-նշում է նա՝ հավելելով, որ պետք է լուրջ մտածել լռության օր ունենալու և չունենալու մասին:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: