Թավշյա հեղափոխության ընթացքում և հետո մարդկանց զայրացնում էր Հանրային հեռուստաընկերության աշխատանքը: Նրանք բողոքում էին, որ իրենց հարկերով ֆինանսավորվող լրատվամիջոցը չի լուսաբանում կամ մասամբ է լուսաբանում հանրային մեծ նշանակություն ունեցող բողոքի ակցիան:
Հանրայինը, ինչպես նաև այլ հեռուստաընկերությունները գրեթե չէին լուսաբանում Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրուց մեկնարկած քայլերթը: «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» ակցիան հեռուստաէկրանին հայտնվեց, երբ հեղափոխությունն այլևս իրականություն էր:
Հանրայինի լուսաբանման մասին դիտողություններ հնչեցին նաև հեղափոխության հարթակից:
Հունիսի 5-ին ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ըստ էության խուսափեց պատասխանել հեղափոխության ընթացքում լուսաբանման հարցերին:
Պատասխանելու ծանր բեռն իր ուսերին վերցրեց գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ նշելով, որ լրատվական ծառայությունն ինքն է որոշում՝ ինչը լուսաբանել, ինչը՝ ոչ, և անկախ է իր որոշումներում:
Հանրայինի լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում խոսեց հեղափոխության լուսաբանման, հեռուստաընկերության կազմում իրենց անկախության և հանրային շահի մասին:
Պարոն Հարությունյան, թավշյա հեղափոխության ընթացքը միտումնավո՞ր չէր լուսաբանվում, թե՞ պարզապես համարվում էր անկարևոր:
Ես «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում այդ հարցին պատասխանել եմ, ասել եմ, որ չցուցադրելու որևէ միտում չկա, և հենց քայլարշավը հասնի Երևան՝ անպայման լուսաբանելու ենք: Այդպես էլ եղել է:
Հանրայինի գործադիր տնօրենն ասաց, որ լրատվական ծառայությունը լուսաբանման թեմաները չի համաձայնեցնում հեռուստաընկերության ղեկավարության հետ: Դուք հաստատու՞մ եք այդ պնդումը:
Հեռուստատեսության գործադիր տնօրենը ճիշտ է ասել. այո, մենք ենք որոշում մեր լուսաբանման թեմաները: Մենք ազատ ենք մեր որոշումներում և յուրաքանչյուր օր, առավոտյան թռուցկաժողովների ժամանակ քննարկում ենք մեր հնարավորությունները և ըստ այդմ՝ լուսաբանվող թեմաները:
Եվ ընդհանրապես, ես սովորություն չունեմ իմ արածն ու չարածը ուրիշի վրա գցելու։
Ձեր կարծիքով, ո՞րն է իշխանությունների շահի և հանրային շահի տարբերությունը: Եվ ե՞րբ են այդ շահերը բախվում:
Վստահ չեմ, թե «իշխանությունների շահ» ձևակերպումը կարող է որևէ մակարդակում հակադրվել «հանրային շահ» հասկացությանը, որովհետև ամբողջը չի կարող հակադրվել իր սեփական մասին։
Հանրայինի, ամբողջի ընդամենը մի մասն է իշխանություն կոչվածը, որի մեջ, չմոռանանք, մտնում է ոչ միայն իշխող քաղաքական ուժը կամ ուժերը, այլև՝ օրվա ընդդիմությունը։
Ասվածը վերաբերում է նաև Հանրային հեռուստատեսության համատեքստին։ Մի վերապահումով՝ Հանրային հեռուստատեսությամբ հնչող խոսքն ընկալվում է իբրև պաշտոնական և իբրև այդպիսին՝ գտնվում է ոչ միայն մեր հանրության, այլ նաև դրսի, օրինակ՝ օտարերկրյա լրատվամիջոցների և դեսպանությունների ուշադրության կենտրոնում։
Փոխվե՞լ է արդյոք «Օրակարգ»-ի աշխատանքը հեղափոխությունից հետո: Եթե այո, ապա ինչպե՞ս: Եթե ոչ, ապա ինչու՞:
Ցանկացած փոփոխություն իր հետ բերում է նոր փոփոխություններ:
Անշուշտ փոխվել է: Տեսեք, նախկինում բոլորը պաշտոնական լրահոսի կադրերը ստանում էին և ռեպորտաժներ էին պատրաստում նույն սինքրոններով, նույն ռակուրսից նկարված կադրերով:
Հիմա լրագրողները իրադարձության վայրում նկարահանում են, հարցեր են տալիս, ստանում են պատասխաններ և այլն: Բացառիկ լավ պայմաններ են լրագրությամբ զբաղվելու համար, որ վաղուց խաթարված էր մեր երկրում:
Տեղեկություն կար, որ ցանկանում եք աշխատանքից ազատվել, հիմա կա՞ նման տրամադրություն:
Արդեն ակնարկեցի, որ ներքին աշխատանքային հարցերը հրապարակային դարձնելու սովորություն չունեմ։ Ես իմ աշխատանքը սիրում եմ, իսկ սիրելի աշխատանքից որպես կանոն չեն ուզում ազատվել։ Այնպես որ, ձեր ասած տեղեկությունը, թե ցանկանում եմ աշխատանքից ազատվել, մեծ հաշվով այդպես չէ, բայց նաև այնպես էլ չէ, թե ամբողջությամբ սուտ է։ Եթե կեսկատակ, ապա այսպես ասեմ՝ ես աշխատանքից չէ, որ ցանկացել եմ ազատվել։
Ես այստեղ եկել եմ մեկուկես տարի առաջ, եկել եմ ծրագրերով, որոնց միայն մի փոքր մասն է հնարավոր եղել իրականացնել: Այն, ինչ արվել է այս կարճ ժամանակահատվածում, գոհ եմ, բայց դեռ շատ անելիքներ կան, որ չենք կարողացել իրականացնել:
Պատճառները չեմ նշի, բայց եթե իմ պատկերացումներն ու ցանկությունները մնան անկատար, և տեսնեմ, որ ծրագրերն իրականացնելու համար չունեմ աջակցություն, իհարկե կհեռանամ:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: