Արտաշատ քաղաքի մոտ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» անունը ստացած բողոքի գործողությունները ուղիղ հեռարձակմամբ լուսաբանելիս «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանը քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնության է ենթարկվել։ Նա ստացել է մարմնական վնասվածներ։
Ազատության տարածած տեսանյութում պարզ երևում է այն անձի դեմքը, որը խփել է լրագրողին, ինչպես նաև այն, որ անցորդներից մեկը լրագրողին զգուշացնում է, որ ականջից արյուն է գալիս։
Արուս Հակոբյանը «Ազատության» ուղիղ եթերում հայտարարել է, որ միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար: Լրագրողի ոստիկաններին ուղղված կոչերին՝ վերջիններս ոչ մի կերպ չէին արձագանքում։ Այս ամենը նույնպես երևում է տեսանյութում։
Լրագրողի նկատմամբ բռնություն է գործադրվել այն ժամանակ, երբ մի քանի տղամարդիկ հավաքված մեկին հարցնում էին, թե ինչու է նա նկարում։ Լրագրողի՝ այդ տղամարդկանցից մեկին ուղղված՝ «ո՞վ եք դուք» հարցին ի պատասխան տղամարդը հարվածել է տեսախցիկին ու լրագրողին, ասելով՝ «էն կողմ տար դա»։
Արուս Հակոբյանը մոտենում է տեղում աշխատող ոստիկաններին, սակայն նրա հարցերն ու կոչերն անպատասխան են մնում:
«Ոստիկաններ, դուք չե՞ք տեսնում, որ մարդկանց հարվածում են՝ ինչի՞ չեք այդ ժամանակ կանխում»,-լրագրողի այս հարցը ոստիկանները կարծես թե չլսելուն են տալիս ու շրջվելով հեռանում։
Մեկ այլ ոստիկան մոտենում է ու հորդորում․ «Ճամփից դուրս արի»։ Լրագրողը հարցնում է․ «Իսկ երբ մարդուն հարվածում են՝ դուք չե՞ք տեսնում»։ Ոստիկանները դարձյալ դեմքով շրջվում և հեռանում են։
Մի դրվագում էլ կադրում երևում են երկու ոստիկան, որից մեկը մյուսին հորդորում է ապահովել լրագրողի անվտանգությունը, սակայն լրագրողի՝ «Իմ անվտանգությունն արդեն վտանգված է, որովհետև ինձ արդեն հարվածել են ու դուք ոչինչ չեք արել» հայտարարությունը նույնպես անարձագանք թողնելով հեռանում են։
«Ազատությանը» հայտնի է դարձել, որ Արուս Հակոբյանին հարվածներ հասցրած անձը «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արթուր Ղազարյանն է:
Երեկ էլ Նոր-Նորքի վարչական շրջանում բողոքի ակցիայի ժամանակ բռնություն է գործադրվել նաև Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ։
Մի երիտասարդ հարվածել է լրագրողի գլխին, խոչընդոտել է լրագրողի աշխատանքը, ներկա կանանցից մեկը քաշել է լրագրողի մազերը, իսկ մյուսը՝ պոկել պայուսակի քուղը:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: