Սեպտեմբերի 17-ին ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից yerevan.today կայքի խմբագրության խուզարկությունը պետական մարմինների կողմից լրատվամիջոց ներխուժելու առաջին դեպքը չէ:
Անկախ Հայաստանի լրագրության պատմության մեջ կան այսպես ասած դասական և դասագրքային դեպքեր:
Դրանցից «ամենատպավորիչը» թերևս Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀՅԴ գործունեությունը դադարեցնելուն զուգահեռ դաշնակցական լրատվամիջոցները փակելու պատմությունն է:
1994 թվականի դեկտեմբերի 28-ին Տեր-Պետրոսյանը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում ՀՅԴ-ն կասեցնելու մասին, որից հետո ուժային կառույցները ներխուժում են կուսակցության գրասենյակներ, այդ թվում՝ խմբագրություններ:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի համակարգող Գեղամ Մանուկյանը հիշում է, որ մեկ օրում 13 թերթ է փակվել, իսկ գույքը՝ բռնագրավվել: Փակվել է նաև Դաշնակցության տպարանը:
Ընդ որում՝ դա արվել է առանց դատարանի որոշման, բռնագրավումները՝ առանց արձանագրման: Կուսակցության գրասենյակի երրորդ հարկի պատուհաններից, որտեղ «Երկիր» թերթի խմբագրությունն էր, համակարգիչները միանգամից նետվել են բեռնատարների մեջ:
«Ազգ» օրաթերթն այս միջադեպի հաջորդող երկու օրերին, 1994 թվականի իր վերջին համարներում անդրադարձել է տեղի ունեցածին.
«Կասեցվել է «Երկիր» և «Ազատամարտ» թերթերի, ինչպես նաև «Հայլուր» լրատվական գործակալության գործունեությունը: Կասեցվել է նաև «Առագաստ» և «Մունետիկ» թերթերի հրատարակությունը: Սրանք թեև չեն պատկանում ՀՅԴ-ին, բայց նրանց խմբագիրները հարում են այդ կուսակցությանը: (…) «Պատգամավոր Գառնիկ Իսագուլյանի խոսքերով, եթե անգամ թույլ տրվի համակարգիչներով աշխատել, ապա դրանք տեխնիկապես ի վիճակի չեն: Համակարգիչների ժամանակ համակարգիչներն ու ամբողջ տեխնիկան պարզապես շպրտում էին մեքենաների մեջ: Ըստ Կիմ Բալայանի, խուզարկությունների ընթացքը հեռու էր օրենքից և օրինականությունից, չկար ոչ դատախազի սանկցիա, ոչ քննիչի որոշում»:
1999 թվականի մայիսի 8-ին ԴԱՀԿ աշխատակիցները մտնում են «Օրագիր» թերթի խմբագրություն, որի գլխավոր խմբագիրը ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Խմբագրության գույքը բռնագրավվում է: Այդ միջադեպի կադրերը պահվում են Ա1+-ի արխիվում: Թերթը փակվում է:
Ամիսներ անց, հուլիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը վերականգնում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակումը, այն համարելով «Օրագիրի» ժառանգորդը:
Հուլիսի 13-ի համարի առաջին էջում լույս է տեսնում «Ն.Փ.» ստորագրությամբ փոքրիկ խմբագրական, որտեղ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Ամեն անգամվա հետ Հայաստանում ավելի ու ավելի են քչանում քաղաքական կատեգորիաները, և մեր երկիրը բանանային պետության հակումներ է ձեռք բերում: (…) Հիմա արդեն խոսքի ու մամուլի ազատությունն էլ քաղաքական կատեգորիա չէ: (…) «Օրագիրը» դարձյալ ասպարեզում է՝ ոչինչ, որ «Հայկական ժամանակ» անվան տակ: Սա նույն «Օրագիրն» է, որովհետև «Օրագիրը» իրավաբանական անձ չէ ու ոչ էլ դրամարկղ, որ փակես կամ արգելանք դնես: «Օրագիրը» տեսակետ է ու ասելիք»:
2009 թվականի նոյեմբերի 9-ին իշխանությունները կասեցնում են «Չորրորդ իշխանություն» թերթի գործունեությունը: Անմիջապես հաջորդ օրվանից լույս է տեսնում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Առաջին համարում այսպես է մեկնաբանվում թերթի անվանափոխումը. «Երեկ մեր խմբագրություն էին այցելել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ 4 աշխատակիցներ, որոնք ժամեր շարունակ նստել ու սպասում էին «Օգոստոս» գործակալության տնօրեն Մհեր Ղալեչյանին և «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մաթևոսյանին: Խնդիրն այն էր, որ կարգադրիչները պետք է համապատասխան անձանց հանձեին թերթի տպագրությունն արգելելու մասին ԴԱՀԿ որոշումները: Դատարանի 06.11.2009-ին տրված կատարողական թերթի համաձայն՝ պետք է արգելել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ցանկացած տպարանում:
Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին լուրջ մարտահրավերներն ու դրանցով պայմանավորված վտանգավոր զարգացումները, «Չորրորդ իշխանություն» թերթը ՀՀ տարածքում ժամանակավորապես լքում է ասպարեզը՝ իր տեղը զիջելով «Չորրորդ ինքնիշխանությանը»»:
Թերթի առաջին համարի կարգախոսն էր. «Իշխանությունը մեռավ, կեցցե՛ ինքնիշխանությունը»:
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: