2018.07.30,

Նյուսրում

Ոչ թե հեռացնել, այլ խմբագրել. «մոռացվելու» հայկական փորձը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Իսպանիայի քաղաքացին, ով ունեցել է տուրքեր և խնդիրներ իրավապահների հետ, որոշ ժամանակ անց մարել է դրանք՝ կարգավորելով պետության հետ հարաբերությունները: Սակայն երկար ժամանակ չմարած տուրքերի մասին տեղեկությունը մնում էր համացանցում և խանգարում նրան հանգիստ ապրել:

Ավելին, այդ տեղեկություններն այլևս կորցրել էին իրենց արդիականությունը: Քաղաքացին որոշում է դիմել դատարան և իրավական դաշտում մաքրվել իր անցյալից: Քննությունից հետո դատարանը պարտավորեցնում է գուգլին խմբագրել, մաքրել այդ անձի մասին տեղեկությունները:

Այս գործը դառնում է մոռացվելու իրավունքի համաշխարհային նախադեպ: Այսօր հիմնականում որոնողական համակարգերը, որոշ չափով էլ լրատվամիջոցները իրացնում են այս իրավունքը և փորձում են «լռել» մարդու մասին:

Հայկական նախադեպը

Մոռացվելու իրավունքը հասել է Հայաստան, մտել պրակտիկ կիրառության մեջ: Iravaban.net կայքին տարիներ առաջ դիմել է մի քաղաքացի, ում դեմ դատարանում քննություն էր ընթանում և խնդրել իր գործը լուսաբանել, քանի որ այն արժանի է եղել հանրային հնչեղության: Կայքն այդ դատավարությունը՝ ընդհուպ դատավճիռը, լուսաբանել է և ստեղծել այդ գործով հրապարակումների պահոց:

Տարիներ անց նույն անձը դիմել է խմբագրություն, խնդրել նախկին հրապարակումները հեռացել: Անձն իր խնդրանքը հիմնավորել է, նշելով, որ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում աշխատանքային գրավիչ առաջարկներ է ստանում, սակայն կայքերում եղած տեղեկությունները խոչընդոտ են դառնում աշխատանքի անցնելու համար:

Չցանկանալով վնասել անձին, սակայն գործել իրավական դաշտում. Իրավաբանների հայկական ասոցիացիան մոռացվելու իրավունքի միջազգային փորձի և տեղական իրավունքի ուսումնասիրություն է արել: Եվ այդ ուսումնասիրության հիման վրա էլ Iravaban.net կայքը մշակել է խմբագրության համար աշխատանքային նոր կանոններ: Սա նախադեպային է հայաստանյան մեդիադաշտում:

Կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Կարապետյանն ասում է, որ այս իրավունքը բացարձակ չէ, բայց մյուս կողմից մարդկանց պետք է հնարավորություն տալ ազատվել իրենց խանգարող տեղեկություններից, որոնք այլևս հանրության համար մեծ կարևորություն չունեն և դադարել են ծառայել իրենց նպատակին:

«Մենք ստեղծեցինք նախադեպ, մշակեցինք ընթացակարգ. այս դեպքի հետ կապված մենք ոչ թե այլ կայքերի նման հեռացրինք բովանդակությունը, այլև խմբագրեցինք այն: Անուն-ազգանունը գրեցինք միայն առաջին տառերով, լուսանկարներում ու տեսանյութերում փակեցինք դեմքերն այնպես, որ հնարավոր չլինի նույնականացնել: Սա իրականում հեշտ չէ, ժամանակատար ու մանրակրկիտ աշխատանք է»,-բացատրում է մեր զրուցակիցը:

Խմբագրված նյութերի վերջում կա հատուկ գրություն, որն ընթերցողին տեղեկացնում է, որ անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով անձի անունը, ազգանունը, լուսանկարները, տեսանյութերը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները:

Ընթերցողների իրավունքները չսահմանափակելու համար տեղեկությունն ամբողջությամբ մնացել է կայքում: Գործին ծանոթ մարդիկ կարող են այլ հուշող բառերով փնտրել և գտնել այդ դատական գործի մասին հրապարակումներ:

Մոռացվելու իրավունքը նոր իրավունք է և պայմանավորված է տեխնոլոգիական զարգացումներով: Այստեղ չի քննարկվում տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելը, այլ այն, որ տեղեկությունը խանգարում է մարդուն հանգիստ ապրել, աշխատել, կապեր կառուցել, և այլն:

«Մոռացվելու իրավունքը հակասության մեջ է մտնում այլ իրավունքների հետ, օրինակ տեղեկություններ փնտրելու ազատության իրավունքի հետ: Այն չի կարող տարածվել բոլորի վրա, կարևոր են մասնավոր դեպքերը, հիմնավորումները, հրապարակումների բնույթը: Մենք այստեղ հակակշռելու խնդիր ունենք»,- ասում է Աստղիկ Կարապետյանը:

Iravaban.net-ը հոդվածներ հեռացնելու դիմումներ բազմիցս է ստանում, կան նաև ներկայումս քննարկման փուլում գտնվող դիմումներ. «Եթե կան դեպքեր, որոնք մեզ համար միանշանակ պարզ չեն, պատրաստ ենք քննարկումներ անել նաև այլ մասնագետների մասնակցությամբ և նրանց կարծիքները նույնպես հաշվի առնել որոշում ընդունելիս: Դիմումի քննության համար հստակ ժամկետ չենք սահմանել»:

Մոռացման հիմնական պայմանները

Որպեսզի կայքը խմբագրի անձի մասին տեղեկություններ պարունակող նյութերը, նախ պետք է վերջինիս կողմից գրավոր դիմում լինի: Անձը պետք է  լինի հանրային պաշտոն չզբաղեցրած և չզբաղեցնող, ինչպես նաև չլինի հանրային գործիչ:

Կարևոր պայմաններ են, որ զանցանքի, դելիկտի, թեթև ծանրության հանցանքի վերաբերյալ դատական ակտի հրապարակվելուց անցած լինի առնվազն երկու տարի:

Ի դեպ կարող են խմբագրվել նաև հանգուցյալի մասին տեղեկությունները, եթե հարազատները բավարար փաստարկներ բերեն, որ դրանք վիրավորում են  հանգուցյալի պատիվն ու արժանապատվությունը, միևնույն ժամանակ  հանրության համար մեծ կարևորություն չունեն:

Մոռացվելու իրավունքի իրացման Iravaban.net-ի նախադեպը կարող է օրինակելի դառնալ նաև այլ խմբագրությունների համար:

Խմբագրի խոսքով, ավելի ճիշտ կլինի, եթե լրատվամիջոցն իր գործունեության բնույթից ելնելով մշակի սեփական փաստաթուղթը, քան օրենքի ընդհանուր կարգավորումներով պարտավորվի  «լռել» մարդու մասին:

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *