2017.12.29,

Նյուսրում

Չխմբագրված սեղանների առօրյա գեղեցկությունը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Աշխատանքային սեղանները ոչ միայն աշխատանքի, այլև անհատական հարմարավետության տարածքն են:

Եվ եթե սեղանների տերերն ու հեղինակները խմբագրությունների գլխավորներն են, ապա սեղանների պարունակությունը ուսումնասիրելը շատ հետաքրքիր է: Սեղանն ավելի է, քան պարզապես կահույք:

Կարեն Հարությունյան, ՍիվիլՆեթ

Անձամբ եմ հավաքում աշխատասեղանս և նշումներ թողնում հաջորդ օրվա անելիքների համար: Ինչպես նյութերում, այնպես էլ սեղանիս կարևորում եմ կոկիկությունը, այն իմ բնավորության գիծն է:

Սեղանին ավելորդ բան քիչ կա: Օրինակ, ունեմ արձանիկ, որը նվիրել են ռուս լրագրողները ՝ հիացած հայկական մեդիայով: Իսկ կանաչ  շիշն ամենևին դեկորացիա չէ, պատահում է, որ օրվա ընթացքում երբեմն խմում եմ թույլ ալկոհոլային խմիչք տրամադրությունս բարձրացնելու համար: Սիրով փայփայում եմ սեղանին միակ բույսին, այսպես կոչված, փողի ծառին: Կարող է շատ բաներ մոռանամ, բայց ծառս ջրել՝ երբեք:

Ռադիոընդունիչը պարտադիր և հարազատ իր է իմ սեղանին, առավոտս սկսում եմ ռադիո լսելով, նախընտրում եմ «Ազատություն» ռադիոկայանը: Որոշ գեղարվեստական գրքեր կան, բայց դրանք երեկոյան ընթերցանության համար են, աշխատանքային ժամերին բավարարվում եմ ամսագրերի և կայքերի նյութերով:

Շատ կցանկանամ զբաղվել միայն բովանդակային հարցերով, բայց առավել հաճախ լինում են կազմակերպչական հարցեր, որոնց պետք է արագ արձագանքել ու լուծումներ գտնել: Իմ թիմի անխափան աշխատանքի համար պատասխանատվություն եմ զգում, պատահում է մարզում անվադողը փչանում է, և խնդիրը կարգավորելու հոգսը ընկնում է իմ վրա:

Աննա Իսրայելյան, առցանց Առավոտ

Աշխատասեղանիս գլխավերևում իմ հոգևոր առաջնորդի Ռոբերտ Փլանթի դիմանկարն է, նախկին ամուսնուս աշխատանքներից է: Ճիշտ է, սեղանս ընդարձակ չէ, բայց տարողունակ է՝ դարակները լեփ-լեցուն են: Խմբագրությունում գիտեն, որ կարող են գտնել ինձ մոտ ցանկացած անհրաժեշտ իր կամ նյութ` գրիչներ, դեղորայք, ուտելիք, տարբեր լիցքավորիչ սարքեր, տաքսիների այցեքարտեր:

Գործընկերներիս բողոքի ակցիաների թռուցիկները ջերմ և հաճելի հիշողություններ են արթնացնում, դրանք իրենց մնայուն տեղն ունեն իմ աշխասեղանին: Ահա այստեղ գրված է՝ «Աննա Կեղեքովնա», «Աննա Ջարդողովնա», այստեղ՝ «Աննա հեռացի՛ր» և այլն:

Անկեղծ ասած, շատ կուզենայի ընդարձակ սեղան ունենալ, քանի որ դուք հիմա տեսնում եք այսբերգի միայն մի մասը: Հիմնականում ծանրաբեռնվածությունը ներքևում է՝ դարակներիս մեջ: Պատճառն այն է, որ իրերից դժվար եմ հրաժարվում, շատ նյութեր եմ պահել ու պահում, որոնք ինձ օգնում են մասնագիտական աշխատանքում: Մաքրություն անում եմ երեկոյան մինչև տուն գնալս, չեմ սիրում սեղանիս տեսնել ավելորդ իրեր:

Էդիկ Բաղդասարյան, Հետք

Իմ սեղանին անձնական իրեր չեք գտնի, միայն թղթեր են՝ տարբեր նյութեր, ծանուցումներ, նոթատետրեր: Սեղանս կարգի բերելու փորձ չեմ արել, քանի որ հեշտորեն ցանկացած նյութ կարողանում եմ գտնել:  Միայն ավարտված գործերն եմ մի կողմ դնում և պահպանում արխիվում:

Համակարգչում կարևոր տեղեկատվություն չեմ պահում: Թուղթն, իմ կարծիքով, տեղեկության պահպանման ամենավստահելի տարբերակն է: Չնայած լավ հիշողություն ունեմ և կարող եմ վերարտադրել մեկ ժամ տևողությամբ խոսակցությունը, բայց անուններ, ազգանուններ և այլ մանրամասներ միշտ նշում եմ:

Իմ անձնական իրերից այստեղ կարող եք տեսնել միայն Հայաստանի տարբեր տարածքներից բերված քարերի հավաքածուն: Մեքենայիս մեջ էլ կան քարեր: Սիրում եմ  բազմազան քարերին նայել:

Մաքրուհին գիտի, որ չի կարելի հավաքել կամ դասավորել իմ սեղանը, եթե դրա անհրաժեշտությունը լինում է, անձամբ եմ անում:

Դավիթ Ալավերդյան, Մեդիամաքս

Սուրճով լի բաժակը միշտ կողքիս է: Այստեղ կարևորը ոչ թե սուրճն է, այլ բաժակը, որն ունի հատուկ բանալի: Թալիսման արձանիկ էլ ունեմ, ընկերս է նվեր բերել Տանզանիայից, այն նման է Մեդիամաքսի լոգոյին և սիրելի իր է ինձ համար արդեն 12 տարի:

Իմ սեղանին առանձնահատուկ տեղ ունի քարը, որը բերել եմ Արարատի այն հատվածից, որտեղից սկսում է ձյան շերտը:

Կարևոր աշխատանքային գործիք է սարքը, որի միջոցով դիտում եմ տարբեր հեռուստաալիքներ, անհրաժեշտության դեպքում որոշ հատվածներ ձայնագրում և տրամադրում լրագրողներին նյութեր պատրաստելու համար: Իմ աշխատասեղանը հարմարվետ է, հարազատ և նորի կարիքը չունեմ:

 

Այստեղ օրվա թերթերն են, բազմաթիվ նոթատետրեր և գրիչներ: Շատ են տեղեկատվության պահպանման կրիչները՝ հիշողության սարքեր, սկավառակներ: Նաև իմ ուսանողների վարպետության խմբի մատյանը:

Սաթիկ Սեյրանյան, 168 Ժամ

Այստեղ վերջերս է վերանորոգվել, թղթերի հսկայական կույտերը դեռ հատակին են, տեղ չեն գտել սեղանին: Տան համակարգչով երկար աշխատել չեմ կարողանում, գործս արդյունավետ է դառնում միայն աշխատասենյակում:

Այստեղ մեծ արխիվ ունեմ,  «Առավոտում» աշխատելու տարիներից պահել եմ Վանո Սիրադեղյանի, Հրանտ Մաթևոսյանի, Խորեն Աբրահամյանի հարցազրույցների ձայնագրությունները: Ինձ համար կարևոր է ոչ միայն թեման, այլ հարցազրույցին նորից անդրադառնալու մոտեցումը:

Խնամքով եմ պահում նաև արդեն հրապարակված նյութերի հետ կապված փաստաթղթերը, քաղաքացիներից և քրեակատարողական հիմնարկներից ստացված երկար նամակները:

Սեղանիս կարևոր տեղ է հատկացված որդուս լուսանկարին: Պարտադիր իր է օրացույցը, որը հիշեցնում է ինձ կարևոր պայմանավորվածությունների մասին:

Հիմա սեղանիս շատ են շնորհավորական բացիկները, քանի որ մոտենում են տոները: Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են ստորագրում պաշտոնյաները: Կարծում եմ՝ հսկայական ծախսեր պետք չէ անել բացիկների համար և կարելի է նույն շնորհավորանքն ուղարկել էլեկտրոնային տարբերակով:

Գայանե Ասրյան
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *