Ծրագրավորողների մի փոքր խումբ մշակում է նոր վեբ-հավելված, որի միջոցով հնարավոր կլինի պարզել կայքերում տարածված հոդվածների և տեղեկատվության կեղծ կամ իրական լինելը։
Նախագծի համահեղինակ, ծրագրավորող Դավիթ Պեդանյանն արձանագրել է, որ չնայած վերջին կես տարվա ընթացքում քաղաքացիների հետաքրքրությունը քաղաքական գործընթացների և մեդիայի նկատմամբ մեծացել է, այնուամենայնիվ լսարանն ունի իրազեկման պակաս, հավաստին և ոչ հավաստին տարբերելու կարիք։
Ահա թե ինչպես է աշխատում Onlytrue նախնական անվանումով հավելվածը։ Ընթերցողը որևէ նյութի հղում տեղադրում է հավելվածի մեջ և տեսնում դրա ռեյտինգը՝ պայմանավորված մինչ այդ արված գնահատումներով։
Լրագրողական նյութերը գնահատելու են ինչպես փորձագետների խումբը՝ քաղաքագետներ, դիվանագետներ, լրագրողներ և այլն, որոնք լիազորված կլինեն ծրագիրը մշակողների կողմից, այնպես էլ՝ ցանկացած ոք, ով կգրանցվի հավելվածում և ցանկության դեպքում կնշի այս կամ այն տեղեկատվության հավատի կամ ոչ հավաստի լինելը։
Տեղեկատվության կեղծ կամ իրական լինելու մասին գնահատականները հնարավորություն կտան լսարանին՝ տարբերակել ինֆորմացիոն հոսքը, ճանաչել վստահելի ու ոչ վստահելի լրատվամիջոցները, իսկ հավելվածը հետագայում նույն սկզբունքով ավտոմատ կգնահատի տեղեկատվության վստահելիությունը։
«Հավելվածի բետա տարբերակն աշխատում է մարդկանց օգնությամբ։ Սա հատուկ է արված, քանի որ մեզ մոտ հասարակությունը բավականին ակտիվ ներգրավված է քաղաքականության մեջ, հետևում է, վերլուծում, գնահատում և այլն, մեծ է տեղեկատվական պայքարը։ Ընտրված փորձագետների խումբը պետք է հանրային վստահություն ունենա։ Բայց փորձագիտական խմբի գնահատականը լրատվականի կամ հոդվածի ռեյտինգի համար ավելի քիչ նշանակություն է ունենալու։ Որոշիչը սովորական ընթերցողների գնահատականներն են»,- բացատրում է Դավիթ Պեդանյանը։
Եթե սկզբնական փուլում հավելվածը վերլուծելու է, թե որ դեպքերում մարդիկ ինչպես են գնահատում հոդվածները, ապա հետագայում, նույն սկզբունքի հիման վրա, այս կարգավորումներն ավտոմատացվելու են։ Հավելվածը հաշվարկելու է, մտածելու է, ինքնակրթվելու է, կարողանալու է իր սխալների վրա սովորել, տարբերել ոճերի կամ հեղինակային ձեռագրերի փոփոխությունները, նոր ոլորտներ է ուսումնասիրելու։
Որքան բացասական գնահատականներ ստանան լրատվամիջոցի տարբեր հոդվածներ, նույնքանով այդ լրատվամիջոցի ռեյտինգը համակարգում ցածր կլինի։ Հավելվածի բաժանորդները կկարողանան գնահատել նաև հոդվածների հեղինակներին։
Հետագայում նախագծողները կներդնեն այնպիսի գործիքներ, որոնք կնույնականացնեն միևնույն հոլդինգի կամ սեփականատիրոջ կայքերը, դրանց առանձին ռեյտինգները կազդեն հոլդինգի մաս կազմող մյուս կայքերի ռեյտինգի վրա։
Պեդանյանը մեկնաբանում է սրա նպատակը։ Օրինակ եթե ինչ որ գործարար կամ հոլդինգ ունի հայտնի, բարձր ռեյտինգով կայքեր, որոնք ճշմարիտ տեղեկատվություն են տալիս, և միևնույն ժամանակ՝ կայքեր, որոնց միջոցով կոնկրետ խնդիր է լուծում՝ սևացնում քաղաքական հակառակորդին կամ ծառայություն մատուցում մի նեղ խմբի, ապա սա կարտացոլվի հավելվածում։
Եթե լրագրողների ինչ որ խումբ աշխատում է երկու ուղղությամբ՝ մի տեղ գրում է հավաստի տեղեկատվություն, մի այլ տեղ պատվեր է կատարում և կեղծիք հրապարակում, դա կազդի հեղինակի վարկանիշի վրա։
Գնահատական տվող մարդիկ պետք է սոցցանցերում գրանցված լինեն։ Սա ֆեյքերի գրոհը բացառելու համար է։ Երբ ինչ որ հոդվածի վերաբերյալ լինի գնահատականների տեղատարափ, ավտոմատ կստուգվեն նրանց սոցցանցային տվյալները։ Կեղծ օգտատերերին բացահայտելու դեպքում նրանց մուտքը դեպի հավելված կարգելափակվի։
Մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը կգործարկվի ծրագրի բետա տարբերակը։ Այս փուլում այն կգործի բացառապես մարդկանց գնահատականների վրա։
«Այն փաստը, որ բոլորը մի վայրկյանում դարձան «քաղաքագետ», ուզում ենք այս փուլում օգտագործել հավելվածի զարգացման համար», – ասում է Դավիթ Պեդանյանը։
Հավելվածում կլինի լուրեր կարդալու հնարավորություն՝ բաժանորդը կստանա նախընտրած լրատվականների թարմացումները և ցանկության դեպքում կգնահատի հրապարակումները, ձևավորելով վստահելի և ոչ վստահելի լրատվամիջոցների ցանկ։
Հավելվածն ունենալու է նաև բջջային տարբերակով՝ iOS և Android համակարգերում։
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: