Դերասան, երգիչ, բանաստեղծ Շարլ Ազնավուրի կյանքը վաղուց արդեն լեգենդ էր, որտեղ խտացվել էր մի ողջ դարի պատմությունը, իսկ մահը՝ աներևակալի թվացող լուր: Ի վերջո, լեգենդները չպիտի մահանան…
Կար զգացում, որ 94-ամյա շանսոնյեն, որը 20-րդ դարի ֆրանսիական երգարվեստի հեղափոխական ու միևնույն ժամանակ հաստատուն սիմվոլներից էր, պետք է ապրեր հավերժ: Նա բեմի մարդ էր ու մինչ վերջերս էլ շրջագայում էր ողջ աշխարհով մեկ՝ կառուցելով իր համերգները որպես երկխոսություն ինքն իր հետ: Շարլ Ազնավուրը երգերի էր վերածում իր ապրածն ու զգացածը, այդ թվում նաև տաբուացված թեմաները (օրինակ, նա առաջիններից էր, ով երգեց համասեռականի սիրո, իրենց երջանիկ ու միայնակ զգացող բոհեմական փարիզեցիների մասին):
Նա առաջին ու անվերապահորեն ընդունվող անձն էր, որը Հայաստանը դարձրեց ճանաչելի աշխարհում:
Ազնավուրը յուրաքանչյուր հայի համար ներկայանալի կոդ է: Եվ ոչ միայն նրա բարեգործական ծրագրերի, դիվանագիտական աշխատանքի ու Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրների մասին բարձրաձայնելու ուժի շնորհիվ, այլև զուտ որպես ինքնության սիմվոլ, ինդենտիֆակացիոն քարտ:
Մի քանի տասնամյակ շարունակ նրա անունը օգնում էր միլիոնավոր հայերին տարբեր շփումներում բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Արմենիա երկիրը և որտեղ է այն: Հայաստանը այնտեղ է, որտեղից եկել էր Ազնավուրը…
Աշխարհը դա գիտեր ու մեզ տեղավորում էր մեծ արտիստի կյանքի ու ներդրման շառավղի մեջ, որտեղ հարմարավետ էր, հաճելի ու նշանակալի:
Եվ աշխարհը այժմ սգում է:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: