Արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անցած 10 տարիների աշխատանքը լրատվամիջոցների հետ գնահատել են հենց իրենք՝ մեդիայի ներկայացուցիչները: Ինչպե՞ս էր ՀՀ երրորդ նախագահն իր հարաբերությունները կառուցում լրագրողների հետ, որքանո՞վ էր նա հասանելի, և Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի ի՞նչ կերպար էր ստեղծում մեդիան:
Սուրեն Դեհերյան, Ամփոփ մեդիա
Սերժ Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ և պետպաշտոնյա, ով մշապես եղել է անկախ Հայաստանի պետական քաղաքական էլիտայի առաջին շարքերում, մամուլի ներկայացուցիչների հետ շփումներում հնարավորինս զուսպ է եղել` լրագրողների հետ շփումը նվազագույնի հասցնելով:
Որպես ՀՀ նախագահ 2008թ-ից Սերժ Սարգսյանի գործունեության մասին լուրերը մատուցվել են մեկ կենտրոնից և կարծես մեկ ձեռագրով: Այդ պաշտոնական հաղորդագրությունները ուղեկցվել են այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանություններով կամ նախագահի ելույթից հատվածներով, սակայն ոչ երբեք նախագահի ուղղակի խոսքով, որ տրվել է լրագրողի հարցին ի պատասխան: Այսինքն տպավորություն է, որ երկրի թիվ մեկ բարձրաստիճան պաշտոնյան հանրության հետ շփվելու, իր գործունեության համար անձամբ հաշվետու լինելու ցանկություն առանձնապես չի ունեցել:
Սակայն այս ժամանակահատվածում լռությանը զուգահեռ, իր անունից կամ իր փոխարեն արտահայտվողների պակաս էլ չի զգացվել: Նախագահի դիրքորոշումը ներկայացվել է թե՛ պետական, թե՛ կուսակցական ներկայացուցիչների կողմից մամուլով ու սոցիալական ցանցերում: Եվ այդ դիրքորոշումը շատ անկեղծորեն առաջ է քաշվել նրա թիմակիցների կողմից:
Գեղամ Մանուկյան, Երկիր մեդիա
Մեդիան ընդհանրապես ոչ մի իշխանության աշխատանքից գոհ լինել չի կարող, քանի որ շատ բան է ուզում իմանալ, քան իշխանությունը դրա հնարավորությունը տալիս է:
Անցնող տարիների ընթացքում տեղական և միջազգային միջոցառումների ժամանակ այդ շփումներին խանգարող որոշ հանգամանքներ են եղել, սակայն ուզում եմ անդրադառնալ այն խոսակցություններին՝ իբր նախագահականը մեր վրա վետո է դրել: Նման փաստի ես ականատես չեմ եղել, այլ բան, որ որոշ լրատվամիջոցներ չեն շարժվել բազմակողմանի լուսաբանման սկզբունքով: Դա ավելի շատ ինքնագրաքննություն է եղել, քան գրաքննություն:
Մի կարևոր հանգամանք՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներից նախագահը բազմաթիվ հրապարակման ոչ ենթակա հանդիպումներ է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներն անցել են անկեղծ, քննադատական մթնոլորտում և լրագրողների համար կարևոր են եղել ճանաչողական և տեղեկատվական իմաստով:
Աննա Հակոբյան, Հայկական Ժամանակ
Լրատվամիջոցների հետ աշխատելու տեսանկյունից Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները տեսականորեն կարելի է բաժանել 3 փուլի: Նախագահության առաջին տարիներին եղան հետապնդումներ, հաշվեհարդարներ, դատական գործեր լրագրողների և լրատվամիջոցների, ակտիվիստների, ինչպես նաև սոցիալական մեդիայի հանդեպ (Հետք, Չորրորդ իշխանություն և այլն): Պատկերավոր ասած՝ դա բռնության շրջանն էր:
Այնուհետև երկրորդ շրջանում նախագահը սկսեց լրատվամիջոցների համար փակ աշխատել: Եթե 0-ից 10 միավորանոց սանդղակով գնահատենք, ապա այդ շրջանի գործունեությունը կարելի է գնահատել 0 միավոր: Լայն լրագրողական համայնքի համար նախագահը ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի հրավիրել:
ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ներկա են եղել միայն սահմանափակ հեռուստաընկերությունների լրագրողներ: Տարբեր միջոցառումների ժամանակ հասանելի լինելու դեպքում էլ միշտ խուսափել է պատասխանել նրանց հարցերին:
Երրորդ փուլը նշանավորվում է մամուլի առաջ փակվող դռներով: Վերջին շրջանում նախ դռնփակ դարձրին կառավարության նիստերը, հետո քաղաքապետարանում ավագանու նիստերի լուսաբանման համար առանձին վայր ստեղծեցին լրագրողների համար: Այսպես, մեդիան օրենսդրորեն և ինստիտուցիոնալ դուրս է մղվում իրադարձությունների զարգացումից: Եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել որպես վարչապետ, ապա 0-ն կիջնի -10-ի:
Մնում է հույս ունենալ, որ նոր նախագահ Արմեն Սարգսյանն ավելի բաց և հրապարակային կաշխատի մեդիայի հետ (մինչև հիմա չէր խուսափում, սակայն և սպառիչ պատասխաններ չէր տալիս լրագրողներին): Հակառակ աշխատելաոճի դեպքում էլ կարծես թե խնդիր չի լինի, քանի որ իր նախորդից «լավ» ժառանգություն է ստացել:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: